Էպոսների, առասպելների, ֆենթզի վեպերի հերոսները որպես կանոն արտասովոր ու յուրահատուկ են. նրանք սովորական մարդկանցից տարբերվում են իրենց ծնունդով, հետաքրքիր, արկածներով լի մանկությամբ, ընդհանրապես կյանքով: Յուրահատուկ կերպարներն իհարկե նաև յուրահատուկ առարկաներով ու կենդանիներով են շրջապատված: Օրինակ, մեր էպոսի հերոսների ձին՝ Քուռկիկ Ջալալին խոսում է, Դավթին հավասար կռվում, նրան քաջալերում:
Նկ. Հակոբ Կոջոյանի
Էլ ավելի հետաքրքիր են հերոսների թրերը: Դրանք գրեթե կենդանի արարածներ են, հաճախ պատրաստված աստվածների կամ կախարդների կողմից, ունեն իրենց անուններն ու կախարդական նշանակությունները: Էպիկական ու առասպելական հայտնի թրեր են՝ բրիտանական թագավոր Արթուրի «Էքսկալիբըրը», Սուրբ Գևորգի «Ասկալոնը», գերմանական էպոսի հերոս Զիգֆրիդի «Բալմունգ» կամ «Գրամ» անունով սուրը, ֆրանսիական հերոս Ռոլանդի թուրը՝ «Դյուրենդալը», իհարկե մեր էպոսի »Թուր Կեծակին»: Ֆենթզի վեպերի հայտնի թրերից կարելի է հիշել Ջ. Թոլքիենի «Մատանու տիրակալը» գրքի հերոս Գենդելֆի «Գլամդրինգ» անունով սուրը և Ջ. Մարտինի «Գահերի խաղը» վեպի ու ֆիլմաշարի հերոս Ջոն Սնոուի «Երկար ճանկը» և Արիա Սթարքի «Ասեղ» անունով փոքրիկ թուրը:
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսում հերոսների թուրը կոչվում է «Թուր Կեծակի», այսինքն՝ կայծակե թուր: Կայծակը ամպրոպային հնագույն աստվածների զենքն է: Սասնո հերոսները թեև աստվածներ չեն, սակայն կայծակե թրի գործածությամբ և էլի մի շարք հատկանիշներով նմանվում են ամպրոպային աստվածներին: Պատումներում էպոսի առաջին ճյուղի հերոս Սանասարը թուրը այլ զենքերի հետ գտնում է ծովի հատակից, կամ Դավիթը գտնում է այն դևերի քարայրում:
Ինչ էլ որ լինի «Թուր Կեծակին» էպիկական աշխարհի ուժեղագույն զենքերից է, որով հերոսները կտրում են վիշապների գլուխներ: Դավիթը ուժ փորձելու համար կտրում է ծառ ու պողպատե սյուն: Էպոսի գլխավոր մենամարտում Կայծակե թուրը կտրում է քառասուն գոմեշների կաշիները, ջրաղացի քառասուն հսկա ու կարծր քարերը, հասնում դրանց տակ թաքնված Մսրա Մելիքին և մեջտեղից հավասար երկու մասի բաժանում: Սա էլ բավական չէ, թուրը կտրում է հողը գնում հասնում է երկրի միջուկին, որտեղ ըստ հին հավատալիքների Սև ջուրն է: Թրի հարվածը կարողանում է կասեցնել միայն հրեշտակը՝ թևը դեմ տալով:
Այս նկարագրությամբ մեր էպոսի Թուր Կեծակին, իր ուժով իհարկե հաղթում առասպելների ու Ֆենթզի վեպերի հերոսների թրերին:
Ինչի՞ց են պատրաստված թրերը
Թուր կեծակին ըստ էպոսի որոշ պատումների Քեռի Թորոսը դարբնին ձուլել է տալիս երկնքից ընկած կայծակից:
Թուր Կեծակիի հետ միասին հաճախ նաև նրա փոխարեն էպոսում հիշատակվում է Հավլունի առասպելական թուրը: Ժողովրդական մեկնաբանությամբ այս թուրը պատրաստելու համար երկաթը մանրացնում են կտի հետ միասին կերակրում հավերին: Ստացված ծերտը այրում են և երկաթի կտորները վերածվում են պողպատի: Այդ պողպատից պատրաստված թրերը շատ ամուր են լինում: Այս առասպելական պատմությունը թեև մասնակի, բայց ճիշտ է: Ըստ մասնագետների, հին Հայաստանում գոյություն է ունեցել պողպատի ստացման մի եղանակ, ըստ որի երկաթը կռելուց և խարամը եռացնելուց հետո, երկաթը մանրացվել է, լցվել հալոցների մեջ, վերևից ծածկվել ածուխով, տեղադրվել հնոցում, որը նույնպես բոլոր կողմերից պատվել է ածուխով և հնոցը բոլոր կողմերից փակվել է: Այս ճանապարհով ավելի ամուր ու համասեռ պողպատ է ստացվել, այսինքն ավելի ամուր թրեր են ձուլվել: Այս եղանակով ստացված զենքերն էլ կոչվել են «հավլունի», «հավհալի», կամ «հավհալունի»: Ընդվորում, «հավ» բառը, որը ժողովրդական բացատրությամբ կապվում էր երկաթի կտորներն ուտող թռչնի հետ, ստուգաբանվում է որպես «ծայր, սկիզբ», իսկ «հալ»-ը՝ հալված: Այսինքն հալելու միջոցով ստեղծված:
Կարելի է ենթադրել, որ «Գահերի խաղի» հերոսների թրերը նույնպես ձուլվում էին նման եղանակով: Ինչպես հայտնի է դրանք ձուլված էին Վալերինյան պողպատից: Ըստ լեգենդների, Վալերինյան պողպատը դարբինները ստանում էին վիշապների կրակի մեջ մետաղը հալելով, իսկ ձուլման ընթացքում օգտագործում էին հմայական աղոթքներն ու կախարդություններ: Ենթադրելի է, որ «Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինը, ծանոթ է եղել ամուր պողպատի ստացման փոքրասիական ու հին հայկական ձևին: Ըստ այդմ էլ կարելի է ենթադրել, որ Սասունցի Դավիթն ու Ջոն Սնոուն նման եղանակով պատրաստված պողպատե թրերով են կռվել:
Աղբյուրներ՝ Սասնա ծռեր, հատոր Բ, մաս Բ, Երևան, 1951:
Հ.Համբարձումյան, Պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, Երևան, 2018:
Ա.Ալոյան, Բուն հայկական մետաղագործական տերմինների ծագումը և ստուգաբանությունը, ՊԲՀ, 2002, էջ 210-216:
Նկ. աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am