Ընթերցանության մշակույթ
Մենք հաճախ դժգոհում ենք, որ քիչ են կարդում, չկա ընթերցանության մշակույթ, բայց չենք անդրադառնում, որ մեզ մեր ժամանակ և այսօր էլ մեր երեխաներին չեն սովորեցնում ընթերցել: Իհարկե, դպրոցում կարդալ սովորեցնում են, բայց մեր գրականության դպրոցական ծրագրերը կամ շատ հագեցած են, կամ ընտրված գործերը և դրանց մեկնաբանությունները չեն համապատասխանում տարիքային պահանջներին: Նաև այս պատճառով ընթերցանությունը չի դառնում պահանջ ու սովորություն, չի ձևավորվում կարդալու մշակույթ: Այդ մշակույթը ենթադրում է ընթերցանության որոշակի կերպ ու նպատակ, համապատասխան որոշակի տարիքի և իհարկե, ճիշտ ընտրված գրականություն։ Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել կարդալ, որպեսզի կարդանք ամբողջ կյանքի ընթացքում, հաճույքի ու ինքնազարգացման համար, ոչ թե քննություն հանձնելու կամ մասնագիտական առաջխաղացման:
Վիճակն ըստ հետազոտության*
Հայաստանի Հանրապետությունում ընթերցանության վիճակի վերջին ուսումնասիրությունը կատարվել է 2012 թվականին: Տարիքային տարբեր խմբերում(18-34 և 35-54 տարեկաններ) կատարված հարցումները պարզել են, որ անկախ տարիքից, հարցված մարդիկ ընթերցել սկսել են դպրոցում՝ պարտադրանքով կամ համապատասխան միջավայրի ազդեցությամբ: Հիմնականում ընթերցել են անձնական գրադարանների գրքեր, մասամբ՝ դպրոցական:
Մեծահասակների կարծիքով ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորման գործում կարևոր դերակատարություն ունեն դպրոցն ու ուսուցիչները: Կարևորվում է նաև հանրային նշանակություն ունեցող մարդկանց և հատկապես քաղաքական գործիչների օրինակը: Այսօր չկարդալու գլխավոր պատճառը ազատ ժամանակի բացակայությունն և գրքերի քննարկման (կիսվելու, ընթերցածը քննարակելու) համապատասխան միջավայրի բացակայությունը:
Երիտասարդների համար գրքի հիմնական գործառույթը՝ ճանաչողականն է, փորձի փոխանցումը, ապա՝ տեղեկատվականը: Մեծահասակները գիրքը նույնպես դիտում են որպես տեղեկատվության աղբյուր, նաև միտքը զարգացնելու, խոսք ձևավորելու միջոց, բայց, ցավոք, ոչ հոգևոր հարստացման կամ գեղագիտական հաճույքի միջոց:
Ինչպիսի՞ գրքեր են կարդում
Երիտասարդները նախընտրում են էլեկտրոնային գրքեր՝ հասանելիությամբ պայմանավորված, իսկ ավագները՝ ավանդական: Մեծ մասամբ ընթերցում են հայերեն, մասամբ ռուսերեն: Նախընտրում են թարգմանական գրականություն: Սիրված ժանրն է վեպը: Ժամանակակից հայ գրականությանը լավ ծանոթ չեն: Նոր հրատարակված գրքերի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը համացանցն է, նաև մամուլն ու հեռուստատեսությունը: Հարցվածներ շուրջ 56%-ը նշել է, որ կարդում է գեղարվեստական գրքեր, 42%-ը՝ տպագիր թերթեր կամ ամսագրեր, շուրջ 34%-ը նախընտրում է կարդալ տպագիր մասնագիտական գրքեր: Էլեկտրոնային նյութերից համեմատաբար ավելի շատ ընթերցողներ ունեն էլեկտրոնային թերթերը և ամսագրերը (շուրջ 14%) և մասնագիտական գրքերը (շուրջ 9%):
Մանկապատանեկան ընթերցանություն
Իհարկե, ընթերցանության մշակույթը առաջին հերթին սկսում է ձևավորվել տանը և դպրոցում: Դպրոցում պարտադրանքով ընթերցված հայ գրականության ծրագրային գործերը հաճախ ոչ միայն չեն նպաստում ընթերցասիրության ձևավորմանը, այլև խանգարում են: Տանը երեխաները ավելի հաճախ ծնողներին չեն տեսնում գիրք ընթերցելիս, շատ տներում արդեն գրադարաններ չկան: Ընդ որում, տանը գրքի ու գրադարանի բացակայությունը պայմանավորված չէ ընտանիքի բարեկեցությամբ: Իսկ այն ծնողներն էլ, որոնք կարդում են հաճախ խորհուրդ են տալիս երեխաներին, իրենց սիրած հեղինակներին, որոնք չեն համապատասխանում երեխայի տարիքին ու նրա ապրած ժամանակին։
Խնդիրներ ունենք նաև հայ մանկական գրականության հետ, այն առումով, որ այն մեծ մասամբ հնացել է։ Օրինակ, Խորհրդային շրջանում լավ մանկական վիպակներ ու պատմվածքներ կային, օրինակ Վախթանգ Անանյանի գործերը, որոնք ես սիրով կարդում էի, բայց իմ երեխային խորհուրդ չեմ, տա քանի որ այլ ժամանակի ծնունդ են և հնացել են։ Այսօր որքանո՞վ է ընթերցելի սովետական շրջանի մանկագրությունը կամ պատանիների համար նախատեսված գրականությունը, դժվար է ասել:
Այս տեսանկյունից մեր ժողովրդական հեքիաթները նույնպես դժվարընթերցելի են, քանի որ բարբառով են ու հիմնականում գյուղական իրականության մասին, իսկ մեր երեխաները հոլիվուդյան ու ռուսական մուլտֆիլմերում տեսնում են ասպետների ու արքայադուստրերի։ Ազնվական-հեքիաթային կյանքի բացակայությունը պետք է ինչ որ կերպ լրացնել:
Հովհ․ Թումանյանի հեքիաթները և մանկական բանաստեղծությունները թեև ամենից վաճառվողն ու ընթերցվողն են, բայց շատերն ասում են, որ դրանց մի մասը, օրինակ «Չարի վերջը» կարող է վնասել երեխայի հոգեբանությանը։
Մեծահասակների ընթերցանությունը
Մենք, իհարկե, ավելի հաճախ քննարկում ենք մանկական ընթերցանությունը, բայց նույն խնդիրը մեծ չափով կա մեծահասակների ընթերցանության հետ կապված։ Մարդիկ վերջին անգամ գիրքը դպրոցում են կարդացել, կամ չեն կարդացել ընդհանրապես, կամ դժվար գիրք է ձեռքներն ընկել և հիասթափվել են ընթերցանությունից։ Բայց ընթերցանությունը կարևոր է յուրաքանչյուր տարիքում: Կարևոր է ճշտել ընթերցողական տարբեր խմբերի նախասիրությունները և մարդկանց ներկայացնել իրենց նախասիրություններին համապատասխան գրքեր: Օրինակ, շատերը և հատկապես մարզերում չեն ընթերցում գեղարվեստական գրականություն, սակայն սիրում են հանրագիտարանային, հանրամատչելի, հուշագրային, պատմական գրքեր կարդալ: Նաև հատկապես ավագ տարիքային խմբում սիրով կկարդային գյուղատնտեսության, հողագործության, անասնապահության հետ կապված տեղեկատու գրականություն: Ըստ այսմ էլ՝ անհրաժեշտ է մշակել ու կազմել տարիքային տարբեր խմբերի ու նախասիրությունների հատուկ ծրագրեր: Բացերը լրացնելու համար հրատարակչություններին առաջարկել համապատասխան գրքերի հրատարակություն:Շատ կարևոր է տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված գրականության ցանկերի հստակեցումը և ներկայացումը, քանի որ գրախանութ մտնող մարդը մոլորվում է հսկայական քանակությամբ գրքեր տեսնելով, իսկ գրքերի անոտացիաները հաճախ ոչինչ չեն հուշում: Այս դեպքում մարդը գնում է այն ինչ խորհուրդ են տալիս ոչ մասնագետները և սխալվելով՝ հիասթափություն ապրում: Պետք է առաջարկվի հրատարակիչներին գրքերի անոտացիաներում պարտադիր նշել, թե որ տարիքային խմբի համար է այն նախատեսված: Ընդհանրապես անոտացիաները ավելի գրագետ ու մասնագիտական պատշաճ որակով կազմել:
Ինչի"ց սկսել կամ վերսկսել ընթերցանությունը
Գրականագետները և ընթերցասերները խորհուրդ են տալիս պատանիներին ու մեծահասակներին ընթերցել ֆանտաստիկ ու ֆենթզի գործեր, թերևս այն պատճառով, որ դրանք կարող են կամուրջ դառնալ մանկության աշխարհի հետ, հետաքրքիր են։ Օրինակ, Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը», կամ Ռեյ Բրեդբրիի «Ֆարինհայթ 451»-ը: Հայ հեղինակների գործերից, բացի դասականներից՝ Հովհ. Թումանյան, Ղ. Աղայան, կարելի է նշել ժամանակակից գործեր՝ Լևոն Նեսի «Բալզակ անունով շան պատմությունը» և Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» և այլն:
Ընդհանրապես, թեթև և հաճելի ընթերցվող ժանրեր են համարվում դետեկտիվը, սիրավեպը և ֆանտաստիկան։ Կարելի է սկսել Ագաթա Քրիստիի, Արթուր Քոնան Դոյլի, Ժյուլ Վեռնի, Ալեքսանդր Դյումայի, Դեն Բրաունի գործերից: Հայ գրականությունից ընտրել դասական ու ժամանակակից պատմավապերը՝ Րաֆֆի, Մուրացան, Ստեփան Զորյան, Պերճ Զեյթունցյան:
Ամբողջ աշխարհում շատ սիրված են հոգեբանական, մոտիվացիոն, հաջողակ մարդկանց կյանքի մասին գեղարվեստական ու վավերագրական գրքերը: Մենք հայ իրականության մասին այդպիսի գրքերի քիչ ունենք, սակայն թարգմանական բազմազան գրականություն կա, որ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Շատ հետաքրքիր են հայ գրողների հուշերը՝ Ստ. Զորյան, Ավ. Իսահակյան, Ալ.Շիրվանզադե:
Մարդ կարդացող
Ընթերցանության խրախուսման համար կարևոր է կարդացող մարդու՝ որպես հաջողակ, ժամանակակից, ակտիվ, իր միջավայրում փոփոխություններ իրականացնող անհատի կերպարի ձևավորումը: Գիրքն ու գրականությունը դպրոցում, տանը, տարբեր միջավայրերում պետք է ներկայացվի իր նշանակության բազմազանությամբ՝ ճանաչողական, դաստիարակչական, ժամանցային ու գեղագիտական հաճույքի:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
*«Ընթերցանության մակարդակը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող “Book Platform” ծրագրի շրջանակներում, «Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերության կողմից՝ 01.10- 25.12.2012 թթ.: