Հայկական ավանդազրույցներն անչափ գրավիչ են և հետաքրքիր։ Դրանց միջոցով կարող ենք պատկերացում կազմել ժողովրդական հավատալիքների, բնավորության ազգային գծերի, կենցաղի ու սովորությունների մասինլ։
Այս անգամ Art365.am-ը առանձնացրել է հայկական ավանդազրույցներ բնակավայրերի տեղանունների ծագման մասին։
Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։
տես նաև՝
Արարատ և Արագած [ԼԵԳԵՆԴ լեռների մասին]
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:
Տես նաև՝
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ մասին ժողովրդական զրույցներ
Երևան
Ըստ ավանդության, երբ Նոյյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջբոլորը: Ջուրը ետ էր քաշվել, և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…»․ նա նկատի ուներ ցամաքը: Նահապետի այս բացականչությունն էլ ըստ ավանդույթի հետագայում դարձել է Նոյի հայացքի առջև ընկած վայրում ձևավորված քաղաքի անունը՝ Երևան։
Տես նաև՝
Ռետրոսպեկտիվ [լուսանկարներ հին ու կանաչ Երևանից]