Մարդը բոլոր ժամանակներում ցանկացել է շրջանցել բնության օրենքներն ու տարբեր միջոցներով՝ կախարդություն, բժշկություն, համապատասխան սննդակարգ ու վարք, երկարաձգել կյանքի տևողությունը, կանխել ծերությունն ու հասնել անմահության: Ըստ այդմ էլ` հնագույն ծեսերում ու առասպելներում, հեքիաթներում ու էպոսում, կրոններում պահպանվել են երկարակեցության մասին տարբեր պատկերացումներ, դիպաշարեր ու դեղատոմսեր:
Գիլգամեշի ողբերգությունը
Ամենահայտնի սյուժեն՝ հնագույն էպոս համարվող շումեր-աքադական «Գիլգամեշի» համանուն հերոսի պատմությունն է: Գիլգամեշը Եփրատի հատակից մեծ դժվարությամբ գտնում է երիտասարդացնող ծաղիկ-բույսը, սակայն անուշադիր է գտնվում, և օձը հափշտակում է այն: Գիլգամեշը և մարդկությունը զրկվում է կյանքը երկարացնող կախարդական դեղամիջոցից, որպեսզի հետո անընդհատ փնտրի այդ ծաղիկը:
«Ուտնապիշտիմ ըսավ Գիլգամեշին.
— Դուն, ո՜վ Գիլգամեշ, չարչարվեցար, մաքառեցիր, ճիգ թափեցիր այստեղ եկար, ի՞նչ կրնամ տալ քեզի որ հետդ տանիս։ Գիլգամեշ, կուզեմ քեզի գաղտնիք մը տալ։ Այո, անծանոթ, կենարար բույսի մը տեղը պիտի ըսեմ քեզի, բույսի մը տեղ, որուն արմատները եւ ճյուղերը փշատի կը նմանին եւ վարդենիի նման կը խայթեն ձեռքդ։
Եթե կրնաս այս հրաշագործ բույսին տիրանալ, որ Եփրատի ջուրերուն մեջ կաճի, մշտնջենապես երիտասարդ կը մնաս։
Գիլգամեշ այս խոսքերը լսելով, ոտքերուն ծանր քարեր կապեց, ջուրին խորը սուզվեցավ, քաշեց, արմատով հանեց հրաշագործ բույսը, որ ձեռքը խայթեց։ Երբ քարերը ոտքերեն արձակեց, ալիքները զինքը նորեն գետափ նետեցին։
Գիլգամեշ ըսավ նավավարին՝ Ուրշանաբիին.
— Ուրշանաբի, այս կախարդական բույս մըն է, որ մարդուս կյանք եւ շունչ կուտա։ Կուզեմ զայն Ուրուկ տանել ու ծերերին տալ, որ ուտեն։ Այդ բույսին անունը «ծերը երիտասարդացնող» է։ Ես ալ կուզեմ այդ պտուղեն ուտել հավետ երիտասարդ մնալու համար։
Ողջ առողջ ծովը ճեղքեցին, գնացին եւ քսան երկժամ երթալե ետք քիչ մը հաց կերան։ Երեսուն երկժամ ճամփորդելե ետքը հանգչեցան ու քնեցան։
Գիլգամեշ զով ջուրով լեցուն ավազան մը տեսավ, մեջը նետվեցավ լոգանքի համար։ Օձ մը այդ դյութական բույսին հոտը առնելով, գաղտագողի սողաց, ջուրեն դուրս ելավ եւ այդ կենարար բույսը գողցավ, կերավ ու վերադարձին շապիկը փոխելով երիտասարդացավ»։
Աստվածաշնչյան երկարակյացներ
Աստվածաշնչում երկարակյաց շատ հերոսներ կան: Նրանց Աստված երկար կյանք է պարգևում առավելապես իրենց արդարության ու աստվածահաճո վարքի համար, երբեմն էլ՝ որոշակի առաքելության իրականացման նպատակով: Այսպես, ամենից երկար ապրած մարդը, որի տարիքը հիշատակվում է Սուրբ Գրքում՝ Ենոքի որդի Մաթուսաղան է, որի սերունդներից է Նոյը: Նա ապրել է 969 տարի.
«Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային: 22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: 24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
25 Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին: 26 Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 27 Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի»:
Ծն.5.21-27
Աստվածաշնչային հայտնի երկարակյացներ են՝ Նոյ Նահապետը, որն ապրել է 950 տարի, առաջին կինը՝ Եվան՝ 940 տարի, Ադամը՝ 930: Արդեն Նոր կտակարանում Աստված Սիմոն Ծերունուն մահ չի տալիս մինչև մանուկ Հիսուս Քրիստոսին դիմավորելը: Այս դրվագի հետ է կապված «Տյառնընդառաջի» տոնի հոգևոր խորհուրդն ու «Սիմոն ծերունի դառնաս»՝ երկարակեցության ժողովրդական մաղթանքը: Այստեղ երկար ապրելու գաղտնիքը հերոսի առաքելությունն է ու սպասումը Փրկչին:
Երկարակյաց Մամիկոնյան իշխանները
Հայ էպիկական տարբեր ստեղծագործություններում հանդիպում ենք երկարակյաց հերոսների: 7-րդ դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմություն» երկում առասպելական երկարակեցության օրինակներ կան. Հայաստանի մարզպան Մուշեղ Մամիկոնյանը խոստովանում է, որ 120 տարի պատերազմում է, երբ իշխանությունը փոխանցում է իր ազգական Վահան Մամիկոնյանին,որն էլ մեղմ ասած երիտասարդ չէ՝ 88 տարեկան.
«-Որդյալ իմ Վահան, -ասաց նրան, -դու լավ գիտես, թե որքան և որպես եմ ապրել, քանզի շուրջ հարյուր և քսան տարի է պատերազմներ եմ մղում: Քրտինքի փոխարեն ճակատիս արյունն եմ սրբել նետերով: Ութսուներեք ճակատամարտ անձամբ ինքս եմ վարել, այժմ ծեր եմ և դողդոջուն: Իմ օգնականն այժմ Աստված է և դու և ուրիշ ոչ ոք, քանզի իմ միակ որդին մեռավ տասներկու տարեկան հասակում: Արդ, այս բանս մտքումդ լավ պահիր, որդյակ զի եթե հանուն Քրիստոսի սուրբ եկեղեցու նահատակվես, կմարտիրոսանաս անմահությամբ, իսկ եթե նյութեղեն ինչքի համար կռվի դաշտ իջնես...դու քաջության անուն կվաստակես: Եվ քանզի ես ուրիշ ժառանգ չունեմ, ուստի իմ երկիրն ամբողջ քեզ և քո ժառանգներին եմ թողնում: Ահա, գնա ուրեմն և աշխատիր իմաստությամբ ձեռքդ գցես թշնամուդ. սուրբ Կարապետը թող քեզ զորավիգ ու սատար լինի և սուրբ կրոնավորների աղոթքները քեզ օգնական լինեն աջից ու ձախից»
Ըստ «Տարոնի պատերազմ» ավանդավեպի և ընդհանրապես միջնադարյան մտածողության, այս հերոսներին երկար օրեր է պարգևում հավատը, պաշտելի սուրբը՝ Սուրբ Կարապետը, ինչպես նաև նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությանը.
«— Փա՛ռք քեզ, Քրիստոս, փառք, փա՜ռք քեզ սուրբ Կարապետ, որ զորավիգ եղար կործանելու թշնամուս։ Եվ մինչդեռ նա խոսում էր այդպես, ինը հոգի թշնամիներից շրջապատել էին Վահանին՝ նրա հորը, և ինչպես անտառի կաղնուն, անխնա տապարահարում էին։ Այնժամ Վահանը սկսեց թուլանալ և ձայնը բարձրացնելով որդուն կանչել.
— Ո՞ւր ես, որդյակ իմ՝ Սմբատ, հասիր օգնության. քանզի նա այդ ժամանակ ութսուն և ութ տարեկան էր։ Բայց այդ միջոցին Սմբատը քաջաբար առաջ նետվելով գոչեց.— Զորավիգ լե՛ր մեզ, ով սուրբ Կարապետ։ Եվ այն կողմից, ինչպես արծիվ սրաթռիչք, դեպի նա սուրաց, մի հարվածով կտրեց Ասուրի որդու գլուխը թիկնախառն ու գետին տապալեց, մյուսներին էլ այս ու այն կողմ ցրիվ տալով իր հորը փրկեց։ Այնժամ զորացավ Վահանը, ոգևորված առաջ արշավեց. և որովհետև տերը նրանց ձեռքը մատնեց պարսկական զորքին, մինչև արևամուտ կոտորած արին ու մյուսներին էլ հալածական դարձրին»:
Երկարակյաց Մարգարը
Հայ ժողովրդական ավանդություններում շատ կան հիշատակություններ երտասարդացնող բույսերի ու ծաղիկների, աղբյուրների մասին: Հեքիաթներում ծերերը երիտասարդանում են կրկին տարբեր դեղամիջոցների ու կախարդանքի շնորհիվ: Տարածված է Լոխման անունով բժշկի կերպարը, որն իր հմտության, հմայության ու գիտելիքների շնորհիվ բուժում ու երկար կյանք է պարգևում մարդկանց: Բայց երկար ապրող մարդկանց մասին ամենից զարմանալի վկայությունը հաղորդում է Գարեգին Սրվանձտյանցն իր «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ ու Մհերի դուռ» գրքում.
«Յատուկ աղբիւրներ կան տեղտեղ, որոց ական շուրջը բազմակերպ ծաղկունք, զանազան խոտ ու բանջար կան։ Ծերացած օձերը կուգան հոն, իրենց շապիկը կը փոխեն եւ ծաղիկներէն մէկը, զոր միայն օձեր կը ճանչնան, կը փրցընեն կ՚ուտեն. եւ անմիջապէս աղբիւրի ջուրը մտնելով՝ կը լուացուին եւ երեք անգամ կը խմեն, կ՚ելլեն՝ նորոգուելով իրենց կեանքը։ Եթէ ուշադիր լինին հովիւները կամ ցանկացողները ու պատահին օձի այս արարուածին, նկատեն ու ճանաչեն այդ ծաղիկը, թէ ո՞րն էր, ու իրենք ալ ուտեն եւ նոյն աղբիւրի ջրէն երեք անգամ խմեն, կ՚անմահանան այդ մարդիկը։
Մշոյ լեռան կամ Սեմ սարի ստորոտը կը գտնուի Մառնիկ գեղ։ Այս գեղի բնակիչներէն հայ մը՝ Մարգար անուն, ասկէց հինգ տարի յառաջ մեռաւ։ Սա իւր կենդանութեան կը պատմէր, թէ 250 տարեկան էր ինքն։ Մենք տեսանք զինքն 1866-ին. իւր ջիղերը պինդ, երկու անգամ նորոգուած էին ակռաները, եւ դեռ այն տարիքին մէջ կը տեսնար քաջ, կը լսէր, կը խօսէր, կ՚ուտէր, կ՚ընթանար երիտասարդի մը պէս եւ ամէն առաւօտ լեռան մացառներէն չոր փայտ կը ջարդէր, կը շալկէր բերէր Մուշ, կը վաճառէր ձիւն օրերը։ Իւր անդրանիկ որդին 80 տարեկան էր եւ ալեօք ծաղկեալ, այն ինչ Մարգարը իւր մօրուքի մէջ շատ քիչ ճերմակ ունէր։
Սա կը պատմէր, թէ. «150 տարու եղածս ժամանակ աշխարհի մեղաց մէջ ինկայ. այսինքն՝ կին առի։ Թէ՝ Ծովասարու մէկ աղբիւրի մէջ տեսայ մէկ օր, որ ցաւագար ու վիրաւոր օձ մի եկաւ լողցաւ եւ երեք թուփ ունեցող ծաղկէ մը կտրեց կերաւ, նորոգուեցաւ գնաց։ Դիտեցի, ես ալ նոյն ծաղկէն կտրեցի կերայ, նոյն ջուրը խմեցի եւ լողգցայ, աչքերս լուսաւորան. ուրիշ կերպ դարձայ։ Հովիւ էի ու ոչխարներս թողի, կթելու ժամանակն եկեր, ես ոչխարները չեմ տարեր բէր։ Ոչխարները ցրուեր են. գեղի աղջիկները ելեր են, եկեր են լեռը, ոչխարները ժողվեր են, կթեր են ու զիս չեն գտեր։ Դարձեր գացեր են, ուրիշ հովիւ մը դրեր են ոչխարի առջեւ, ու քանի մը մարդ առեր են հաց ու զատ, ինկեր սար զիս կը փնտրեն։ Ես ո՞ւր եմ։ Իմ վրէն անցեր է քանի մը օր, քանի մը գիշեր. ո՛չ մութ եմ տեսեր, ո՛չ անօթութիւն եմ իմացեր։ Ես, որ էն ջուրը խմեցի ու էն ծաղիկը բերանս դրի, տեսայ,
որ բացուաւ իմ առջեւ մարմար կամարաշէն, լուսաւոր պալատ մը։ Աշխարհից ու մարդոց խելքից դուրս էր անոր շէնքն ու միջի փառքն ու բարիքն. անմահութեան տուն ու տեղ էր։ Բերնով չպատմուիր ինչ որ ես տեսայ։- Ասոնք պատմած ժամանակ ի խորոց կը հառաչէր։- Մէկ էլ ի՞նչ տեսնեմ. իմ գեղի դուր դրկից կը բօռան, կը կանչեն զիս։ Ձայն ինկաւ ականջս, դուրս ելայ, բայց շատ զղջացի։ Նեղացայ, թէ ինչո՞ւ կանչեցին զիս։ Հարցուցին, պատմեցի իրենց արածներս ու տեսածներս։ Շատ աղաչեցի, որ էդ ծաղիկը, էդ աղբիւրը ու էդ պալատի դուռը ցոյց տամ իրենց. հնար չեղաւ նորէն տեսնայի։ Այսպէս զրկուեցայ Աստուծոյ տուած շնորհքից։ Շատ լացի ու մէկ էլ գեղը չիջայ սարէն։ Իմ հաց ու զատ կը բերէին, ու ես իմ ոչխարներով կը մնայի սարը։ Շատ
աղջիկներ քսուան յիս, շատ մարդ զօրեցին, թէ աշխարհ մտի, չմտայ։ 150 տարեկան էի։ Օր մը յաղթուայ մեղքից, խօսք տուի, աղջկան մը հետ պսակուանք ու ինկանք մեղաց մէջ, մեղաց զաւակ ունեցանք։ Բայց, փա՜ռք Աստուծոյ, մինչեւ այսօր իմ գլուխը բարձի վրայ չդրուեր ու իմ բերան վա՜յ չկանչեր, - այսինքն հիւանդութիւն չէ տեսեր, - իմ օրերը սարերու վրայ ու իմ գործը հովուութիւն է եղեր». եւ այլն եւ այլն»։
Գարեգին Սրվանձյանցը նշում է, որ եթե նույնիսկ Մարգարը 250 տարեկան չի եղել, ապա 150 տարեկան հաստատ կլիներ, իրենց հանդիպման ժամանակ, քանի որ հիշում ու պատմում էր անցյալի իրադարձությունների ու մարդկանց մասին:Այս կիսառասպելական պատմության մեջ, թեև հերոսի երկարակեցությունը հրաշագործ ծաղկի հետ է կապվում, սակայն շեշտվում են նաև առանց մեղքերի ապրելու, սիրած աշխատանքով զբաղվելու, հայրենի հող ու ջրից ուժ ստանալու գաղափարները:
Երկար կյանքը` պատիժ
Երկարակեցությունը գրականության ու բանահյուսության մեջ, ոչ միայն աստվածային պարգև, այլ նաև պատիժ է ընկալվում: Երկարակյաց մարդը, ըստ էության, կորցնում է իր բոլոր հարազատներին ու մտերիմներին, իր ժամանակը և մնում մենակ: Հայ բանահյուսության ամենաերկարակյաց հերոսը՝ «Սասնա ծռեր» էպոսի չորրորդ ճյուղի հերոս Փոքր Մհերն է: Նա հոր՝ Դավթի անեծքով փակված է քարայրում անհիշելի ժամանակներից մինչ մեր օրերը և սպասում է իր վերադարձին: Էպոսում երկարակյաց մեկ այլ հերոս էլ կա՝ Քեռի Թորոսը, որն ապրում է բոլոր սերունդների հետ, օգնում Ծռերին:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Աստվածաշունչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,1994:
Գիլգամեշ/թարգմ.Ն.Մարտիրոսյան/, 1963:
Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, 1989:
Գարեգին Սրվանձտյանց, Գրոց ու բրոց, Սասունցի Դավիթ և Մհերի դուռ, 1874:
Սասնա ծռեր, հատոր Ա, 1936: