Սիրիայի Հալեպ քաղաքը հայկական Սասնա ծռեր էպոսում ամենից շատ հիշատակվող վայրերից է։ Հալեպը հնագույն ժամանակներից սկսյալ Ասորիքի ծաղկուն, վաճառականական քաղաքներից է եղել։ Գտնվելով Մետաքսի ճանապարհի վրա՝ Հալեպը առևտրային-տնտեսական ակտիվ հարաբերություններ է ունեցել Հայաստանի, Պարսկաստանի, Հնդկաստանի ու հարակից ու հեռավոր այլ երկրների հետ։ Պատմական Հայաստանի հետ այս քաղաքի հարաբերությունները արձանագրվել են ոչ միայն ազգային էպոսում, այլև ժողովրդական երգերում ու այլ տարբեր բնագրերում։ Սա փաստում է, որ Հալեպի կապը հայ ժողովրդի հետ միայն տնտեսական կամ ռազմական չի եղել և գալիս է դարերի խորքից։ Հալեպի մասին առաջին հիշատակությունները՝ Ք․ա․ երրորդ հազարամյակից են։ Արձանագրություններում Հալեպը հիշվում է որպես Էբլա երկրի մայրաքաղաք Արմի անունով, իսկ Աքքադում այն հայտնի էր Արմանում քաղաք-պետություն անունով։ Բաբելոնյան շրջանում այն արդեն հիշատակվում է Հալաբ կամ Հալապ անունով։ Ք․ա 15-րդ դարում Հալեպը գրավում է Միտանիի թագավորը։ Ապա հաջորդում են հին աշխարհի գրեթե բոլոր նվաճողները՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Սասանյանները, բյուզանդացիները։ Արաբները Բյուզանդիայից այն նվաճում են 637 թվականին, որից հետո՝ 1260 թ․ քաղաքը գրավում են մոնղոլները՝ Անտիոքի խաչակիր ասպետների ու Կլիկիայի հայոց Հեթում թագավորի աջակցությամբ։ Դրանից հետո քաղաքը նվաճում են մամլուքները, ապա սելջուկ թուրքերը, իսկ 16-րդ դարում քաղաքը դառնում է Օսմանյան կայսրության մաս։ Պատմության ամբողջ ընթացքում Հայաստանի տարբեր իշխանություններ կռիվների ու կապերի մեջ են եղել Հալեպի հետ։ Բոլոր ժամանակներում Հալեպում մեծաթիվ հայ բնակչություն է եղել։Այդ հարաբերությունների արձագանքներն էլ կարող ենք գտնել Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսում։
Հալեպը մեր ազգային էպոսում հիշատակվում է երկրորդ ճյուղից սկսյալ՝ Հալաբ, Հալապ, Հալեպ անուններով։ Մեծ Մհերի հետ կապված հայտնի միջադեպում առյուծը փակում է Հալեպն ու Սասունը կապող հացի ճանապարհը։
Մհերն ասաց.
– Թա՛գավոր, ես յի՞նչից ա, որ խաց չկա. կարկո՞ւտն ա զարկե, քամի՞ն ա քաշեր ա, տո՞թի ա տվեր ա։
Թագավորն ասաց.
–Չե՛, էնդուց չէ. մեր երկիրն վարուցանք չունինք, մենք էծ, ու էշ, ու ջորի կը պախենք. մեր հաց Հալապա ու Շամա գու քա։
Թագավորն ասաց.
–Չե՛, մեկ առյուծ ա յելեր ա, ես ոխտը տարի ճամբախ կտեր ա. վոչ գալող կա, վոչ երթըցող Շամա, եստեղեն ել Շամ։ Ետոր խամար թանգութեն ա եղեր մեր աշխարն։
Մհեր ասաց.– Թագավոր ապրած կենա, առուծն ի՞նչ ա։ասաց.– Ջանավարներու գլխավորն ա։
Մհեր ասաց.–Խացն ու գինին, տեր կենդանին. վիր ոտն որ խասավ զանգուն, որ չխեծավ, գլոխ կը զանիմ։
Որոշ պատումներում Մելիքի հետ մենամարտի դրվագում Մելիքը թափ հավաքելու համար գնում է Հալեպ․
Տա̈վիթ տարցավ էկավ, ա̈սաց.
– Դա̈րբ ունիս, զա̈՛ր,– ա̈սաց,– կենթանի իմ։
Մյուսին՝ ա̈սաց.– Մոտա տեղաց էկա,
Էս անգամ տ'էրթամ մինչև Հալաբ։
Կըքյշի կէրթա մընչև Հալաբ, կըկյա, էլի կըզա̈րգի։
Կամ Հալաբա շաքարի ու քաղցրեղենի հետ է համեմատվում է Դավթի կին Խանդութի գեղեցկությունը նրա գուսանական գովքում․
Կ'իրիշկիմ՝ ենու վիզի հերկնո̈ւթ երկու թիզ եր,
Ա՜խ, հալա երկու թիզ եր.
Կ'իրիշկիմ՝ ենու սիպտկութին կիզած բամբակ եր,
Ա՜խ, հալա կիզած բամբակ եր.
Կ'իրիշկիմ՝ ծըծիրն եր մաչ ծուցին,
Քա̈նց Հալաբա շաքար քա̈ղցր եր,
Ա՜խ, հալա քա̈ղցր եր։
Բայց ամենից շատ Հալեպը հիշվում է Փոքր Մհերի հետ կապված միջադեպերում։ Սասունից վտարված հերոսը հաստատվում է Հալեպում, այնտեղից է ըստ որոշ պատումների նրա կին Գոհարը։ Նա կռվում է Հալեպի թագավորի դեմ, երբեմն նրա թշնամիների դեմ կամ հոր և մոր՝ գերեզմանից հնչած խորհորդով պետք է գնա Հալեպ․
Եսաց.
«Խերի՛կ, վի՛ր իլի, խերի՛կ, վի՛ր իլի,
Քո̈ւ անո̈ւշ խուտուն փափաք մնացը՛,
Քո̈ւ անո̈ւշ խոսքերուդ կարոտ մնացը՛,
Ենքան մընակ ախշար կացը»։
Եսաց.
«Կինա՛ Հալաբա քա̈ղաք,
Քո̈ւ խաց թըխուկ ը,
Քո̈ւ եմադ իփուկ ը»։
Եսաց.
«Հալաբա քա̈ղաք փայ չունիմ,
Իմ բար ու փայ ծախիր իմ,
Իմ խուսք ու խաբար տվիր իմ,
Հալաբա քա̈ղաք չիմ ե՛րթա»։
Ընդգծված դարձվածքը մեկնաբանվում է որպես ինչ-որ բանի վերջ կամ ավարտ։ Այսինքն Մհերը այնտեղ կգտնի իր մահը, սակայն տեսնում ենք, որ Մհերը ոչ միայն չի գտնում իր մահը, քանի որ անմահ է, այլև հաց է թխում, ճաշ ուտում դևերի հետ։ Փոքր Մհերի կյանքի այդ դրվագները ակնհայտորեն հիշեցնում են հեքիաթների ու էպոսների հերոսների ճանապարհորդությունները անդրաշխարհ: Այս դեպքում հացը և հիշատակվող այլ կերակուրները մեռյալների աշխարհում հերոսի կենդանության ցուցիչներն են ու հնարավոր վերադարձի պայմանները։ Փոքր Մհերը իր քառասուն դև ընկերների հետ բնակություն է հաստատում Հալեպում, սպանում թագավորի մարդակեր դստերը, որը կերել էր քաղաքի բնակիչներին։
Ելան կա̈ցին, Հալաբա քա̈ղաք
Խասան, Մհեր քա̈ռսուն դեվ.
Տեսան, վոր մարդ չկա քա̈ղաք,
Ինսան չկա,– ավի՜ր։
– Յարաբ ես ի՞նչ թագավուրութին ը,
Վոր մարդ չկա, եսաց։
Կինաց, մտավ մեկ ոթախը՛ մեչ.
Տեսավ, վոր քա̈ռսուն կանթեն պղինձ ըմ կա եդա տեղ։
Հալեպում է անցնում Փոքր Մհերի կյանքը մինչ Ագռավաքար մտնելը։ Այստեղ նա հաղթելով թշնամիներին՝ թագավոր է դառնում․
Մհեր ելավ, քա̈ղքեն կտռից,
Գո̈հար խաթուն բիրդնե։
Գո̈հար խաթուն եսաց.
– Վոր Մհերկե թրի տակեն ընցավ՝ չըմ սպա՛նը.
Վոր չընցնի՝ տը սպանիմ։
Ամեն ել եկին, Մհերկե թրի տակեն ընցան։
Գո̈հար խաթուն գնա̈ց,
Թագա̈վուրի վիզ եզարկ։
Մհեր թե տարի մ', թե քսան տարի
Հալաբա̈ թագա̈վորութին երավ։
Փոքրի Մհերի ճյուղի այս առասպելական մոտիվները, նաև այն որ Հալեպը էպոսում հիշատակվում է հիմնականում անվան ավելի հին՝ Հալաբ ձևով, ենթադրել են տալիս, որ Սասնա ծռերում արտացոլվել են այս քաղաքի հետ հայերի հարաբերության հնագույն դրվագներ, բայց միջնադարում և ավելի ուշ շրջաններում հարստացել նոր՝ պատմական, կենցաղային մոտիվներով։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան