Վան քաղաքի մոտ՝ Վանա բերդից հյուսիս-արևելք` կիսաշրջանաձև ձգվող մի լեռնագոտու վրա է գտնվում մեր մշակութային գիտակցության ամենատարողունակ խորհրդանիշերից մեկը՝ Մհերի դուռը, որը հաճախ նաև Ագռավաքար է կոչվում։ Դա այն վայրն է, որտեղ ըստ մեր ազգային էպոսի հոր անեծքից հետո փակվել է էպոսի չորրորդ ճյուղի հերոս Փոքր Մհերը և խոստացել է վերադառնալ, երբ «Ցորենը լինի մասուրի չափ, իսկ գարին՝ ընկույզի» այլ տարբերակներում՝ Քրիստոսի երկրորդ գալստին՝ Ահեղ դատաստանի ժամանակ։
Էպոսում Մհերի դռան տեղակայման վայր լեռնագոտին նաև Տոսպան բլուր է կոչվում՝ Վան-Տոսպ-Տուշպա անունից։ Լեռնագոտիի արևմտյան հատվածի մի բլուր կոչվում է «Ակրփի», որը թերևս ժողովրդական ստուգաբանությամբ էպոսում դարձել է Ագռավաքար, կամ հետագայում է ստացել «Ակրփի» անունը։ Նույն լեռնագոտու արևելյան հատվածում է գտնվում «Զըմփզըմփ մաղարան» կամ քարայրը, որ ստորգետնյա քարայրների թունելով կապված է Ակրփիի հետ։
Այս երկու վայրերի՝ մեջտեղում՝ ժայռի ստորոտից 20 մետր բարձրության վրա, մի ժայռ կա, որի վրա ուղղանկյուն՝ դռան նմանվող տաշված մի խորշ է՝ 4,45 մ բարձրությամբ և 1,83 մ լայնությամբ։ Այդ խորշում սեպագիր արձանագրություններ կան։ Հենց այս ուշագրավ հուշարձանն էլ ժողովուրդն անվանում է Մհերի դուռ։
Փաստորեն Մհերի դուռը կապում է Ագռավաքարն ու Զըմփզմփ անունով քարայրը և ժողովուրդը հավատում է, որ Փոքր Մհերը փակված է այդ քարայրներում և այդտեղից դուրս է գալու Մհերի դռնով։ Ուրարտագետները վաղուց վերծանել են Մհերի դռան սեպագիր արձանագրությունները և պարզել, որ այն ստեղծվել է Ուրարտուի Մենուա և Իշպուինի թագավորների հրամանով և նվիրված է Խալդի Աստծուն։ Այնտեղ բավական մանրամասն ներկայացվում են Վանի թագավորության Ք․Ա․ 9-րդ դարի վերջին քառորդի շրջանի պաշտոնապես ընդունված բոլոր աստվածներն ու աստվածությունները և առաջին հերթին գլխավոր աստված Խալդին։ Եվ մինչ Մհերի կամ Միհրի հետ կապվելը, այս դռնաձև խորշն ու քարաժայռը կոչվել են Խալդիի դարպասներ։ Արձանագրությամբ մեջ թվարկվում են ուրարտական աստվածներն ու աստվածուհիները և նրանց զոհաբերվող կենդանիները՝ ուլեր, ցլեր, ոչխարներ ու կովեր։
Ուշագրավ է, որ բացի զոհաբերությունների մասին տեղեկատվությունը արձանագրության վերջում հիշատակվում են նաև երկրագործության, մասնավորապես խաղողագործության ու գինու պատրաստման հետ կապված ծեսեր․
․․․Իշպուինի Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին խաղողուտ նոր հիմնեցին, Խալդի աստծուն նույնիսկ անտառ նոր հիմնեցին: Ոչ (մի) բան այնտեղ կառուցված չէր: Իշպուինի Սարդուրորդին (և) Մինուա Իշպուինորդին ապարանք նոր հիմնեցին, հաստատեցին կարգ. — երբ ծառերը (խաղողի) էտվեն (՞), Խալդի աստծուն 3 խոյ թող զոհաբերվի, 3 խոյ` աստվածներին բոլոր. երբ խաղողուտը կառուցվի (խչմարվի), Խալդի աստծուն 3 խոյ թող զոհաբերվի, 3 խոյ՝ աստվածներին բոլոր. երբ խաղողուտը (խաղողի բերքը) հավաքվի 3, Խալդի աստծուն 3 խոյ թող զոհաբերվի, 3 խոյ՝ աստվածներին բոլոր, -վկայում է արձանագրությունը։
Մհերի դռան արձանագրության այս հատվածն էլ հնարավորություն է տվել ուսումնասիրողներին ենթադրելու, որ Խալդին ոչ միայն գերագույն աստծու, արևի ու պատերազմի գործառույթներ է ունեցել, այլ նաև հովանավորել խաղողագործությունն ու գինեգործությունը։
Հնագետ Սիմոն Հմայակյանը նշում է, որ այստեղ հիշատակվում են խաղողի մշակության հետ կապված աշխատանքային երեք փուլեր՝ խաղողի էտումը, խաղողի խչմարումը և բերքահավաքը։ Տարվա տարբեր ամիսների՝ մարտին, մայիսին և օգոստոսին անցկացվող այս աշխատանքներն ուղեկցում էին տոնախմբություններով ու կենդանիների զոհաբերություններով, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, կատարվում էին Մհերի դռան կամ Խալդիի դարպասների առջև, նաև Խալդիին նվիված այլ տաճարներում կամ նմանատիպ դռնաձև վայրերում․
Ամենայն հավանականությամբ, Մհերի դռան արձանագրությունը հիմնադրվել է այս տոնի կապակցությամբ. տոն, որը ըստ այդ արձանագրության տվյալների կատարվել է «Արևի (Շիվինիի) ամսին» և այդ ժամանակ է կարգադրվում զոհեր մատուցել Ուրարտուի բոլոր աստվածություններին ու «սրբություններին»: Ֆ. Վ. Քյոնիգի կարծիքով, ուրարտական «Արևի ամիսը» համապատասխանել է մարտին: Այս առումով ուշագրավ է, որ հայոց տոմարում մարտ ամիսը ձոնված էր արևին և կոչվում էր Արեգ․․․,- գրում է Ս․ Հմայակյանը։
Փաստորեն խաղողագործությունը այնքան կարևոր նշանակություն է ունեցել Վանի թագավորությունում, որ դրան նվիրված հատուկ ծեսերը հիշատակվել են թագավորական արձանագրություններում ու տաճարներում։ Հնագիտական պեղումները փաստում են այս շրջանում Հայաստանում մշակվող խաղողի տեսակների, պատրաստվող ու արտահանվող մեծաքանակ գինու մասին։ Խաղողի որթատունկերի գտնված մնացորդների մեջ ուսումնասիրողներին հաջողվել է տարբերել «Ոսկեհատ» (խարջի), «Գառան դմակ», «Արարատի» ու «Սև խաղող» տեսակները, որոնք Հայաստանում աճեցվում են մինչ օրս։ Բնակլիմայական պայմանների ու ոռոգման զարգացած համակարգերի շնորհիվ Վանի թագավորությունը եղել Առաջավոր Ասիայի գինու գլխավոր արտադրողը, ինչն էլ որոշակիորեն արտացոլվել է Մհերի դռան արձանագրության մեջ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Ս․ Հմայակյան, Վանի թագավորության պետական կրոնը, Երևան, 1990:
Ա․Պետրոսյան, Հայկական ավանդական դրամայի ակունքների շուրջ, Պատմաբանասիրական հանդես, 2006: