Ինչպես Հայկական լեռնաշխարհի շատ սարերի, բլուրների, գետերի, լճերի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան մասին ժողովուրդը հյուսել է ավանդություններ ու զրույցներ։ Ընդ որում, այդ ավանդությունները մեծ մասամբ կապված են այս լեռան երկրորդ անվան՝ Շամիրամի հետ։ Ասորեստանյան այս կիսաառասպելական ռազմատենչ թագուհու գործունեության հետ կապված Հայկական լեռնաշխարհում բազմաթիվ վայրեր կան։ Հատիս լեռը, կամ Շամիրամի բլուրն ըստ ավանդության այն վայրն է, որտեղ հանդիպել են հայկական զորքերը՝ Արա Գեղեցիկի ու ասորական զորքերը Շամիրամի հրամանատարությամբ։ Ընդ որում, Արայի բանակատեղին նրա անունով կոչվել է Արայի սար, իսկ այս լեռան դիմաց գտնվող բլուրը՝ Շամիրամի․
«Լեառն Շամիրամայ․ ոչ այնքան լեառն, որքան մեծ բլրակ, և է ի Կոտայս գաւառի յարևմըտեան ստորոտի լերինն Գեղամայ․ հայս անուն անուանեցաւ ըստ հին աւանդութեանն․ քանզի ի գալ տիկնոջն Շամիրամայ պատերազմաւ ի վերա գեղեցկին Արայի հայկազնոյ՝ յստորոտի այսր բլրակի բանակեցաւ նա զօրօքն Ասորւոց և երևի ստոյգ աւանդութիւն զի մերձ յայս բլրակ ի դաշտի անդ Կոտայից գտանին գիւղօրայքն՝ տեղի անկմանն Արայի, Արզնին և Արամուս՝ այն է, արամօնս, և ըստ ոմանց արախոյզ» - վկայում է Հովհաննես Շահխաթունեանցը «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» գրքի Բ հատորում։
Արայի ու Շամիրամի զրույցի հետ է կապված նաև Արայի լեռան արևելյան լանջին գտնվող Արզնի գյուղ անունը, որտեղ Շամիրամի զինվորները թագուհու հրամանով զննել են սպանվածների դիակները՝ հայ հերոսի դիակը գտնելու համար: Այս ավանդությունը մեջբերում է Արամ Ղանալանյանն իր «Ավանդապատում» գրքում․
«Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև: Արան ընկնում է պատերազմի դաշտում: Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը: Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «ա՛ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի»:
Այլ ստուգաբանությամբ՝ Հատիս լեռան անունը կապվում է հին հունական հերոս Ատտիսի հետ։ Այս պատանին, ինչպես և մեր Արան, գեղեցիկ երիտասարդ էր, խորհրդանշում էր մեռնող ու հարություն առնող բնությունը։ Նա նույնպես մահանում է ռազմատենչ աստվածուհու, այս դեպքում Կիբելայի սիրո ու ոտնձգությունների հետևանքով։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան