Նրա աչքերի կապույտը փիրուզ լճակից էր, ծամերի ոսկին` լուսնից, իսկ Խոսրովանուշ անունը` հին-հին նախնիներից:
Հազիվ էր բոլորել տասնութ տարին, երբ լճափնյա գյուղերից կանաչ կտրիճ տղաներ եկան ձեռքը խնդրելու: Բայց Խոսրովանուշը բոլորին միևնույն պատասխանն էր տալիս.
- Գնացե՛ ք, ձեր բախտը ուրիշ տեղ որոնեցեք:
Այդ գիտեր և Գեղամը` Տորք Անգեղի ուժով, պարթևահասակ մի ռամիկ որսկան, որ շատ անգամ էր իր ուժը չափել լեռ ու ձորի ամեհի գազանների հետ, գայլերի ոհմակ էր խեղդամահ արել, կորստից փրկել ոչխարը, հովազի հետ էր մենամարտի բռնվել ու ճեղքել երախը…
Խոսրովանուշի ականջին էլ հասել էր քաջ որսկանի համբավը: Ու երբ Գեղամը վստահ-համարձակ եկավ նրա ձեռքը խնդրելու, աղջիկը պատասխանեց.
- Գիտեմ, ուժեղ ես դու և քաջ. ուստի չեմ կոտրի քո սիրտը: Իղձդ ի կատար: Միայն մի պայման ունեմ, իրագործիր` քոնն եմ հուր-հավիտյան:
Գեղամը նայեց Խոսրովանուշի լազուր աչքերին, ուժ առավ հմայիչ հայացքից և
անվարան ասաց.
- Քո սրտի ուզածը նվիրական է ինձ համար, Խոսրովանուշ: Խոստանում եմ պայմանդ ի կատար ածել:
Լուռ էր աղջիկը. մտքում կշռադատում էր տղայի խոսքը: Հետո ձեռքը պարզեց հեռուն.
- Տեսնո՞ւմ ես,- ասաց,- դիմացի լերկ, քարքարոտ սարը պատուհաս է շինականի գլխին. հեղեղը քարավազ է բերում այդ սարից ու ծածկում շինականի արյուն-քրտինքով մշակած արտը, սովի մատնում աշխատավորին: Կանաչացրու այդ սարը, որ էլ քարե կարկուտ չթափի շինականի արտը, չկորչի արդար վաստակը, և թող կանաչ գոտի կապի մեր զուլալ լճակն իր մեջքին: Եվ սերս քոնը կլինի առհավետ:
Մտքերի մեջ ընկավ Գեղամը, խոժոռվեց մի պահ, թանձրացան հոնքերն արծվենի աչքերի վրա: Մտորեց երկար ու ապա հաստատակամ ասաց.
- Դժվար է քո ուզածը Խոսրովանո՛ւշ, բայց ես կկատարեմ քո սրտի ցանկությունը. միայն մեկ պայման էլ ես ունեմ. երդվի՛ր, որ կսպասես տասը տարի, տասը շաբաթ, տասը օր:
- Կսպասե՛մ,- վճռաբար հանձն առավ Խոսրովանուշը,- և երդվում եմ Անահիտի ու Աստղիկի անունով` չեմ դրժի խոստումս:
Գեղամը մեկ էլ սուզվեց Խոսրովանուշի կապույտ աչքերի մեջ, սիրտը թփրտաց, լցվեց սիրով, յոթ փղի ուժ զգաց կռներում… Եվ անխոս ճամփա ընկավ:
Մինչև արևը հանգստի իջավ և էլի բարձրացավ լեռան թիկունքից, Խոսրովանուշի պայմանը հայտնի եղավ մերձակա բոլոր գյուղերում:
- Խելացի պայման է,- ասացին իմաստուն ու արդարադատ ծերունիները,- թող սիրո ուժով կանաչի մեր ապառաժ սարը և բերք ու բարիք լինի մեր այս աշխարհում:
Իսկ անմուրազ ջահելները, խանդից վառվելով, քրտմնջում էին.
- Ապառաժ սարը չի կանաչի, ամայի քարուտը դալարուտ չի դառնա երբե՛ք:
Առավոտ վաղ, երբ դեռ չէին ծխացել հայրենի ծխաններն ու լեռնային լճակը չէր զարթնել կապույտ նինջից, Գեղամը ահագին-ծանր քթոցը մեջքին` նեղ կածանով քայլ էր փոխում լեռն ի վեր: Նրա ջլուտ մկանները պրկվել էին, վիզը` երկարել, կարմրատակել:
Դիք զառիվերը մագլցելով նա հասնում էր լեռան գագաթը և ամպածրար այդ բարձունքից շուռ էր տալիս իր քթոցը` սևաթանձր տիղմը թափելով քարոտ լեռնալանջին:
Տեսան այդ բանը լճափնյա գյուղից որսկանին հետևող ծերունիները, ուրախացան և գովեցին խիզախին: Իսկ թերահավատները քմծիծաղ տվին.
- Քթոցով տիղմ կրել ու ծածկել լեռը` նույնն է, թե գավաթով լիճը դատարկել, կամ հոր փորել գնդասեղի ծայրով. ա՛յ քեզ որսկանի խե՜լք:
Գեղամը անուշադիր այդ խոսքերին, լուսադեմից գիշերամուտ տիղմ էր կրում լեռն ի վեր ու թափում ժայռերի վրա և հոգնություն իսպառ չէր զգում:
Շատ օրեր ու ամիսներ անցան, տիղմը բռնեց ժայռերի արանքը և Գեղամը մի մատաղ կաղնի տնկեց տիղմի մեջ:
- Առաջին ծիծեռնակը,. կաղնին դիտելով գոհունակ ասացին գյուղացիները` օրհնելով քաջ որսկանին:
- Թող դալարի` որպես մեր սերը մշտադալար,- Խոսրովանուշին ինչպես երդում շշնջաց Գեղամը:
Գլորվեցին տարիները. ընձյուղներ արձակեց կաղնին խոր ժայռերի արանքում ու բարձունքում բոցկլտաց մի կանաչ խարույկ:
Տեսավ Խոսրովանուշը, սիրտը սիրով լցվեց ափեափ ու պոռթկաց աշխարհին:
Էլի անցան տարիներ: Ամեն առավոտ լուսո, քթոցը մեջքին, քարայծի արահետներով ամպամերձ բարձունքն էր հասնում Գեղամն ու Էլի այնտեղից վար թափում տիղմը` ծածկում քարքարուտը:
Մի օր էլ, երբ ահեղ մրրիկներ էին շառաչում վերևը ու խավարել էր երկինքը, Գեղամը լեռան գագաթից իջնելիս սայթաքեց լեռնալանջին ու, հենց այն է, գահավիժում էր մթամած անդունդը, երբ դեմ առավ իր տնկած կաղնուն ու փրկվեց կործանումից:
Անցավ տասը տարի: Նորից բացվեց հայոց աշխարհի գարունը: Այս անգամ Գեղամը քթոցով սերմ փոխադրեց լեռան գագաթը և, ինչպես արևի ճառագայթ, շաղ տվեց լանջն ի վար:
Թռչունները տեսան նրա տքնությունը և օգնության եկան. կտուց-կտուց սերմ վերցնելով իրենք էլ շաղ տվին ամեն կողմ` անդնդակախ բարձունքները…
Եվ անցավ տաս օր ևս. ավարտի էր հասնում տասը ժամը:
Ամառնամուտի խաղաղ առավոտ էր: Խոսրովանուշն իր օթևանի շեմից աչք ածեց լեռը, չկար այլևս գորշ ու աղետաբեր քարքարուտը: Կանաչ թավիշ էր փռվել լեռան լանջերին, զովասուն ստվեր էր գցել Գեղամի դալար կաղնին ու լեռնային լիճն էլ հիմա ավելի գեղեցիկ էր, քան առաջ:
Իրիկունն ամպերը ծածկեցին լեռնաշխարհը, լիճն ալեկոծվեց ու փրփրաբաշ արշավեց ափերի վրա: Լճի մեջ բարձրացող կղզին, որտեղ հեթանոսական բագիններն էին ծխում, անհետացավ մառախուղի մեջ: Փոթորիկ պայթեց, հորդ անձրև եկավ: Բայց անձրևը այլևս քարավազ չբերեց շինականի արտը, այլ իբրև երկնառաք շնորհ սփռվեց լճամերձ ցանքերի վրա…
Խոսրովանուշի սիրտը լցվեց խանդաղատանքով:
Հրճվեց շինականն էլ ու զոհ մատուցեց Վանատուրին, որ տարին բերքառատ լինի:
Երկինքը պարզվեց էլի: Մայրամուտ թեքվող արևը կանաչ բոցով վառեց լեռնաշխարհը: Ու Գեղամը Խոսրովանուշի մոտ գնաց:
Գեղեցկուհու սիրտը տրոփեց առավել սիրուց. աչքերը փայլ արձակեցին: Նա իր գիրկն ընդունեց քաջակորով երիտասարդին ու ժպտա՜ց, ժպտա՜ց երջանիկ արցունքների միջից.
- Քոնն եմ ես հիմա և հուր-հավիտյան, Գեղա՛մ. և թող մի՛շտ դալար լինի մեր սերը, ինչպես այն լեռը, որ դալարեց քո աշխատանքով…
Այդ օրվանից շինականները դալարած սարն անվանեցին Գեղամա լեռ. սարերի մեջ կապտած մենավոր լիճը` Գեղամա ծով:
Իսկ լճափին, կղզու դիմաց, քարակոփ քաղաք կառուցեցին ու մեծագործ Գեղամի անունով այդ քաղաքն էլ կոչեցին Գեղարքունի:
Աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն/կազմ. Ն.Վիրաբյան/