Մարդու սննդակարգի կարևորագույն բաղադրիչը հացն է: Այն իր ընդգրկուն նշանակությամբ վաղուց արդեն հացահատիկից պատրաստվող ուտեստից վերածվել է խորհրդանշանի՝ ուտելու պրոցեսի, բարեկեցության, կյանքի, սոցիալականացման, քրիստոնեական շրջանում՝ Սուրբ Հաղորդության խորհրդի նշանակությամբ:
Շատ ժողովուրդների, այդ թվում հայ ժողովրդի ամենատարբեր բանահյուսական ստեղծագործություններում՝ ավանդություն, հեքիաթ, առած-ասացվածք, հմայական աղոթք և այլն, արտացոլվել է հացահատիկի ու հացի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը:
«Սասնա ծռերում» հացը նույնպես բազմիցս հիշատակվում է, ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական նշանակությամբ:
Էպոսի հերոսները հետևում են հյուրընկալության ավանդական կարգին․ հյուրին հացով են դիմավորում, «հաց են կիսում» թշնամիների ու յուրայինների հետ, հացը վերցնում են ճանապարհ գնալիս, հաց ուտում աշխատանքի դադարներին, հոգեհաց տալիս հանգուցյալների համար։ Հացի սակավությունը կամ ժամանակավոր բացակայությունը ընկալվում է որպես սով։
Հիշենք էպոսի երկրորդ ճյուղում Մեծ Մհերի գլխավոր սխրանքը՝ առյուծաձևումը, որի պատճառը Հալեպից կամ Շամից եկող հացի ճանապարհի փակվելն է:
Մհերն ասաց.
– Թա՛գավոր, ես յի՞նչից ա, որ խաց չկա. կարկո՞ւտն ա զարկե, քամի՞ն ա քաշեր ա, տո՞թի ա տվեր ա։
Թագավորն ասաց.
– Չե՛, էնդուց չէ. մեր երկիրն վարուցանք չունինք, մենք էծ, ու էշ, ու ջորի կը պախենք. մեր հաց Հալապա ու Շամա գու քա։
Թագավորն ասաց.
– Չե՛, մեկ առյուծ ա յելեր ա, էս օխտը տարի ճամբախ կտեր ա. ոչ գալող կա, ոչ երթըցող Շամա, էստեղեն էլ Շամ։ Էտոր խամար թանգութեն ա եղեր մեր աշխարն (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Դ, էջ 145):
Հացը հերոսները պարտադիր իրենց հետ ճանապարհ են վերցնում.
Լուսուն Մհեր յելավ,
Առավ էրգու կորեգի հաց, դրեց ուր գոտին,
Ու վերցուց ուր փեդ, դրեց ուր թևին,
Ու յընգավ ճանպա, գնաց Բիթլիսու քաղաք(ՍԾ, հատ. Բ, պատ. Ը, էջ 263)։
Հացն այստեղ ոչ միայն քաղցը հագեցնելու միջոց է, այլ նաև պաշտպանիչ զորություն, «զենք»: Այս առումով ուշագրավ է, որ «Սասնա ծռեր» էպոսի հետ գաղափարական ու գեղարվեստական շատ ընդհանրություններ ունեցող Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարներիների կանչը» վիպասքում պատմվում է մի ավանդություն այն մասին, որ ազատագրական շարժման հերոս Արաբոն կորեկից պատրաստված հացագնդիկով սպանում է իր ձին գողանալ ցանկացող քուրդին։ Սա Սասունում տարածված մոտիվ ու ավանդություն էր․ «Ու լուր տարածվեց, որ կարմիր իրիցու Արաբոն մի կտոր կորեկ հացով սպանել է իր ձին հափշտակելու եկած բագրևանդցի մի քրդի։ Այդ օրվանից այդ աղբյուրի անունը մնաց «Կորեկ աղբյուր»։ Թեպետ այդպիսի զրույց պատմում էին Աղբիկ գյուղացի մի քաջ սասունցու մասին, բայց իրապես այդ աղբյուրի անունը առնչվեց Արաբոյի հետ պատահած դեպքին, որին ես անձամբ ականատես եղա»(Տե՛ս Խ․Դաշտենց, Ռանչպարների կանչը, Երևան, 1979, էջ 38):
Այն նաև ինքնության արտահայտության միջոց է, նաև սոցիալական վիճակի ցուցիչ։ Հացատեսակի ընտրությունը հստակորեն մատնանշում է վիպասացների սոցիալական կարգավիճակը, ազգագրական որոշակի իրողություններ, այստեղից նաև սննդային մոտիվներն ու կոդերը։
Էպոսում հացի ամենից հիշատակվող տեսակը կորեկի հացն է։ Այն որպես սասունցիների հիմնական ուտելիք հիշատակում է նաև Թովմա Արծրունին․ «Եւ զպէտս կերակրոցն վճարեն ի սերմանց ինչ, առաւել ի կորեակ կոչե-ցեալ սերմանէն, զոր ոմանք ի սով ժամանակի հաց անուանեն»: Այն սովի ժամանակվա հաց է համարում և հիշատակում Ղազար Փարպեցին, որպես արտաքսման մեջ գտնվող 5-րդ դարի հայ տիկնանց ուտելիք․ «Կանայք փափուկք, դստերք նախարարացն եւ կանայք աւագաց, փոխանակ նաշհոյ կորեակ ուտէին, եւ փոխանակ պարզ գինւոյ ջուր չափով ըմպէին»: Նաշիհը բարձր որակի ալյուրն էր, որից հաց էին պատրաստում: Այսինքն, այստեղ հստակորեն երևում է, որ ազնվականները սովորաբար ուտում են բարձր որակի ալյուրից պատրաստվող հաց, իսկ դժվար պահերին կորեկից կամ գարուց պատրաստվող։
Էպոսի պատումներում նույնպես կորեկը հասարակ, աղքատ գյուղացիների ուտելիք է համարվում: Կորեկի հացը՝ որպես աղքատության նշան ներկայացվում է նաև հետագա շրջանի հայ գրականության մեջ, մասնավորապես Ա․ Բակունցի պատմվածքներում և այլուր: Էպոսում, որոշ պատումներում, ինչպես վերևում բերված հատվածում է, կորեկի հաց են ուտում նաև դյուցազունները, իսկ որոշ դեպքերում հասկացվում է, որ դա նրանց ուտելիքը չէ, այլ աղքատների։ Այսպես, տարբերակներից մեկում Դավիթը Մելիքին ամոթանք է տալիս, որ խեղճ մարդկանց կռվի է բերել և առաջարկում է մենամարտել։ Մարդկանց աղքատության բնութագրիչը կորեկի հացի օգտագործումն է․
Օրենքով ես, տո̈ւ կռվենք։
Էտ խեղճ-խուղճ ժողովրդին, անմեղ չքավորին,
Անճարեղ մարդկանց, որ
կորեկ խաց ծեռ չիյնի,
Հավաքեր ես, պիրիր ես Թլո̈ր Տա̈վթին կռիվ (ՍԾ, հատ. Գ, պատ. Գ, էջ 122)։
Հացի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքն ի թիվս այլ՝ ծիսական-հավատալիքային խորհուրդների, թերևս պայմանավորված էր լեռնային շրջաններում և հատկապես Սասունում հացահատիկի ու հացի սակավությամբ: Ըստ ազգագրական տվյալների, Սասունը հացով առատ չէր: Տարածված էր հատկապես գարու և կորեկի մշակությունը։ Սասունում կար կորեկի արտի մշակման հատուկ եղանակ։ Էպոսում տարածված մեկ այլ հայտնի միջադեպում Դավիթը լոր կամ ճնճղուկ է որսում պառավի կամ ալևորի կորեկի արտում և արժանանում նրանց խիստ խոսքին, երբեմն անեծքին.
− Գա̈րող-մախ քի չտանի, Սասնա Ծուռ Շա̈խգըմակի՛ր,
Դո̈ւ Պառվու կորկի լորիրո՞վ տը կշտանաս.
Գընա̈, տի՛ս քո̈ւ խոր Սիվ սար,
Խըզա̈լ սպանի, վերի վոխչար սպանի, ջեյրան սպանի (ՍԾ, հատ. Ա, պատ. ԻԳ, էջ 998)։
Այստեղ թերևս կարող ենք տեսնել նաև սոցիալական շերտերի միջև հակասության որոշակի արտահայտություն: Ազնվականը չի հասկանում աղքատ գյուղացու համար կենսական նշանակություն ունեցող կորեկի արտի կարևորությունը և որս է անում այնտեղ: Գաղափարական տեսանկյունից այս մոտիվը կարևոր նշանակություն ունի էպոսում․ կորեկի արտում որսի մոտիվով է սկսվում Դավթի՝ Սասունի նոր առաջնորդի նվիրագործման ընթացքը, որը շարունակվում է Մեծ Մհերի որսասարի բացահայտմամբ, հոր կառուցած եկեղեցու վերականգնմամբ, երբեմն՝ այնտեղ թագավոր օծմամբ, Մելիքի դեմ ընդվզմամբ և հաղթանակով:
Ժողովրդական միջավայրերում կորեկը գրեթե պաշտամունքային նշանակություն ուներ, ինչի վկայությունն է Գարեգին Սրվանձտյանցի գրառած «Երգ ի վերայ կորեկին» երգը, որտեղ նաև կորեկից պատրաստվող կերակրատեսակներն են հիշատակվում․
Տէր Անտօն գովացեր կորեկի քանէն,
Աստուած կորեկ պակաս չանէ մեր տանէն,
Ճըմուռ մի արէք՝ ուտի աղքատ քըհանէն,
Գովայ զարտն զանդաստան անուշ կորեկին։
Առաւօտ բարիլուս որ կը լուսնէր,
Լըծել կ՚ուզէր անուշ կորեկին,
Մարդ պիտէր, որ սրտով Աստուած կանչէր,
Որ տար կռութ անուշ կորեկին։
Մանկրան թեւ, գարնան ծիծըռնեկ,
Խիստ անուշ կարդան, թէ ականջ բըռնենք,
Կ՚ուրախնէր լոր, ճընճղուկն ու ապըռնեկ,
Ջուր ջուրին բարեւ տին, անուշ կորեկին։
Զարմանալի կռութ ունիս կարմիր հատերով,
Քեզ կ՚ուտէր կռունկ, կազ, արօր, բադերով,
Դու մէջ մե պիտիր անուշ զատերով‚
Թըթուն, թան, թուռշին անուշ կորեկին․․․(Մանանայ, ժողովեաց եւ ի լոյս էած Գ. Վ. Սրուանձտեանց, էջ 288-289):
Ուշ գրառված Սասնո պատումներում Դավիթը, որ սովորաբար մշակութային ու շինարարական գործունեությամբ աչքի չի ընկնում, ջրաղաց, այլ շինություններ,նաև հացի փուռ է կառուցում:
Հացի պաշտամունքի մեկ այլ դրսևորում է թոնրի նկատմամբ վերաբերմունքը։ Հավատում էին, որ թոնրի վրա հերթապահում են տան նախնիների հոգիները։ Թոնրի վրա նաև մկրտություններ էին անում, այսինքն թոնիրը հավասարվում էր եկեղեցու Սուրբ Մկրտության ավազանին․
Իննը ամիս վոր թամամից,
Աստվածութո̈ւն Խաչապաշտ
թագավորի աղջկան
Երկու տղա տվից.
Վարդապետ թոնդրան վրա կնքից,
Թագավոր չակխավ։
Մեկի անուն դրից Սանասար,
Մեկին՝ Բաղդասար
(ՍԾ, հատ․ Ա, պատ․ Գ, էջ 129)։
Հացի հետ կապված հետաքրքիր մոտիվներ են հանդիպում չորրորդ ճյուղում, նաև էպոսի այլ հատվածներում: Այս ամենը ցույց է տալիս հացահատիկի ու հացի կարևոր նշանակությունն ինչպես իրականության մեջ, այնպես էլ տարբեր ծեսերում, հավատալիքներում, որոնց մնացուկները գտնում ենք և էպոսում:
Աղբյուրը՝ Հայկ Համբարձումյան, Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային
կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան
գրականության մեջ, Երևան, Մատենադարան, 2024: