Սնունդը որպես գեղարվեստական մոտիվ և կենցաղի մաս
Սնունդն ու կերակուրների ընդունման հետ կապված դրվագները հանդիպում բանահյուսական, գրական ու պատմական հերոսների կյանքի տարբեր փուլերում։ Կերակուրների հետ հերոսներն առնչվում են հատկապես տարբեր փորձություններից և ճակատագրական բախումներից առաջ ու հետո։ Ընդ որում, գրականության ու բանահյուսության մեջ մեծ տեղ են գրավում տարբեր խնջույքներն ու հացկերույթները, որոնց ժամանակ էլ մեծ մասամբ վճռորոշ իրադարձություններ են տեղի ունենում։ Ընդհանրապես ազնվականների կյանքի կարևոր բաղադրիչն էին կազմում խնջույքները, գինարբուքները և ճաշերը։ Դրանց մասին թեև հիմնականում հարևանցի ու հպանցիկ պատկերացում ենք ստանում հայ գրականությունից և էպոսից, սակայն եղածն էլ բավարար է ուսումնասիրության ու որոշակի ընդհանրացումների համար։
Միջնադարյան գրականության մեջ դրանք, առավելապես ազնվական կյանքի ու կենցաղի դրսևորումներ են, սերտորեն կապված են որսորդության, սննդի հայթայթման ու ընդունման, ծիսական որոշ արարողությունների հետ։ Բնականաբար, իրականության մեջ մարդու կյանքի կարևորագույն փուլերն ու անցումները նշանավորվում են խնջույքի սեղաններով։
Գրականության մեջ և հատկապես էպոսներում, առանց խնջույքի չի անցնում հերոսի կյանքի քիչ թե նշանավոր որևէ դրվագ։ Ընդ որում, խնջույքների ու հացկերույթների մոտիվները էպոսներում ու գրականության մեջ իրացվում են կայուն հաճախականությամբ, դիրքով, նպատա-կով ու նշանակությամբ, վերջապես՝ մոտիվների կայուն կազմով։
«․․․հինգերորդին կերակրոց ճոխութիւնը, զանազանութիւնն ու նրբութիւնը չենք տեսներ ուրիշ ոչ մէկ ժամա-նակ, կամ գոնէ նոյնչափ մանր յիշատակուած չեն հետա-գայ մատենագրաց կողմանէ: Կրնանք սակայն առանց սխալելու խորհիլ՝ թէ Հայաստանի անկախութեան կամ թագաւորութեանց միջոցին աւելի հարըստութիւն կար թէ ազնուականաց եւ թէ ժողովրդեան մէջ, եւ այդ շրջաննե-րու խընճոյք աւելի շքեղ էին՝ քան բարբարոսաց տիրապե-տութեան ներքեւ տուայտող դարերու մէջ», – նշում է Վարդան Հացունին։
Կարող ենք ասել նաև, որ խնջույքի տեսարանների առատությունն ու մանրամասնությունը պայմանավորված էր 5-րդ դարի պատմագրության գեղարվեստական բնույթով, այլ ոչ միայն ազնվականների կյանքի արտացոլման նպատակով։ Խնջույքների տեսարանները կամ մոտիվները ունեն հստակ գործառույթներ ու տեղ՝ գեղարվեստական-պատմագրական բնագրում։ Դրանք կապված էին գեղարվեստական այլ մոտիվների հետ՝ որսորդություն, դավադրություն, փառքի ու հարստության ընդգծում և այլն։ Որսորդությունըմ օրինակ, մշտապես սկսվում, ընթանում և ավարտվում էր խնջույքներով։
Բացի այս յուրային և օտար հերոսների ու նրանց միջավայրի վարքի տարբերությունները գրականության մեջ հաճախ երևակվում են խնջույքների ու հացկերույթների ժամանակ. ինչպե՞ս է պատրաստվում սնունդը։ Ի՞նչ և ինչպե՞ս է ուտում հերոսը, աղոթո՞ւմ է արդյոք ուտելուց առաջ, որքա՞ն և ինչպես է խմում, կա՞ն սննդի օգտագործման արգելքներ, պահքեր։ Այս թեմաները որոշակիորեն իրացվում են նաև հայ միջնադարյան գրականության մեջ և էպոսում։
Բացի այս, խնջույքներն ունեն իրենց կառուցվածքը, գործողությունների հստակ հաջորդականությամբ ու դերերի բաժանմամբ։ Այսպիսի մանրամասներ հայ միջնադարյան գրականության մեջ գրեթե չկան, սակայն, օրինակ, «Սասնա ծռեր» էպոսում հարիսայի ծիսական հացկերույթի նախապատրաստության դրվագում հստակ երևում է դերերի ու գործողությունների հաջորդականությունը. հարիսան պատրաստում են ծեր կանայք, օրհնում են քահանաները, այն չեն համտեսում մինչ Սուրբ Պատարագի ավարտն ու օրհնությունը։ Իհարկե, Սասունցի Դավիթը խախտում է այս կանոները։
Ազնվական խնջույքների մասին թեև քիչ վկայություններ ունենք, սակայն եղածն էլ ցույց է տալիս, որ դրանք նույնպես կազմակերպվել են որոշակի սյուժեով, որը հիմնված է ազնվական կյանքի էթիկետի վրա։
Սնունդը և մահը
Խնջույքներն ու գինարբուքներն էլ և՛ հայ հին գրականության մեջ, և՛ էպիկական որոշ ստեղծագործություններում դառնում են հերոսի ու հակահերոսի բախման միջավայր, հաճախ վերածվում դավադրությունների կազմակերպման ու քաղաքական սպանությունների իրականացման հարմար ժամանակի և միջոցի։
Օրինակ՝ «Վիպասանքի» Արտաշեսի և Արտավազդի ճյուղում, որը վավերագրված է Մովսես Խորենացու պատմության մեջ, հիմնական բախումը կրկին խնջույքի ժամանակ է լինում․
«Յետ այսորիկ երթալով Արտաշիսի ի ճաշ Արգամայ, կասկած իմն անկեալ, իբր թէ դաւել զարքայն խորհիցին` յարուցանեն որդիքն արքային ապշոպ, եւ անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն Արգամայ»:
Հայ հին պատմագրության մեջ հիշատակվող ու քիչ թե շատ մանրամասն նկարագրվող գրեթե բոլոր խնջույքները կա՛մ նախապես կազմակերպված դավադրություն-ներ են, կա՛մ ավարտվում են հերոսների սպանությամբ: Այսպես, Փավստոս Բուզանդի պատմության մեջ Պապ թագավորը սպանվում է խնջույքի ժամանակ.
«ապա զաւրավարն Յունաց հաց մեծապէս գործեալ յընթրիս հրաւի-րեալ կոչեցին զմեծ թագաւորն Հայոց զՊապ մեծապէս ըստ արժանաւորութեան նորա, որպէս աւրէն էր զայր թագաւոր ի հաց մեծ կոչել. եւ առն էին կազմութիւն պատ-րաստութեան: Եւ եկեալ թագաւորն Պապ յընթրիս, մտեալ բազմեցաւ յուտել եւ յըմբել»:
Մուշեղ Մամիկոնյանը նույնպես սպանվում է խնջույքի ժամանակ։
Սննդային վայելքը փաստորեն մահվան հետ է կապվում, ինչի պատճառ են դառնում կերակրի ու ընդհանուր սեղանի միջոցով ստեղծված վստահության մթնոլորտը և ուտելիքի հետ մատուցվող մեծաքանակ գինին: Հերոսները կորցնում են զգոնությունը, քանի որ հավատում են, որ սննդի միասնական ընդունումը իրենց ապահովագրում է, սակայն սա գրականության ու բանահյուսության մեջ ավելի հաճախ չի արդարացվում։
Ընդ որում, եթե շատ հերոսների սպանում են սրով, հացկերույթի ժամանակ, շատերին էլ ուղղակի թունավորում են կերակրի միջոցով: Օրինակ, Փավստոս Բուզանդի պատմության մեջ տեսնում ենք Արշակ թագավորի կնոջ՝ Օլիմպիայի թունավորման նախապատրաստությունը.
«Իսկ Փառանձեմն ի մեծ նախանձու եւ ոխութեամբ գնայր ընդ Ողոմպինոյն, եւ խնդրէր սպանանել զնա դեղովք: Իբրեւ ոչ ինչ հնարս մեքենայից չկարէր գտանել, վասն զի անձինն իւրում կարի զգուշ կայր, մանաւանդ ի կերակրոց եւ յըմպելեաց, բայց զիւրոց նաժշտացն կերա-կուրս արարեալ եւ կամ գնոցին պարզեալ զգինի ճաշակէր»։
Ընդ որում, չկարողանալով գտնել կերակրի միջոցով թունավորման ձևը, ընտրում են ամենաստոր ու սրբապիղծ տարբերակը՝ թույնը խառնում են Սուրբ Հաղորդության Հացին.
«Ընդ տէրունական ընդ սուրբ ընդ աստուածական մարմինն ընդ հացն աւրինաց խառնէին զդեղն սատակման, երէցն Մրջիւնիկ անուն, տալով յեկե-ղեցւոջն Ողոմպիայ տիկնոջն ընձեռել զմահուն գործ, եւ սպանանէր»:
Ազնվական միջավայրում սպանության այս ձևի տարածվածության պատճառով է թերևս, որ կերակուրի միջոցով թունավորման կանխարգելման մասին հատուկ դիտարկումներ ունի միջնադարյան բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին: Բժշկապետը թագավորների մոտ ծառայող հեքիմներին խորհուրդ է տալիս, թե ինչպես տարբերեն թունավորված կերակուրն ու խմիչքը.
«Եւ գիտացիր, որ հաքիմն և եփ իմաստուն և արուեստաւոր լինի, հանց որ թագօորին խրատատու լինի և յորժամ թագա-ւորն ի կերակուր նստի, նայ հաքիմն ի խէչն լինի, և յորժամ կերակուրն որ բերեն տեսանէ և հանց որ ի յան' կերակուրն որ մահացաւ դեղ կենայ, ճանաչէ և չթողու, որ թա-գօորն ուտէ ի այն կերակրէ, և յայն կերակուրն, որ մահա-ցու դեղ կայ՝ երևումն և նշան ունի: Հանց գիտացիր, որ թէ ի բրինձն կենայ մահացու դեղ՝ նայ ի վերայ բրինձին դե-ղին ջուր գայ, և թէ ի գինին լինի՝ նայ հանց թվի թէ ար[ե]ան ջուր է և սև սև ծնէր երևնայ ի վերան...»:
Ուտելիքի թունավորման հետ կապված բանահյուսական հայտնի օրինակը «Մոկաց Միրզա» միջնադարյան վիպերգն է։ Այս վիպական երգում քուրդ Կոլոտ փաշան մոկացի իշխան Միրզային հրավիրում է հանդիպման և թունավորված ձմերուկ հյուրասիրում: Վերադարձի ճանապարհին Միրզան մահանում է: Ըստ այդմ էլ` երգն ըստ էության Միրզայի գովքն է ու նրա մահվան ողբը: Ողբի ու գովքի միահյուսմամբ էլ ավանդաբար ստեղծվել են էպիկական, հերոսական երգերը և էպոսները: Այս երգը գեղարվեստական շատ ընդհանրություններ ունի «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության հետ:
Առեց փարեն, իջավ շուկեն,
Ետու, առեց մեկ բաշըլեն,
Առեց, բերավ, դանակ դեղեց մեկ երեսեն,Կաժեց՝ կաժ մ’ինք կերավ,
Մեկ ետու՝ Մոկաց Միրզեն:
Բեմուրադ կեներ Կոլոտ Փաշեն:
Պատմագրության մեջ մեկ այլ հայտնի հերոսի՝ Հայր Մարդպետին, նույնպես սպանում են խնջույքից հետո՝ որսորդության ժամանակ, երբ նա կորցրած է լինում զգոնությունը։
«Ապա դէպ եղեւ անցանել Հայր մարդպետին առ տեղաւքն, ցանկացաւ ելանել ի սուրբ տեղիսն Աշտիշատու կալ յաղաւթս, եւ առնուլ ողջոյն ի սրբոյ եպիսկոպոսապե-տէն Ներսէսէ: Ապա իբրեւ կային յաղաւթս, ետուն ողջոյն. հրաման տայր սուրբ հայրապետն Ներսէս, եկելոցն ճաշ պատրաստել: Եւ մինչ դեռ նոքա պատրաստէին ինչ ըստ նմա արժանի աւագաւրէն սպաս, նա ելանէր յեպիսկոպոսական կայենէն յապարանիցն մինչեւ ի վկայարանս սրբոցն. ի մեծ եւ ի գեղեցիկ հրապարակին զերթեւեկս առեալ շրջէր` զճեմս առեալ: Ապա տեսանէր զգեղեցկու-թիւն վայրացն, զնիստ շքեղութեան ի բարձրաւանդակ տեղեացն եւ զնայեացն ի խոնարհ, զի կարի վայելուչ էր տեղին. եւ չարակնեաց: Ապա եմուտ բազմեցաւ յուտել եւ ըմպել: Իսկ յորժամ արբեցաւ սխաղակեցաւ, սկսաւ ներ-քինին խաւսել բանս հպարտս եւ ամբարտաւանս յարբե-լեաց. դնէր թշնամանս Տրդատայ արքայի, ի մեռեալս եւ կենդանեացն ի կեանս, ազգի եւ տակի եւ տոհմի Արշա-կունեաց թագաւորացն Հայոց»:
Հովհան Մամիկոնյանի պատմության մեջ նույնպես խնջույքները դավադրությունների միջոց են։ Այսպես, Վահան Մամիկոնյանը ճաշի է հրավիրում պարսից զորավար Միհրանին ու զինվորներին և դաժան հաշվեհարդար է տեսնում․
«Ի վաղիւն դարձեալ եկին առ Նիխոր։ Եւ հրամայեաց ծառայից իւրոց ճաշ առնել եւ զՄիհրան կոչել։ Իսկ նա վասն խաւթութեան պատճառանաց ի սենեակն մտեալ եւ զՎահան միայն թողոյր առ իւր։ Իսկ Վահան դռնապան եղեալ եւ զիշխանսն, որք գային, դարձուցանէր՝ ասելով. «Հայոց մարզպանն չկարաց գալ ի ճաշն, եւ զիս չի թողուր»։ Իսկ նոցա ժողովեալ ի տաճար մի՝ ընդ գինի մտին»:
Նմանատիպ դրվագ հանդիպում ենք նաև Զաքարիա Քանաքեռցու «Պատմության» մեջ․
«Եւ սոքա այր եւ կին խորհեցան սպանանել զԵաղուպ թագաւորն, եւ ինքեանք լինել թագաւոր: Քանզի Եաղուպ ոչ ուստր ունէր եւ ոչ դուստր, զի ժառանգ լիցի թագաւորութեանն: Եւ յաւուր միում կոչեցին զթագաւորն ի ճաշ սիրոյ. եւ մահացու դեղ խառնեալ ընդ կերակուրն` ետուն նմա. եւ իբրեւ եկեր, ազդ եղեւ նմա. եւ հրամայեաց քեռ իւրում եւ փեսային` բռնութեամբ ուտել. եւ այնպէս մեռան երեքեան ի միասին` Եաղուպ` քոյրն` եւ փեսայն. եւ այսպէս բարձան նոքա»:
Սակավ դեպքերում ճաշը նաև խաղաղության հաս-տատման միջոց է, օրինակ Սմբատ Սպարապետի պատմության մեջ․ «Եւ արար Գագիկ մեծ ճաշ սուլտանին եւ զօրացն։ Զայս այսպէս արարեալ Գագիկ զերծաւ խաղա-ղութեամբ. եւ զկնի սակաւ աւուրց դարձոյց զԿարս ի Յոյնս, եւ նոքա ետուն նմա զԾամնդաւ, զԿեսարիա եւ զԽաւատանէքն»։
Էպոսում նույնպես, խնջույքն ու հացկերույթը, եթե կազմակերպված չեն մատաղի կամ հոգեհացի նպատակով, առավելապես դիտվում են որպես դավադրություն կազմակերպելու միջոց։ Այսպես, Մելիքը Դավթին կռվից առաջ ճաշի է հրավիրում և խաբեությամբ գցում հորը:
Մեկ այլ միջադեպում, Դավթին Խանդութի ուզնականները ցանկանում են սպանել հացկերույթի ժամանակ՝ սրերը թաքցնելով ճաշի սեղանի կամ սուփրայի տակ:
Աղբյուրը՝ Հայկ Համբարձումյան, Հացն ու գինին. որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ, Երևան, Մատենադարան, 2024: