2025 թ․ մարտի 17-ին լրանում է մեծ հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 160-ամյակը։ Ի թիվս հայոց լեզվին, հին հայոց հավատալիքներին, հայ գրականության պատմությանը, հայ քնարական ու վիպական բանահյուսությանը նվիրված մեծարժեք ու մինչ օրս էլ արդիական կոթողային ուսումնասիրությունները, առանձնահատուկ անդրադարձի կարիք ունեն Մ․ Աբեղյանի՝ հայկական ազգային դյուցազներգությանը՝ «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ուսումնասիրությունները, հրատարակած գրքերն ու կազմած համահավաք բնագիրը։
Աբեղյանն ու ազգային էպոսը
Մ․ Աբեղյանին իրավամբ պետք է համարել մեր էպոսիւ ամենամեծ ուսումնասիրողը և այն հանրահռչակողը։ Մասնավորապես 1886 Էջմիածնում մոկացի Նահապետից(Նախո) գրառում և 1889 թ. Շուշիում հրատարակում է «Սասնա ծռեր» էպոսի երկրորդ տարբերակը: Գրում էպոսին նվիրված առաջին երկու ամբողջական ուսումնասիրությունները, որոնք հետագայում ամբողջանում են «Հայ վիպական բանահյուսություն» մեծարժեք ուսումնասիրության մեջ։ 1936 թ. սկսյալ Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի առաջարկությամբ Մ. Աբեղյանը Կ. Մելիք-Օհանջանյանի հետ միասին կազմում ու հրատարակում են «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակներն ընդգրկող 3 ժողովածու: Մ.Աբեղյանն է կազմել «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաքի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղի առաջին և երկրորդ մասերը:
Էպոսի համահավաքն ու խորհրդային գաղափարախոսությունը
«Սասնա ծռեր» էպոսի առաջին համահավաքի ստեղծումը պայմանավորված էր ԽՍՀՄ-ում 1930-ական թվականներին իշխող գաղափարախոսության ու պետական-կուսակցական քաղաքականության առանձնահատկություններով, դրանց հետ կապված բանահյուսության նկատմամբ հետաքրքրության աճով: Այսպես, 1938թ. որոշվում է 1939թ մայիսին անցակցնել «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսի հազարամյա հոբելյանը։ Սակայն խնդիրն այն էր, որ չկար էպոսի մեկ միասնական, լայն հանրությանը մատչելի բնագիր: Մինչ այդ, չհաշված էպոսի բանավոր տարբերակների հրատարակությունները մամուլում կամ առանձին գրքերով, և դրանց մի մասը ներկայացնող 1936 թ. պատումների ժողովածուն ու գրական մշակումները, չկար ընդգրկուն բնագիր, որը նաև պետք է թարգմանվեր ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով:
Համահավաքը պետք է հյուսեին Մ.Աբեղյանը, Ա.Ղանալանյանը և Գ.Աբովը: Բրիգադի նախագահ է նշանակվում Գ.Աբովը: Սահմանվում են նաև համահավաքի ստեղծման հիմնական ու մասնավոր սկզբունքները: Առաջին հերթին ստեղծվող բնագիրը պետք է հասանելի լիներ հանրության լայն շրջանակներին ու լիներ թարգմանելի, բնականաբար համապատասխաներ երկրում իշխող գաղափարախոսության և ազգային քաղաքականության սկզբունքներին:
Համահավաքի կազմության սկզբունքներով սահմանավում են նաև բնագրի աղբյուրներն ու աշխատանքի կերպը՝
«Ի մի հավաքել և հաջորդականությամբ խմբագրել գրի առնված 50 տեքստերի մեջ եղած այն բոլոր էպիզոդները, որոնք օրգանապես կապված են էպոսի սյուժեի զարգացման հետ», բնագրի հյուսման առանձնահատկությունները՝ «…առանձին տողեր ենթարկել ռիթմական միօրինուկության` դուրս չգալով էպոսի տողերի իմաստի ու շարահյուսության սահմաններից», լեզվաոճական նկարագիրը՝ «Տարբեր պատումների բարբառային առանձնահատկություններն ի մի բերելու և անհասկանալիությունները վերացնելու համար` տարբեր բարբառների հնչյունները մոտեցնել արարատյան բարբառի հնչյուններին, պահպանեով արևմտյան բարբառների մի շարք քերականական ձևեր` ինչպես, օրինակ, «տ», «տի», ձևերը և «կ»-ի գործածումը ներկա ժամանակի համար, սակայն հիմնականում էպոսը պատմել անցյալ կատարյալ ժամանակով»:
Էպոսի առաջին ճյուղը մշակում է Մ․ Աբեղյանը։ Նախանշված սկզբունքներին հավատարմությամբ հյուսված բնագիրը, սակայն, հոբելյանական կոմիտեի քննարկումների ժամանակ ենթարկվում է քննադատության՝ ընտրված որոշ մոտիվների, կառուցվածքային ձգձգվածության և այլ առանձնահատկությունների պատճառով:
Պահպանվել են կոմիտեի` 1938 թվականին տեղի ունեցած նիստերի սղագրությունները, որտեղ հստակ տեսանելի է նիստերի մասնակիցների միտումը` համահավաք բնագրից դուրս թողնել «կրոնական մոտիվներն» ու ընդհանրապես «կրոնական ոգին», ինչին ընդդիմանում է համահավաքի առաջին ճյուղի կազմող ու էպոսի լավագույն գիտակ Մ. Աբեղյանը:
Այսպես, Մ.Աբեղյանից պահանջում են, օրինակ, խմբագրել էպոսի առաջին ճյուղի՝ Սանասարի՝ զենքերը ծովի հատակում գտնվող եկեղեցում գտնելու մոտիվը: Առաջարկվում է էպոսից դուրս թողնել նաև բոլոր հոգևորականներին ու քրիստոնեական ծիսական արարողությունների հետ կապված մոտիվները:
Այս դիտողություններին մեծ հայագետը հակադարձում է, որ այդ մոտիվների չընդգրկումը կզրկի համահավաքը ժողովրդական ոգուց, հավաստիությունից.
«Կրոնականը, ճիշտ է, շեշտված է. ես համաձայն եմ, որ կրոնական <մոտիվների> որոշ մասը հանենք, բայց մենք չենք կարող կրոնական <ոգին> ամբողջովին հանել, որովհետև մենք գիտենք, որ ժողովուրդը պատերազմից առաջ պատարագ է անում: Այդպիսի բաները հանելուց` մենք վեպը կզրկենք ժողովրդայնությունից: Կան արտահայտություններ, որոնք չենք կարող հանել, որոնք դարձել են մեր ժողովրդի սովորական արտահայտությունները: Օրինակ` գյուղացին ասում է. «Ձին խոսում է աստծու հրամանով»:
Այդուհանդերձ, բուռն քննարկումների ու համահավաքի հեղինակային խմբի լարված աշխատանքի արդյունքում, շատ կարճ ժամանակում ստեղծվում է էպոսի համահավաքը: Առաջին անգամ հենց այս բնագրում է մեզ ծանոթ ամբողջական տեսքով ներկայացվում Սասնա ծռերի դյուցազնական տոհմի չորս սերունդների պատմությունը:
Անկախ քննադատությունից, այստեղ հեղինակներին հաջողվել է պահպանել պատումների հիմնական մոտիվաշարը, ազգագրական կոլորիտն ու առանձնահատկությունները:
Իհարկե, էպոսի մյուս ճյուղերում նկատվում է խորհրդային գաղափարախոսության ազդեցությունը և անկախ Աբեղյանի ընդդիմությունից, համահավաքի կազմության ժամանակն արտացոլվում է բնագրում, սակայն, այդուհադերձ, մեծ հայագետը բարեխղճորեն կատարում է իր գործը։
Բնագրի հրատարակությանը նախորդող քննարկումների ժամանակ էլ որոշվում է բանավոր տարբերակներում տարբեր անվանումներով ու ծավալներով փոխանցված էպոսը անվանել ոչ թե ընդհանուր «Սասնա ծռեր» կամ «Սասնա տուն», այլ երրորդ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սասունցի Դավիթ»։ Այս ընտրությունը պայմանավորված էր ինչպես բովանդակային ու գաղափարական, այնպես էլ ավելի գործնական պատկերացումներով․ էպոսը պետք է թարգմանվեր Խորհրդային միության ժողովուրդների լեզուներով, իսկ «ծուռ» բառը շատ դժվար է միանշանակ թարգմանել։