Լաո Ցզին ապրում էր քարայրի մեջ՝ լեռներում: Նրա տարօրինակությունների մասին լեգենդներ էին պտտվում: Կոնֆուցիոսը որոշում է այցելել նրան: Իսկ երբ դուրս է գալիս Լաո Ցզիի մոտից, դողում էր ողջ մարմնով: Կոնֆուցիոսին հարցրեցին.
– Ի՞նչ է պատահել:
– Ես գիտեմ, որ թռչունը թռչում է, գազանը վազում է, ձուկը՝ լողում: Վազողին կարող է բռնել թակարդը, լողացողին՝ ցանցը, թռչողին՝ նետը: Իսկ ինչ վերաբերում է վիշապին, ես դեռ չգիտեմ՝ ինչը կարող է նրան հաղթել: Լաո Ցզին մարդ չէ, նա վիշա՛պ է:
Անգամ Լաո Ցզիի աշակերտներն են զարմանում, քանի որ Կոնֆուցիոսը ավելի մեծ էր, նրան հարգում էր ողջ ժողովուրդը, նրան հագում էին արքունիքում: Ու այն, թե ինչպես է վարվել Լաո Ցզին Կոնֆուցիոսի հետ, վիրավորական էր: Բայց ոչ Լաո Ցզիի տեսանկյունից: Նա հասարակ մարդ էր, մեծամիտ չէր, մաքուր ու ազնիվ: Ու եթե դա՝ նրա մաքրությունը, հասարակ լինելը, խոցում էր Կոնֆուցիոսին, գուցե արդեն իսկ նշանակում էր, որ Լաոն հաղթե՞լ է նրան:
Լաո Ցզին մաքուր հայելի էր, որի մեջ արտահայտվում էր ամեն անկատար բան:
Աշակերտները հարցրեցին նրան.
– Ի՞նչ եք արել, ուսուցի՛չ:
– Ոչինչ էլ չեմ, արել: Արտացոլել եմ, – պատասխանեց նա:
Երբ Կոնֆուցիոսը նայեց Լաո Ցզիի աչքերի մեջ, հասկացավ, որ այդ մարդուն խաբելն անհնար է: Նա փորձեց խոսակցություն սկսել «բարձր մարդու» մասին, բայց Լաո Ցզին ծիծաղեց և ասաց.
– Ես երբեք չեմ տեսել ինչ-որ բարձր կամ ցածր բան: Մարդը մարդ է, ճիշտ այնպես, ինչպես ծառը ծառ է: Բոլորն էլ մասնակցում են նույն և միևնույն Գոյությանը: Չկա ոչինչ, որ մյուսից բարձր է կամ ցածր: Դա անհեթեթություն է:
Այդ ժամանակ Կոնֆուցիոսը հարցրեց՝ ի՞նչ է լինում մարդու հետ մահվանից հետո.
– Դու ապրում ես, այնպես չէ՞, բայց արդյո՞ք կարող ես ասել՝ ինչ է կյանքը:
Կոնֆուցիոսը շփոթվեց, իսկ Լաո Ցզին շարունակեց.
– Դու անգամ ա՛յս կյանքը չգիտես, որն ապրում ես… Ու փոխարեն այն փորձես ճանաչել ու հասկանալ, անհանգստանում ես այն մյուս կյանքի մասին, որը սահմանից այն կողմ է…