ՇԱՔԱՐԱՋՈՒՐ
Սկիզբ է առնում Գորիսի հանդերի աղբյուրներից
և թափվում Վարարակ գետը
Մի հովիվ ունենում է Շուշան անունով մի աղջիկ, որի նմանը չկար աշխարհում: Նա որ ծիծաղում էր` սարերում շուշաններ էին բացվում, որ լաց էր լինում` արտասուքները աղբյուրներ էին դառնում: Ասում են, թե այս առուն Շուշանի արտասուքներից է գոյացել: Ջրի քաղցրության համար առուն կոչվել է Շաքարաջուր:
ՔԱՀԱՆԱՅԻ ԱՌՈՒ
Գտնվում է Զանգեզուրում
Տաթևի վանքը կառուցում է մի անվանի վարպետ: Մի կրոնավոր էլ որոշում է վանքի համար ջուր բերել: Նրանք գրազ են գալիս, թե ով ավելի շուտ կավարտի: Առուն փորելիս վարդապետը հանդիպում է մի հսկայական քարի, որն անհնար է լինում տեղից շարժել: Աղոթում է և քարը կտոր-կտոր է լինում: Տղան զարմանում է հոր չար աչքի վրա, և կրոնավորի մի աչքը կուրանում է: Շարունակում են աշխատանքը, բայց այս անգամ էլ կանգ են առնում մի մեծ վիհի առաջ: Ինչ անել: Իսկ վարպետն արդեն հասնում է աշխատանքի ավարտին: Կրոնավորը որոշում է խաբել նրան: Վիհի հակառակ կողմից կախ է տալիս մի մեծ սպիտակ սավան, որը քամու տակ ծածանվում է ալիքաձև և հեռվից թափվող ջրի պատրանք է ստեղծում: Վարդապետը դնում է գմբեթի վերջին քարը. վեր նայելով հանկարծ նկատում է հեռվում երևացող սպիտակ ալիքները և կարծում է, թե գրազը տանուլ է տվել: Իրեն ցած է նետում գմբեթից և ջարդ ու փշուր լինում: Վարդապետին թաղում են վանքի մոտ: Մինչև այսօր էլ ցույց են տալիս նրա գերեզմանը: Խաբեբա կրոնավորի անունով վանքի առուն կոչվում է Քահանայի առու:
ԱՐԱՔՍ
Ա
Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին: Սրանց հայրը մի առ ժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենիքը, գնում է օտարություն: Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուտետև նրա անունով, կոչվում է Արաքս:
Բ
Այլազգի առևանգիչը փախցնում է հայ երիտասարդի սիրած աղջկան: Երիտասարդը գնում է նրան ազատելու: Երկար որոնումներից հետո, նա սիրածին գտնում է առևանգիչի գրկում: Տեղն ու տեղը սպանելով նրան, երիտասարդն ազատում է սիրածին: Վրա են հասնում բռնավորի ծառաները և սպանում են թե՛ տղային և թե՛ աղջկան: Տեսնելով, որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու և գտնում է տղայի ու հարսնացուի դիակները: Վշտահար ընկնում է դիակների վրա և ինքն էլ ավանդում հոգին:
Ասում են, թե Արաքս գետը գոյացել է սպանված երիտասարդի, նրա սիրածի և մոր թափած արյուն-արցունքներից, որոնք հազարավոր աղբյուրներ են դարձել և ցած իջել հայոց լեռներից:
ԵՓՐԱՏ ԳԵՏ
Եփրատը մի ոգի է կնոջ կերպարանքով` ծածկված քուրծերով և ունի խռիվ մազեր: Ամեն տարի նա բազմաթիվ մարդկանց է կուլ տալիս: Երբ գալիս է Վարդավառը, ոգի-ջրահարսը նայելով դիմացի ժայռին, ասում է. Վարդևորն եկավ, մեկը չեկավ…
ԵՓՐԱՏ ԵՎ ԱՐԱԾԱՆԻ
Տարին մի քանի անգամ հրեղեն սյան նման երկնքից լույս է իջնում այս գետերի այն մասում, ուր բնակվում են ջրի փիրերը (ոգի): Լույսը տեսնող հավատավորը կարող է բժշկել ամենածանր հիվանդին, եթե նրա դեմքին ու կրծքին սրսկի իր ձեռքով Եփրատից կամ Արածանիից կավե կուժով բերված ջուրը:
ՄԵԾԱՄՈՐԻ ԼԻՃ
Գտնվում է Արագած լեռան հարավում
Ա
Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ: Մինչև նա մոտենում է լճին` տեսնում է, որ գավազանն անհայտացել է: Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է Մեծամորի լճում: Շալակում է մի ջվալ դարման, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ: Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում:
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
Ա
Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել` անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն `մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ. երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով` «Քար դառնա` ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը):
Բ
Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո, տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
Ավանդությունների աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ,
կազմ․ ՝ Ն․ Վիրաբյան, Երևան, Զանգակ, 2017: