Ա
Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին: Սրանց հայրը մի առ ժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենիքը, գնում է օտարություն: Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուhետև նրա անունով, կոչվում է Արաքս:
Բ
Այլազգի առևանգիչը փախցնում է հայ երիտասարդի սիրած աղջկան: Երիտասարդը գնում է նրան ազատելու: Երկար որոնումներից հետո, նա սիրածին գտնում է առևանգիչի գրկում: Տեղն ու տեղը սպանելով նրան, երիտասարդն ազատում է սիրածին: Վրա են հասնում բռնավորի ծառաները և սպանում են թե՛ տղային և թե՛ աղջկան: Տեսնելով, որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու և գտնում է տղայի ու հարսնացուի դիակները: Վշտահար ընկնում է դիակների վրա և ինքն էլ ավանդում հոգին:
Ասում են, թե Արաքս գետը գոյացել է սպանված երիտասարդի, նրա սիրածի և մոր թափած արյուն-արցունքներից, որոնք հազարավոր աղբյուրներ են դարձել և ցած իջել հայոց լեռներից:
Արաքս գետ
Երկարությունը 1072 կմ է, սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Միակ գետն է, որ հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքով։ Արաքս գետի աջ ափին է գտնվում Արարատ լեռը։
Արաքսի ձախակողմյան խոշոր վտակներն են՝ Ախուրյան, Սև ջուր, Հրազդան, Ազատ, Արփա, Հագարի, Որոտան։ Աջակողմյան խոշոր վտակներն են Մուրց, Մակու, Կոտուր, Կարսու գետերը։ Արաքս գետի ամենախոր ու ամենանեղ տեղամասը Օրդուբադ-Մեղրի հատվածն է։
Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել։ Դրանցից ամենանշանավորներն են Բասենի, Երվանդակերտի, Արտաշատի, Նախիջևանի և Ջուղայի կամուրջները։ Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական։
Արաքսի նկատմամբ մեր ժողովրդի սերը արտացոլվել է զրույցներում, ավանդություններում, գրական ստեղծագործություններում։ Արաքսը տարածված անձնանուն է հայոց մեջ։
Ավանդությունների աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ,
կազմ․ ՝ Ն․ Վիրաբյան, Երևան, Զանգակ, 2017: