Գանձասարի վանական համալիրը հայ ճարտարապետության նշանավոր հուշարձան է, պատմական մի վայր, որտեղ տարբեր դարերում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Սակայն, առաջին հերթին այն Արցախի ու համայն հայության նշանակալի հոգևոր կենտրոններից է, պաշտելի ու զորավոր սրբավայր։ Վանքի կենտրոնական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր մեծ խորհուրդն ու նշանակությունը կապված է նրա հիմնադրման ավանդության հետ։
Ըստ ավանդության Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են մի վայրում, ապա ճգնավորներին տեսիլով երևում է Սուրբ Հովհաննես Մկրտիչը և մատնացույց անում իր գլխի թաղման վայրը։
Ճգնավորները փորում և գտնում են Սրբի գլուխը և վերցնում իրենց հետ։ Ըստ երկրորդ տեսիլի, գլուխն հայտնվում է մի աղքատ մարդու մոտ։ Երրորդ տեսիլում ճգնավորներին երևում է Հովհաննես Մկրտիչն ու հայտնում իր կամքը:
Գտնված գլխի շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում։ Գլուխը գտած աղքատ մարդը մասունքն իր տուն է տանում, որտեղ էլ բազմաթիվ հիվանդներ են բժշկվում ընդամենը ջուր խմելով տանը դրված ջրամանից։ Շարունակության մեջ Հովհաննես Մկրտչի գլուխը հայտնվում է մի բրուտի մոտ, որը նույնպես սուրբ մասունքի օգնությամբ բժշկություններ է անում։
Ապա նա սուրբ մասունքը տեղադրում է իր պատրաստած կժի մեջ։ Բրուտի մահից հետո էլ Սրբի գլուխն անցնում է Արցախի իշխան Հասան-Ջալալ Դոլայի եղբորը։ Արցախի տերը մասունքը վերցնում է եղբորից և դնում Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմքում։ Այնուհետև եկեղեցու հիմքերում դնում են նաև այլ սրբերի մասունքներ։
Ըստ Կիրակոս Գանձակեցի պատմիչի, Գանձասարի վանքի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարությունը սկսել է 1216 թ․ և ավարտվել 1238-ին:
Ըստ նույն պատմիչի եկեղեցու օծումը տեղի է ունենում 1240 թ․՝ Վարդավառի տոնի օրը։ Այն մեծ իրադարձություն է դառնում, որին մասնակցում են Աղվանից կաթողիկոս
Ներսեսը, եպիսկոպոսներ տարբեր վանքերից, մեծ Վանական Վարդապետը և այլ հոգևորական ու աշխարհիկ գործիչներ։
Աղբյուրը՝ Գանձասարի վանքը, Երևան, 2009։