1840 թվականի նոյեմբերի 17-ին է ծնվել հայ բանագիտության ու ազգագրության ուսումնասիրության հիմնադիր Գարեգին Սրվանձտյանցը: Գ.Սրվանձտյանցի գրառած նյութերն ու ուսումնասիրությունները կարևորագույն նշանակություն են ունեցել մեր ժողովրդական մշակույթի ճանաչողության ու հանրայնացման, ազգային ոգու զարթոնքի համար: Նրա բազմազան ու հրաշալի գրառումներից առանձնանում է, իհարկե, «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության առաջին տարբերակը:
1873 թ. Գարեգին վարդապետը Մշո Առնիստ գյուղում Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» անունով պատումը, որը հրատարակում է մեկ տարի անց՝ 1874 թ.: Մեծ բանահավաքին, նվիրյալ ու հայրենասեր մարդուն իրավամբ տրվում է մեր էպոսի հայտնագործողի պատիվը: Էպոսի առաջին տարբերակի գրառումը, ամբողջությամբ փոխում է հայ էպիկական բանահյուսության ուսումնասիրության՝ Գարեգին Սրվանձտյանցից փոքր-ինչ վաղ՝ 19-րդ դարի կեսերին սկսված ընթացքը: Կենդանի շրջանառվող էպիկական պատումի հայտնաբերումը նախ ժխտում է այն կարծիքը, որ հայերը էպոս կամ դյուցազնական վեպ չունեն, և երկրորդ, հնարավորություն է առաջանում «Սասնա ծռերի» լույսի ներքո քննելու հայ մատենագրության միջոցով ավանդված առասպելական-էպիկական պատառիկները: Վերականգնվում է հայ ժողովրդի էպիկական ավանդության անցյալի ու ներկայի կապը. տարբեր դարերի ստեղծագործությունները դիտարկվում են մեկ ընդհանուր համակարգով, գաղափարական ու գեղարվեստական ժառանգորդությամբ:
Գարեգին վարդապետն ուներ մեծ ու հավակնոտ ծրագիր. փոշիներից մաքրել, փրկել ու ժողովրդին վերադարձնել նրա ստեղծած բանահյուսական գանձերը, նպաստել լեզվի մաքրմանը, բարբառների փրկությանն ու ուսումնասիրությանը, խթանել ազգային ինքնության զարթոնքը: Եվ չնայած էպոսի ընդունելության վերաբերյալ բանահավաքի թերահավատությանը, «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռն» ակամա դառնում է Գ. Սրվանձտյանցի ծրագրի իրագործման գլխավոր միջոցը: Նախ, էպոսը համադրական ժանր է. այստեղ միախառնվում են երգն ու խոսքը, բանահյուսական տարբեր ժանրեր՝ առասպել, ավանդություն, երգ, անեծք, օրհնանք, առած ու ասացվածք: Մեր էպոսում ներկայանում են ժողովրդի կյանքը, կենցաղը, պատմությունը, հավատալիքները, սրբազան վայրերը, աշխարհագրական ու բնական միջավայրը, բարբառային հարուստ ու բազմազան ներկապնակը, և ի վերջո՝ ազգային ոգին: Եվ ինչպիսի վիճակում գտնվում էր հայրենիքն ու ժողովուրդը, այնպիսի վիճակում էլ գրառման ժամանակ գտնվում էր ազգային էպոսը: Եվ բանահավաքից մեծ խորաթափանցություն էր պահանջվում այս գանձը նկատելու, գրառելու և ուսումնասիրելու համար։ Քանի որ, ինչպես վկայում է Գ․ Սրվանձտյանցը՝ այս վեպը, կամ պատմությունը, պատմվում է հազվադեպ և ոչ ամբողջական․
«Դաւիթ Սասունցի կամ Մհերի դուռ վէպը, զոր երեք տարի հետամուտ եղայ ձեռք
բերելու եւ ոչ ոք գտայ, որ ամբողջապէս գիտենար»:
Հետագա գրառումները ցույց տվեցին, որ էպոսի ամբողջականությունը հարաբերական հասկացություն է, և կան տարբեր խմբերի պատումներ, որոնք կարող են ունենալ 1-4 ճյուղ։ Հենց առաջին տարբերակը Մշո խմբի այն պատումներից է, որտեղ բացակայում է մեզ հայտնի Մեծ Մհերի ճյուղը։
Բանահավաքի հաջորդ կարևոր դիտարկումը կապված է էպոսի նախկին, ավելի ընդարձակ ու երգային վիճակի վկայության հետ.
«Սա կը պատմէր, թէ իւր վարպետը շատ ընդարձակն գիտէր այս պատմութեան, եւ թէ մէջ ընդ մէջ շատ տեղեր ոտանաւոր խաղեր կային, որ ձայնով կ՚երգէր։
Թէ՝ այդ վարպետը երկու վռշիկ աշակերտ ունէր, որոնք շատ կատարեալ սորված էին, եւ թէ ինքն՝ բաւական ժամանակ պատմած չլինելով, շատ կտորները մոռացած էր»
Այս վկայությունից կարող ենք ենթադրել, որ վիպասաց Կրպոյի ուսուցիչը Մոկացի է եղել, քանի որ երգային հատվածներ հանդիպում են միայն Մոկաց խմբի պատումներում։ Իսկ «վռշիկ» աշակերտները՝ ռշտունեցիներ են, այսինքն կապված են Մոկաց տարածաշրջանի հետ։ Ինչպես վկայում է մեկ այլ բանահավաք՝ Սարգիս Հայկունին, հենց նրանք էին էպոսի հիմնական տարածողները։
Ապա առաջաբանում հաջորդում են գրառված բնագրի ժանրային պատկանելության, վիպասացման գործընթացի և, ի մասնավորի, գրառված տեքստի ձևի և բովանդակության վերաբերյալ մի շարք ընդհանուր առանձնահատկությունների նշումներ, որոնք բնութագրական են էպոսի համար ընդհանրապես, և մասնավորապես, Մշո խմբի պատումներին. բանավոր ավանդման ու տարածման արդյունքում առաջացած բարբառների խառնուրդ, պատմական ու առասպելական շերտերի համադրում, ազգային կյանքի ու հայ ժողովրդի բարոյական նկարագրի դրսևորումներ, էպոսի աշխարհագրություն։
Լեզվական-բարբառային առանձնահատկություններ․
«Պատմիչի լեզուին մէջ Բաղիշեցւոց բառեր կան գործածուած. պատճառն այն է, որ Պատմիչի գեղը թէպէտ Մշոյ կը պատկանի, բայց Բաղիշոյ մօտակայ է. ընդհանրապէս Խոյթայ և Չուխուրայ գեղերու Հայոց լեզուն այս տիպն ունի»:
Պատմական և առասպելական շերտերի առկայություն․
«Կը տեսնուին այս ասացուածքին մէջ այնպիսի կտորներ, որ պատմագրութեանց կը համաձայնի. բայց և կտորներ ալ կան, որ բոլորովին ժամանակագրութեան, տեղագրութեան և ամեն հանգամանաց հակառակ են: Դէպքեր, որ յառաջ քան զՔրիստոսն են, քրիստոնէաբար կը զրուցուին. և Սանասարի ու Ադրամէլէքի ժամանակը Մշոյ Ս. Կարապետի վանքն ու Հայերը խաչապաշտ կը ներկայացուին»:
Վիպական դիպաշարի և թեմատիկ գաղափարական առանձնահատկություններ․
«Ամբողջ այս զրոյցքը նկարագիր է քաջութեան, ընտանութեան, բարեպաշտութեան և պարզ ու անխորամանկ յարաբերութեան Դավիթին՝ իւր սիրուհւոյն հետ, իւր ախոյեանին հետ: Այս գրուածքը իւր բոլոր անկանոնութեամբ հանդերձ՝ հիանալի ոճեր ունի ասացուածքի»:
Աշխարհագրությունը․
«Ասոր մէջ յիշած Մըսըր գուցէ Մուսլ կամ Մուսուլ լինի, որ հաւանականութիւն կը վերցընէ եւ Սասնոյ տիրապետութեան սահմանէն շատ հեռու չէ։ Բաղդադն Բաղդադ է,
Խլաթն՝ Խլաթ, Կապուտկողն՝ Կապուտկող։ Նոյնպէս եւ միւս ամբողջ յատուկ անունով տեղերը ուղիղ են։ Իսկ Կաղզուանը Կարսայ մերձ է, եւ յայտնի է, որ վրաց
իշխանութեան տակ գտնուեր է այն գաւառը։ Խանդուդ խանում եւ Շըբըգան Խոռասական, Հըմզայ Լօռայ փէհլիվանները (ըմբշամարտները), որ այս խօսքերուն
մէջ կ՚երեւնան‚ գուցէ վիպասանից ծանօթ լինին եւ աւելի՝ Վրաստանի բնակչաց»:
Կերպարներ.
«Ադրամէլէքի կամ, պատմողի բառովն ըսեմք, Աբամէլէքի որդւոց անուններէն երեքը բոլորովին բանաստեղծական անուն կը թուին. Ճնճղափոքրիկ, Ցռանվէգին եւ Խորգուսանն։
Գուսանը երգիչ կը նշանակէ, իսկ առաջին երկու անունները չեն բացատրուիր։ Ձէնով Օհան եւ Դաւիթ Հայոցս ծանուցեալ եւ հասարակացեալ անուններ են, բայց
քրիստոնէութեան դարուն մէջ։ Արդէն Դաւիթի կեանքը եւ գործերը միջին դարուն կը վերաբերին, բայց անմիջական զաւակ լինել Ադրամէլէքին, այդ յաւիտենական առասպել է»:
Ազգագրություն.
«Այս գրուածքի մէջ կը տեսնէ հետաքրքիրն՝ գեղջկական կեանքի հանգամանքները. Աբամէլէքի մահուան համար սասունցւոց սուգը, Քեռի Թորոսի ուխտը, «Հացն ու գինի, տէրն կենդանի» երդումն, հպատակեցընելու համար թուրի տակէն անցընելու սովորութիւնը, Դաւթի եւ իւր հորթարած ընկերին մտերմութիւնը, Խանդուդ խանըմին աշուղ ղրկելը՝ Դաւիթը իրեն վրայ սիրեցընելու, Դաւիթի անվեհերութիւն եւ վեհանձնութիւնը, երբ Մսրամէլէքի հետ կը զարնուին, Խանդուդի քաջութիւնը եւ փէհլիվաններուն ճիւաղական նկարագրի ահագնութիւնը։ Ձէնով Օհանի ձայնի ոյժն եւ ահաւորութիւնը, եւ Մհերի զօրութիւնը, որ իսպառ անհամեմատ
մարդկանց կը կացուցանէ եւ երկրագունդն ալ զայն կրելու անբաւական»։
Գրառված բնագրի շատ սեղմ բայց դիպուկ բնութագրումները ցույց են տալիս Սրվանձտյանց բանահավաքի խորաթափանցությունը, անծանոթ նյութը բազմակողմանիորեն քննելու ու հասկանալու ունակությունը։ Էպոսի այն առանձնահատկությունները, որոնք նշում է Գ․ Սրվանձտյանցը հետագայում և մինչ օրս էլ ուղենշային են «Սասնա ծռերի» ուսումնասիրության համար։ Օրինակ՝ կապը Աստվածաշնչի հետ ու մեր մատենագրության միջոցով ավանդված Արծրունի իշխանական տան ստեղծման պատմությունը․
«Աստուածաշունչէն եւ մեր ազգի պատմութենէն յայտնի է, որ Ասորւոց Սինեքերիմ
արքան իւր Ադրամէլէք եւ Սանասար որդիքը կուռքին զոհ պիտի մատուցանէր։ Ասոնք ալ իրենց հայրը զոհեցին եւ փախստեայ եկան ի Հայս մեր Սկայորդւոյ ժամա-նակը։ Սանասարը բնակեցաւ ի Սասուն, եւ Ադրամէլէք՝ Վանայ ծովու կողմերը՝ Կապուտկողայ մօտերը»։
Այս խնդիրը անչափ կարևոր էպոսի ծագման հարցերը հասկանալու տեսանկյունից։ Արդյո՞ք էպոսը ազնվական միջավայրում ծնված, հետո գեղջակականացած ստեղծագործություն է, թե ծնվել է գյուղացիական ու արհեստավորական միջավայրում։ Մեր բանագետները տարբեր կերպ են մոտեցել այս հարցին․ Մ․ Աբեղյանը հակված է մտածել, որ էպոսը ազնվական է եղել, բայց գեղջկացել է։ Խորհրդային շրջանում, մասնավորապես Հովսեփ Օրբելու ուսումնասիրություններում, այս տեսակետը իշխող գաղափարախոսության ու էպոսների համապատասխան ընկալման ազդեցությամբ մերժվում է, քանի որ էպոսը համարվում է կոլեկտիվ, ժողովրդական ստեղծագործություն։
Առանձին ուշադրության է արժանանում Էպոսի չորրորդ ճյուղի հերոս Փոքր Մհերը.
«Ուրեմն այս կերպով Մհեր կը լինի աշխարհի բաղդը դարձընող ու ոսկի բաշխող չաստուած մը։ Գուցէ Մհերն ինքն Միհր մեծն լինի, եւ իւր դուռը ուղղակի հարաւոյ հանդէպ կամ արեւու լինելով՝ պաշտելու պատշաճ։ Բայց ներկայ վէպը այլապէս կը պատմէ»։
Բացի Մհերի կերպարն ու առասպելը, այս պատումը այլ հետաքրքիր առանձնահատկություններ ունի, որոնք թույլ են տալիս այն համարել մեր էպոսի լավագույն պատումներից: Սրանով հանդերձ այն բավական տարբերվում է մեզ հայտնի 1939 թ. համահավաքից:
Նախ, պատումը եռաճյուղ է, երկվորյակ եղբայրների անունը ոչ թե Սանասար և Բաղդասար է, ինչպես մոկաց պատումներում է ու համահավաքում, այլ՝ Աբամելիք և Սանասար: Ընդորում, նրանք ծնվում են, ոչ թե մեկ և կես բուռ ջրից, այլ բնական ճանապարհով: Բաղդադի խալիֆը հարձակվում է ոչ թե Հայաստանի վրա, այլ Սուրբ Կարապետի: Այլ ուշագրավ մոտիվներ էլ կան․
Եղբայրները նախ կառուցում են աղքատների տները։
Բերդի անունը դնում է թագավորը՝ Սան-սուն ստուգաբանությամբ։
Աբամելիքը ավելի հզոր է, նվաճում է Մսրը, թագավոր դառնում և զավակ ունենում:
Սանասարն էլ թագավորում է Բաղդադում։
Դավիթը չի անցնում թրի տակով։
Դավիթը կռվից առաջ մատաղ է անում Մարաթուկում, լողանում երիջների արյան մեջ։ Աղոթքից հետ ստանում իր սանրն ու սուրբ Նշանը՝ Խաչ Պատարագինը։
Էպոսի հայտնաբերումը նորոգում է մեր անցյալի պետականության, մշակույթի, պատմության ու 19-րդ դարի իրականության կապը, խթանում ազգային ինքնության սահմանման ընթացքը: Միաժամանակ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռը» մեծապես նպաստում է Հայաստանի երկու հատվածների միմյանց մշակույթների ճանաչողությանը:
Էպոսի շուրջ ու խթանմամբ սկսվում է ինքնաճանաչողության ու ազգաճանաչողության մի մեծ շարժում, որը շարունակվում է մինչ օրս։ Էպոսի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն չի մարում, այլև ժամանակ առ ժամանակ կրկին ակտիվանում է և դրսևորվում ոչ միայն մշակութային, այլև հասարակական ու քաղաքական կյանքում։ Էպոսն ապրում է մեր կոլեկտիվ հիշողության մեջ՝ համախբում, միավորում, ապագայի հույսեր պարգևում։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան