Ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ Զորավար Անդրանիկն իր խիզախության, անպարտելիության ու հաղթանակների շնորհիվ դեռևս կենդանության օրոք դարձել է լեգենդ: Նրա մասին ժողովուրդը տարբեր ավանդություններ ու զրույցներ է պատմել, հյուսել երգեր: Այդպիսի մի ավանդություն էլ պատմվում է Անդրանիկի հրաշալի մկրտության մասին:
Պատմում են, որ երբ նորածին Անդրանիկին քահանան ուզում էր կնքել, հանկարծ դրսում լսվում է ձիու պայտերի ձայն: Ներս է գալիս մի մարդ, խլում է մանկանը քահանայի ձեռքից, թաթախում սուրբ ջրի մեջ, հետո նորից տալիս քահանային և ինքն անհետանում: Մարդիկ նկատում են, որ երեխայի մեջքին մի խաչ է դաջվել և գլխի են ընկնում, որ դա սուրբ Գևորգն էր: Ասում են նաև, որ երբ հետո Անդրանիկը կռիվ էր գնում, գնդակները չէին դիպչում նրան: Ամեն անգամ կռվից վերադառնալիս նա թափ էր տալիս շորերը և գնդակները թափվում էին գետնին: Սուրբ Գևորգի խաչը պահում էր նրան:
Այս ավանդությունը հետաքրիքիր է նրանով, որ Անդրանիկի ծնունդն ու մկրտությունը ուղեկցվում են հրաշքներով, ինչպես սովորաբար լինում է էպոսի ու առասպելների հերոսների հետ: Մարմնի վրա դաջված պահապան խաչը հիշեցնում է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսների թևին կամ մեջքին դաջված «Խաչ Պատերազմի» կամ «Խաչ Պատարագի» պահպանիչ խաչը: Այդ թռչող խաչը պաշտպանում է Սասունցի Դավթին, մինչ այն պահը, երբ Դավիթը սխալմամբ սուտ երդվում է խաչի վրա և կորցնում պաշտպանությունը: Ըստ որոշ պատումների, խաչը սևանում է, սկսում այրել Դավթին: Հովանալու ամար Դավիթը ջուրն է մտնում, որտեղ էլ սպանվում է:
Աղբյուրը՝ Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969:
Նկ.՝ Փ.Թերլեմեզյան, Զորավար Անդրանիկի դիմանկարը, 1927, աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am