Ինչպես հայկական լեռնաշխարհի բնական միջավայրի՝ լեռների, քարերի, լճերի, գետերի, այնպես էլ հայտնի ու պատմական հուշարձանների ու կոթողների մասին ժողովուրդը հյուսել է հետաքրքիր պատմություններ, զրույցներ, ստուգաբանական ու բացատրական ավանդություններ: Հոյակերտ Տաթևի վանական համալիրը նույնպես բացառություն չէ: Իր անառիկ դիրքով, հարուստ պատմությամբ ու հիասքանչ ճարտարապետությամբ, այն մշտապես շարժել ու շարժում է մարդկանց հետաքրքրությունը, հիացնում այցելուներին: Art365-ը ներկայացնում է երկու ավանդություն վանքի կառուցման ու անվան ստուգաբանության վերաբերյալ:
Ա.
Տաթևի վանքը կառուցող ճարտարապետի մասին պատմում են, որ երբ նա ավարտելով իր գործը, հասնում է վանքի գմբեթի ծայրին, վերևից ցած է նայում և տեսնելով ձորի ահավոր խորությունը, սարսափահար սկսում է մտածել, թե ինչպե՞ս է ինքը գետին իջնելու: Ստիպված նա դիմում է աստծուն և թևեր խնդրում, որպեսզի թռչի, անցնի ձորի մյուս կողմը: Լսելով ճարտարապետի աղաչանքը, աստված թևեր է տալիս նրան, որոնցով նա թռչում, գնում է հեռու աշխարհներ: Ճարտարապետի անհայտանալուց հետո, ոչ ոք չի իմանում, թե ինչպես պետք է հանել այն գերանները, որոնց վրա հենված էր վանքի կամարակապ կտուրը: Գնում են ճարտարապետի ետևից: Երկար որոնելուց հետո նրան գտնում են մի հեռավոր տեղում, իմանում փայտամածը հանելու եղանակը, վերադառնում Հայաստան, հանում են փայտերը և վանքի անունը դնում են Տաթև (տա թև…) ի հիշատակ այն թևերի, որ տվել էր աստված նրա ճարտարապետին:
Բ.
Մի ուրիշ ավանդության համաձայն, երբ սկսում է կառուցվել Տաթևի վանքը, սրա ճարտարապետն ու վանքի համար առու փորող վանականը գրազ են գալիս, թե իրենցից ով ավելի շուտ կվերջացնի իր գործը: Երկուսն էլ թափով սկսում են աշխատել: Ժամանակ անց, վանականը հեռվից նկատելով, որ ճարտարապետը ավարտելու վրա է վանքի կառուցումը, գրազը տանուլ չտալու համար, որոշում է խաբել նրան: Ձորի հակառակ կողմից նա կախում է մի մեծ ու երկար սավան, որը քամուց ալիքաձև ծածանվելով, հեռվից ջրի է նմանվում: Վանքի գմբեթի վերջին քարերը շարելիս, ճարտարապետը հանկարծ տեսնում է այդ և կարծելով, թե վանականը իրենից առաջ արդեն վերջացրել է իր գործը, պարտված չլինելու համար, ինքնասպան է լինում` իրեն ձորը նետելով գմբեթից:
Աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ, Երևան, Զանգակ, 2017: