2025 թվականի փետրվարի 17-ին լրանում բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը։ Գրական ասպարեզ մտնելով 1960-ական թվականների վերջին՝ բանաստեղծն իր առաջին գիրքը հրատարակել է 1974-ին։ «Երգերի պսակ» ժողովածուին հաջորդում են երկու տասնյակ գրքեր՝ բանաստեղծական ժողովածուներ, մանկական ու թարգմանական գրքեր, հրապարակախոսություն և այլն։ Ետմահու՝ 2016 թվականին ընդամենը 71 հատ (հեղինակի կյանքի տարիների թիվը խորհրդանշող) լույս է տեսնել Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» պոեմը։ Այն ետանկախության շրջանի գրականության սիրելի հերոս Փոքր Մհերին ու էպոսին անդրադարձի մի ինքնատիպ դրսևորում է, որը ի տարբերություն էպոսին գրական այլ անդրադարձների բերում է Արցախյան ազատամարտի հետ կապված հարցադրումներ։
Փոքր Մհերի վերադարձը
«Նեոդյուցազնական» հեղինակային ժանրաբնութագրումը հուշում է, որ այս պոեմը էպոսի մշակում չէ, այլ այն արդիականացնելու փորձ, որը ներառելու է հեղինակի ժամանակի ու իրականության նշաններ ու մոտիվները։ Պոեմը ձոնված է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին և հեղինակի սահմանամբ էպոսին անդրադարձի նպատակն է՝ ««եղեռնի և երկրաշարժի միջև» ընկած ժամանակի ու տարածության միջով, քննում մեր գոյության փիլիսոփայության նախահիմքերը»։ Դիպաշարը կառուցվում է Էպոսի՝ որպես ժողովրդի կենսագրության մի կողմից և մյուս կողմնից՝ հեղինակի՝ կամ նրա կերպարի՝ Դավիթ Տարեգրի կենսագրության զուգահեռմամբ։
Պոեմի առաջին գլխում տեսնում ենք քարայրում փակված Մհերին, որն անհաղորդ է արտաքին աշխարհից եկեղ ձայներին, մինչև որ նոր ժամանակների ձայներն են նրան քարայրից դուրս բերում։ Հերոսը դուրս է գալիս և զարմանում է աշխարհի խաղաղությամբ, հողի ամրությամբ.
«Այս ի՞նչ բան է,– խորհում է Մհեր ինքնին,–
այսպիսի հաշտ լուսին՝ երբեք դեռ չէր եղել,
աշխարհն էլ այսքան չէր եկել իմ քիմքին,
հողն էլ, ահա, չի թողնում ոտնահետքեր,
դիմանում է քայլիս, պնդում կրնկիս տակ
կոշտանում է՝ ինչքան գնում եմ հյուսիս»
– Հյուսիս էր գնում, Մասսա կողմն հակառակ
Զի հնչում էին ձայները-Սիս ու Մասսից (էջ 14-15)։
Մհերը դուրս է գալիս քարայրից անցնում է Արաքս գետը, հիանում ու զարմանում նոր Հայաստանով, որի ձայներն էին նրան դուրս բերել Ագռավաքարից։ Ի տարբերություն էպոսի գրական նախորդ արձագանքների, որտեղ հերոսները իրենք էին գնում Փոքր Մհերին փնտրելու, այստեղ՝ Փոքր Մհերն է հյուրընկալվում հեղինակի՝ Ջրվեժում գտնվող առանձնատանը։ Ըստ այդմ էլ՝ պոեմի թեմատիկ գաղափարական առանցքը ոչ միայն երկրի ներկա վիճակի ներկայացումն է կամ անցյալի փառքերի վերակենդանացումը նրան հոգեհարազատ հերոսի միջոցով։ Փոքր Մհերին հիացնում է Մասիս սարը և տխրեցնում, որ այն թշնամուն են թողել։ Բանտված Մասսի մոտիվը հնարավորություն է տալիս բանաստեղծին՝ Դավիթ Տարեգրի միջոցով անդրադառանալու հայոց նախնիների ապիկարությանը, հայրենիքի կորստի ողբերգությանը.
…ավելի մեծ կորուստ, քան կորուստը Մասսի՝
Չէր կարող լինել նույնիսկ Հայոց Եղեռն,
Որովհետև Մասիսն ազգը պիտի պահեր,
Իսկ ժողովուրդը պիտի պահեր-Մասիս… (էջ 32)։
Ընդհանրապես Արարատը նույնացվում է հայի ինքնությանը և նրա ազատագրումը ընկալվում է որպես ազգային ոգու, ուժի ու հավատքի վերածնունդ։ Բանաստեղծի հետ նույնացող հերոսի՝ Դավիթ Տարեգրի, վերաբերմունքը իրականության նկատմամբ, դժգոհությունը պատմության ընթացքից, իշխանություններից, «ծռությունն» ու ուղղամտությունը, ըստ բանաստեղծի բնութագրական են նաև Փոքր Մհերի համար և այս կերպարների նույնացման հիմքն են։
Հոգեբանական առումով հերոսի ու բանաստեղծի նույնացման ձգտումներն արտահայտում են մտավորական-բանաստեղծի ինքնամեկուսացումը և չարվածի մասին ամփսոսանքը․
Այս է։ Երբ դյուցազունը չի անում դյուցազնություն
ու երբ մտածել է սկսում եթե,–
ապա թլոր-թլվատ Դավթից ազնորդի –
ծնունդ է առնում մի սիղղոբա հետզհետե,
ու սկսում է ոչ թե՝ զարկել, այլ հարց տալ,ու երբ հարցերին – չի գտնում դատաստան,
ապա ծանրանում է և՛ միտքը հստակ
և՛ մարմինը… (էջ 9-10)։
Ըստ այդմ էլ՝ Մհերի կերպարը ընկալվում և ներկայացվում է նրա անհասկացվածության, չհարմարվողականության ավանդական մոտիվներով․
… և այս աշխարհը – քո աշխարհը չէր,
և քո աշխարհը – դու փնտրում էիր,
և փնտրում էր հոգիդ – մի խև հաշտարար,
որ քեզ հաշտեցներ – քո ապրած տեղին,
որ քեզ հաշտեցներ – քո իսկ ժամանակին… (էջ 10):
Փոքր Մհերը Արցախում
Պատումը շարունակվում է Մհերի ու Դավթի զրույց-ճանապարհորդությամբ, որն ընթանում է պատմության ու ներկայի միջով։ Հերոսները քննարկում են փառավոր անցյալի ու անփառունակ ներկայի, արտաքին թշնամու ու ներքին թուրքի, սոցիալական անարդարության, «նոր եղեռն՝ արտագաղթի» թեմաները։ Հերոսը գալիս է կայարանամերձ
հրապարակ, սակայն հիացմունքի փոխարեն հիասթափություն է ապրում։ Սասունցի Դավթի արձանի հերոսականությունից ու վեհությունից մի կողմից, մյուս կողմից՝ շրջապատող խղճուկ իրականության հակադրությունից ծնվում են բողոքն ու դժգոհությունը.
Իսկ դուք հավաքվել եք-առնետ, մկլեզ ու մուկ,
Դավթին արձան դրել-Դավիթ եք խաղում,
Բայց չէ հավատում Դավթին – ձեր այդ խաղում,
և փչացնում իմ հեր Դավթին-մկան խաղքում։
Հանեք իմ Դավիթ հոր արձանն այս խեղճ տեղից,Թե՞ իմ հեր Դավիթ – խեղճացել է այնքան,
Որ հարմար է գալիս այս կեղտ ու աղտեղին… (էջ 42)։
Դավիթ Հովհաննեսի պոեմի հերոսների երևանյան շրջագայությանը հաջորդում է ճանապարհորդությունը Սյունիք ու Արցախ՝ հայոց պատմության վերջին հաղթանակների վայրեր։ Ճանապարհին Դավիթ Տարեգիրը Մհերին ներկայացնում է վերջին հազար տարիների պատմությունը, մինչև որ հասնում են կարմիր կակաչների խորհրդանշական դաշտ, ինչն էլ զոհաբերման ու դրա նպատակի, Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին խորհրդածությունների հնարավորություն է տալիս.
Մատաղ ենք անում մեր կյանքն Արցախին
մեր կյանքը երազ, իղձերն անկատար,–
և քանի դեռ թուրք ոսոխը զարկի՝
մենք պիտի լինենք Արցախին սատար… (էջ 48)
Պոեմի գագաթնակետը՝ Արցախում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում երկու հերոսների հանդիպումն է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ՝ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։ Երեք կերպարների՝ տարեգրի, էպոսի հերոսի ու հոգևորականի հանդիպումը խորհրդանշում է ժողովրդի միասնությունը՝ դրա վրա հիմնված ազգային ոգու կենսունակությունը, որն էլ, հեղինակային ընկալմամբ, հետագա հաղթանակների գրավականն է։ Իսկ որպես թշնամուն զսպելու նաև հետագա հաղթանակների պայման, Սասունցի Դավթի արձանն ըստ հեղինակի պետք է կանգնեցվի Շուշիում՝ թուրն ուղղված թշնամիների կողմը։
Աղբյուրը՝ Հայկ Համբարձումյան, Անկախության «Սասնա ծռերը» Երևան 2021։