«Հով արեք» սիրելի ու հանրահայտ երգով է բացվում Կոմիտասի ու Մանուկ Աբեղյանի կազմած «Հազար ու մի խաղ.առաջին յիսնեակ» ժողովածուն, որն հրատարակվում է 1903 թվականին: Գրքի ծանոթագրության մեջ Կոմիտասն ու Մ. Աբեղյանը նշում են, որ ձեռքի տակ ունեն ժողովրդական երգերի 25 000 քառատող: Դրանք համեմատել են, անհրաժեշտության դեպքում խմբագրել, ընտրել 100 երգ, որոնք էլ հրատարակության են պատրաստել: Այս երգը կազմվել է մի քանի երգից, քանի որ ժողովուրդը երբ երգում էր, սովորաբար մեկ քառատող էր երգում, կամ միացնում իրարից անկախ երգվող, բայց բովանդակությամբ մոտ քառատողերը՝ կազմելով ավելի մեծ երգեր:
Հով արեք
Հո՛վ արեք, սարե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք:–
Սարերը հով չե՛ն անում,
Իմ դարդին դարման անում:
Ամպե՜ր, ամպե՜ր, մի քիչ զո՛վ արեք,
Վարար անձրև թափեք, ծո՛վ արեք.
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:
Հո՛վ արեք, ամպե՜ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարման արեք:–
Ամպերը հով չե՛ն անում,
Իմ դարդին դարման անում:
Սարե՜ր, ձորե՜ր, դաշտե՜ր ու ջըրե՜ր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրնե՜ր,
Մի վե՛ր կացեք, իմացե՛ք,
Տեսե՛ք իմ սըրտի ցավ:
Աղբյուրը՝ Հազար ու մի խաղ. Ժողովրդական երգարան, առաջին յիսնեակ/Խմբ. Կոմիտաս վարդապետ և Մ. Աբեղյան/, Վաղարշապատ, 1903:
Նկ. Հ.Սիրավյան, Կոմիտաս, աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am