...Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը, կարծես, չի զորել՝ ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն: Ո՞վ է կարողանալու մարմնավորել էս բոլորը: Մեր մտքից, մեր տեսադաշտից խուսափող թշնամուն, մեր մտքի եզրերին երբեմն առնչվող, բայց երբեք մեր մտքից կլանվող այս վիճակն ո՞վ է մարմնավորելու:
1993 թվականին «Ես ես եմ» էսսե-զրույցում Հ. Մաթևոսյանը տված այս սահմանումը լավագույնս արտացոլում է մեծ գրողի՝ էպոսի ընկալումն ու մեր մշակույթում և իրականության մեջ նրա նշանակության մասին 20-րդ դարավերջին եղած պատկերացումները։ Այն միաժամանակ տալիս է ժամանակի ոգին և «Սասնա ծռեր» էպոսին անկախության շրջանի գրական անդրադարձների բնույթը հասկանալու բանալին։
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Խոսքի աշխարհը» նախագծի շրջանակում ներկայացնում ենք մեծ գրողի՝ էպոսի նկատմամբ վերաբերմունքին։
Տարբեր տարիների իր անդրադարձներում և նաև գրականության մեջ անուղղակի հղումներով Հրանտ Մաթևոսյանը մտորում է էպոսի շուրջ, փորձում հասկանալ՝ ինչո՞ւ է էպոսը «անավարտ» մնացել, ինչ նշանակություն է ունեցել այն անցյալում և ի՞նչ խորհուրդ ունի ներկայում։ Այս համատեքստում գրողի համար կարևոր է նաև թե էպոսը՝ որպես հավերժական գաղափարական խտացում, ազգային ոգու դրսևորում, ո՞ր կերպարով կամ գաղափարներով է առնչվում կոնկրետ իր ժամանակի հետ․
Դավիթն է ընդգծվել, Դավիթն էր անհրաժեշտ ազգային զարթոնքի մեր իրականությանը. իրական Դավիթ, իրական թշնամի, իրական հաղթանակ: Դրանով գրականության բուն էությունից հեռացավ հայ գեղարվեստա-փիլիսոփայական միտքը, չնայած, ակնհայտորեն Մհերի վիճակն էր կրկնվում՝ և՛ առանձին, նույնիսկ խոշոր, անհատականությունների, և՛ կուսակցությունների ու ողջ հայ իրականության ճակատագրերում:
Իրականության և համապատասխան հերոսի սահմանումով, Մաթևոսյանը միաժամանակ կամա, թե ակամա ուղղորդում է հետանկախության շրջանի հեղինակներին ուշադրություն դարձնելու հայ ազգային էպոսին, այնտեղ փնտրելու նոր իրականությունը (խուսափուկ թշնամու իրականություն), հասկանալու համապատասխան հերոսին (Փոքր Մհեր) գտնելու և նաև պատկերելու բանալին (գեղարվեստափիլիսոփայական միտք): Հրանտը հատկապես ընդգծում է Փոքր Մհերի կերպարը, որն ըստ հեղինակի մարմնավորում է հայ մարդու՝ իր ժամանակն ու հայրենիքը չընկալելն ու, ի վերջո, հայրենիքից օտարումը․
Մեր ժամանակի մեծագույն գործն է՝ մարդու օտարումն իր երկրից։ Քաղաքակրթության անունով եկան, արևելյան քո կավի դղյակը, որ էիր դու, փլեցին, քեզ քո երկրից դուրս քշեցին, շորերդ քաղաքի գլխին մի տեղ թողիր ու վերացար։ Այսօրվա իմ վիճակն է։ Դարձյալ Մհեր, այո՞։
Մեկ այլ հարցազրույցում կրկին ժամանակի հերոսի և իրականության ճշմարտացի արտացոլման խնդիր է դնում.
Նոր ժամանակներ, նոր պատասխանի պահանջ՝ հայ գրականությունը շատ քիչ է արձագանքում նոր ժամանակներին իր նոր կերպարներով: Թերևս ճշգրիտ պատասխանն էպոսն է տվել, հանձին Փոքր Մհերի, և էպոսին հարաբերվելով կամ կրկնելով, կամ ինքնուրույն խուզարկումներով ժամանակի մեջ գտնելով գլխավորը, մի քանի գրողներ միայն կարողացել են հարաբերվել նոր ժամանակների նոր հերոսին: Հեղհեղուկ ժամանակներ, թշնամու խուսափուկ կերպար, ծավալվող ողբերգություն, ուր ոչ ողբերգությունն է ձևավորվում, ոչ հերոսներն են անուն առնում, ոչ թշնամին է անուն առնում, իսկ ողբերգությունն, այնուամենայնիվ, ահագնանում է: Սա պիտի բացվի, պիտի գրվի: Քո հարցից հետո անմիջապես հիշեցի Կաֆկային։
Նույն զրույցում Մաթևոսյանը մի ուշագրավ բանաձև է տալիս՝ «Դավիթն անում էր, Մհերը՝ լինում», ասել է թե՝ Դավիթը սահմանված կատարող է, իսկ Մհերը՝ լինող, իսկապես ընդվզող, դեմ գնացող, նաև չհասկացված, պատժվող ու մեկուսացող։
Ընդհանրապես Մհերը դիտվում է որպես ինքնամեկուսացման խորհրդանիշ։ Կերպարի այս ընկալումը ոչ միայն գրական, այլ նաև հասարակական-քաղաքական դիսկուրսում նոր ժամանակներում հենց Մհերին է դարձնում հայ ժողովրդի մարմնավորում, այլ ոչ թե Դավթին, ինչպես Խորհրդային կամ նախորդող շրջաններում էր։ Հայերը թե՛ ներսում, թե՛ դրսում ընկալվում են որպես ինքնամեկուսացած ժողովուրդ։ Մեկուսացումն էլ կարող է լինել մի քանի պատճառով՝ անհասկացվածություն, նեղացկոտություն, ինքնությունը պահպանելու ձգտում, աշխարհի հետ չհարաբերվելու, այն ընկալելու անկարողություն և այլն։ Կերպարի ու ժողովրդի այս ընկալումը նկատելի է Մաթևոսյանի անդրադարձներում։
Էպոսի չորրորդ ճյուղի ողբերգական ու հակասական հերոս Մհերը բախվել է հոր հետ, անիծվել, զրկվել է հասարակական դիրքից ու հեռացվել Սասունից: Միայնակ ու դատապարտված այս կերպարը հիշեցնում է մեծ աշխարհում իր առաքելությունը, ազգային ինքնությունը փնտրող մարդուն ընդհանրապես, և մասնավորապես, մենք կարող ենք տեսնել հայի, որն ապրում է անկախ երկրում, սակայն դեռ չի ձերբազատվել հին իրականությանը բնորոշ մտածողությունից և չի տեսնում հեռանկար: Եթե Մհերին նախորդող հերոսները ունեն արտաքին, շոշափելի թշնամի, ապա Մհերի թշնամին երկրի ներսում է, կամ հենց իր ներսում: Մհերն աշխարհը հասկանալու համար, պետք է իրեն հասկանա առաջին հերթին: Ըստ այդմ էլ՝ հենց նա կարող է դառնալ նոր գրականության հերոսը:
Մեկ այլ՝ «Դիմանալ ու դիմակայել է պետք» խորագրով հարցազրույցում Փոքր Մհերի օտարմանն ու ներփակվածությանը Մաթևոսյանը մոտենում է Հովհաննես Թումանյանի ճակատագրի հետ զուգորդմամբ.
Ամենահոխորտուն տարիքում մտածեցի, որ «Անի» եմ գրելու, հետո դա մի կողմ ընկավ: Եկա, կանգնեցի, թե «Փոքր Մհեր» եմ գրելու. այդ տարիքում դեպի վաղը չես նայում. մտածում ես ծիածանագույն հեռուների, անցյալի նոստալգիական կանչերի մասին՝ քրոնիկոնների գեղեցկությունը հմայում է. մի խոսքով՝ հեշտ հաղթահարելիին ես գնում, այդ կանչերի մեջ «Փոքր Մհեր» մտածվեց, զուգահեռ մտածվեց՝ «Թումանյան» եմ գրելու, փոքր սխեմաներ կազմեցի, մեկ էլ տեսնեմ Թումանյանն ու Մհերը նույնն են բացարձակապես. և՛ պարտությունը, և՛ քարայրը, և՛ մահը. և տեսա, որ «Թումանյան» չեմ գրելու։
Իրական ու վիպական կերպարների նույնացման հիմքը մեծության ու ժամանակի բախումից ծնվող պարտության մոտիվն է։ Ըստ Հրանտ Մաթևոսյանի՝ Մհերն էլ, Հովհաննես Թումանյանն էլ պարտվել են ժամանակին, իրականությանը․ ստեղծագործող մեծ անհատը խեղդվել է ազգային ու անձնական ողբերգությունների մեջ։ Այս զուգահեռներում թերևս հեղինակը տեսնում է նաև իր ողբերգությունը․ զոհաբերել ամեն ինչ ու առաջին հերթին գրականությունն՝ առանց հերոսանալու հնարավորության։ Նույն զրույցում տեսնում ենք նաև վերևում բերված խոսքի նախնական տարբերակը Մհերի կերպարի, անորսալի թշնամու մոտիվը՝ որպես կույր ատելության խորհրդանիշ.
Գիտե՞ս, ինձ միշտ թվացել է, և այդպես է, թե Դավթի գործը Մհերի կռվից հեշտ է. անճոռնի, ահռելի, բայց նյութական ու իրական Մելիքի փոխարեն թշնամին Մհերի առջև նոր կերպարանք է առել՝ որ աննյութ ու անորսալի է, որ խփում է, բայց չի խփվում, հալածում է և չի հալածվում: Թուրքը՝ թուրք, և թուրքը մեր ամբողջ երկինքն անցյալից մինչև ապագա բռնել է, բայց մենք մի որևէ հայդուկի չափ ազնվորեն միամիտ էինք լինելու, եթե գոնե չփորձեինք կռահել այն անորսալին, որ թուրքին հայի և հային թուրքի թշնամի է անում։
Այսինքն, այս անգամ էլ և այս համատեքստում դրվում է իրականության ճիշտ ու սթափ ընկալման, ատելության պատճառների ու ակունքի ճանաչողության խնդիր։ Տեսանելի է, որ այս հակասական կերպարը հանգիստ չի տվել Հրանտ Մաթևոսյանին, ամեն անգամ նորովի բացվելով՝ մի նոր մոտիվով, իմաստային մի նոր երանգով։
Իսկ մեծ արձակագրի գրականության մեջ Փոքր Մհերի կերպարային կրկնօրինակ կարող ենք համարել «Տերը» կինովիպակի հերոս Ռոստոմին, ապա նաև այս գործի ավելի ընդգրկուն ու ամբողջական տարբերակ՝ միայն 2018 թ. հրատարակված «Տախը» վեպի նույնանուն կերպարին։ Միայնակ, իր տեղը չգտնող հերոսը տեսանելի նմանություններ է դրսևորում նմանատիպ էպիկական կերպարների հետ, մասնավորապես մեր էպոսի Փոքր Մհերի։ Ինչպես այդ հերոսները, Տերը օտարվում է իր իրականությունից ի թիվս այլ պատճառների, նաև նոր ժամանակներին անհամապատասխանության պատճառով.
Այդ՝ փոքր հայրենիքի, փոքր հայրենիքում մարդու ազատության և օտար վայրերում մարդու անազատության ժամանակներն անցել էին, ոչ ոք այստեղ օտարություն չէր քաշում, օտարը թերևս միայն մենք էինք, որ մեր հին ժամանակներից ընկել էինք նոր ժամանակներ:
Փոքր Մհերի կերպարի հետ կապված վերոհիշյալ մոտիվները գաղափարական ընդհանրություններ են դրսևորում նաև եվրոպական էքզիստենցիալ գրականության միայնակ ու օտարված հերոսի մոտիվաշարի հետ (Ֆ.Կաֆկա, Ա.Կամյու, Ժ.Պ. Սարտր): Իսկ հետանկախության առաջին տարիները նաև այդ գրականության զգալի ազդեցության շրջան են հայ արձակի համար: Այդ զուգահեռների մեջ է կերպարը դիտում նաև Հրանտ Մաթևոսյանը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Մեջբերումների աղբյուրը՝ www.hrantmatevossian.org