Երբևէ մտածե՞լ եք թե ինչու է հայ դասական, պատմավեպերում՝ «Սամվել», «Դավթի Բեկ», «Գևորգ Մարզպետունի», «Պապ թագավոր» և այլն հայրենիքի հանդեպ պարտքը կամ սերը գրեթե միշտ գերադասվում անձնական սիրուց ու երջանկությունից, ինչպե՞ս են հարաբերվում հայ ռոմանտիկական պատմավեպերում սերն ու պարտքը, որքանո՞վ են հոգեբանորեն հիմնավոր հերոսների վարքը, թե մնում են պաթետիկ հայտարարությունների մակարդակում: Ինչո՞ւ է պարտքը խանգարում անձնական երջանկությանը:
Այս հարցերին պատասխանելու համար պետք է հասկանալ ինչ դեր ունի սերն ընդհանրապես պատմավեպերում: Գիտենք, որ վեպն առանց սիրային թեմայի ու դիպաշարի անհնար է պատկերացնել: Իսկ ռոմանտիկական պատմավեպն առավել ևս: Բավական է հիշել պատմավիպագրության հայր համարվող Վալտեր Սքոթի վեպերը՝ «Այվենհոն», «Քվենտին Դորվարդը»: Այստեղ սերը կենտրոնական դիպաշարաստեղծ նշանակություն ունի, իսկ մեր վեպերում իմ տպավորությամբ երկրորդական կամ երրորդական: Նույնիսկ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում սերը գլխավորը չէ, այլ կարևոր է դրա հետ կապված մեղքը, միապետի թուլությունը, ի վերջո, սիրո պատճառած չարիքները, քան պարգևածը:
Մեր վիպասանության մեջ սերը մի տեսակ չմշակված թեմա է, մի տեսակ վերամբարձ հայտարարությունների մեջ կորած: Սերը տառապանք է, զոհաբերություն, թուլություն, բայց ոչ վայելք, հերոսների ուժ ու զորություն տվող տիեզերական երևույթ: Այս հարցն իհարկե իր պատասխանն ունի: Հայ պատմավիպասանի առջև մշտապես ավելի կարևոր և օրհասական խնդիրներ են դրված եղել: Կարևոր է եղել ցույց տալ հայրենիքի հետ կապված գաղափարների կարևորությունն ու գերակայությունը:
Մեր գրողները չեն կարողանում համատեղել հայրենիքի նկատմամբ սերն ու պարտքը և անձնական երջանկությունը:
Սիրո թեման մի քանի հիմնական դրսևորում ունի մեր պատմավեպերում. Օրինակ, կին հերոսները տղամարդկանց մղում են հայրենքին ծառայության, հիշենք Ռշտունյաց օրիորդի՝ Աշխենի խոսքն ուղղված պարտքի ու սիրո միջև խարխափող Սամվելին՝ Րաֆֆու «Սամվել» վեպում.
«Դեպի հայրենիքի փրկության գործը, — պատասխանեց օրիորդը ոգևորված ձայնով: — Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հեղեղների հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժան կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ...»:
Ընդհանրապես պատմավեպի ենթաժանրի հիմքում սիրո միջնադարյան ասպետական վեպերն ու էպոսն են ընկած: Այստեղից է նաև սիրո կուրտուազ ընկալումը. ասպետը պետք է սխրանքներով արժանանար գեղեցիկ կնոջ, սրտի տիրուհու սիրուն: Այստեղից էլ սիրելիին կռվի ճանապարելու տեսարանները.
Ուշագրավ է Րաֆֆու «Դավիթ Բեկ» վեպում Դավթի ու Թամարի զրույցը, երբ Թամարն առաջարկում է կռվել սիրելիի կողքին.
«— Գնա՜, աստված քեզ հետ, — պատասխանեց օրիորդը և միևնույն ժամանակ նրա դեմքը, որ մինչև այն րոպեն տխուր էր, պայծառացավ խիստ ուրախ զվարթությամբ։ — Բայց ես քեզանից մի բան պիտի խնդրեմ, Դավիթ, պետք է ինձ էլ քեզ հետ տանես։ Դու ինքդ ասացիր, որ ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում։ Ես սիրեցի քո ազգը և քո հայրենիքը։ Ինչո՞ւ միասին չկռվենք, ինչո՞ւ միասին չմեռնենք։», «քո սերը բավական է, Թամար, որ վառե իմ քաջությունը, որ առաջնորդե ինձ, որ լուսավորե իմ ճանապարհը այն հրեղեն սյունի նման, որ աստված ուղարկեց Իսրայելը Եգիպտոսի գերությունից ազատող Մովսեսի ճանապարհը լուսավորելու համար»:
Նույն կերպ, Ստ. Զորյանի «Պապ թագավոր» վեպում Նազենին խնդրում է Հրահատին իր հետ տանել նրան:
Իսկ «Դավիթ Բեկում» մեկ այլ հերոսուհի՝ Սառան իր մեղքերը քավում է ծառայություն մատուցելով Խորենին և Խորենը գնահատում է, որ նա դա անում է նաև հանուն հայրենիքի.
«Բայց նա այնքան պաշտելի չէր լինի, եթե այդ ծառայությունը կատարեր միայն իմ սերի համար։ Նրա մեջ անգիտակցաբար եռ էր գալիս և մի բարձր, ավելի վսեմ սեր, — ազգի սերը։ Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ զգացմունքը։ Կարծում եմ, ոչ ոք։ Նա տեսավ, որ իր սիրած տղամարդը նվիրված է մի գաղափարի, ինչո՞ւ ինքը չմատուցանե միևնուն զոհը, երբ այդ կարող էր հաճելի լինել սիրած տղամարդին։ Կինը սիրում է հաճոյանալ․ և սերը, ճշմարիտ սերը կարող է առաջնորդել նրան դեպի ամեն ինչ, որ բարձր է»
Սերը մեր վեպերում մեծ մասամբ ենթադրում է զոհաբերում, բաժանում, անձնական մասնավոր երջանկության զոհում հանուն հանրային, ազգային բարօրության.
Րաֆֆու «Խենթը» վեպում սոցիալական բարօրությունը հաղթում է սիրուն.
«Նույն դրության մեջն էր գտնվում այժմ Վարդանը։ Նա այլևս չէր մաքառում մտքերի, զգացմունքների և հոգեկան տանջանքի խռովության հետ։ Նա այժմ հանգիստ էր։ Ամեն ինչ միանգամով վճռվեցավ նրա մեջ։ Այժմ նա գիտեր, թե ինչ պետք էր անել։ — Ընկերի սերը հաղթեց կնոջ սերին։— Ընկերի կորստյան մեջ սպանվում է գաղափարը, հարստահարված և թշվառ գյուղացու ազատության գաղափարը, որի մեջ բովանդակվում էր ոչ միայն Լալայի, այլ շատ հազարավոր կնիկների պատիվը և փրկությունը։ Ի՞նչու միայն Լալայի համար հոգալ, ի՞նչու թողնել ընդհանուրը և մասնավորի ետևից ընկնել...— մտածում էր նա»:
Սակայն մեր վեպերում տեսնում ենք սիրո ուժի մասին կարևոր դիտարկումներ: Օրինակ, սիրո ուժ տվող էությունը տեսնում ենք «Գևորգ Մարզպետունի» վեպում: Մարզպետունու որդու՝ Գոռի և Շահանդուխտի զրույցում:
«Իմ թագուհու համար ես կարող էի լինել անձնվեր հպատակ․ մեր մայրերի համար՝ անձնազոհ որդի․ ժողովրդի և հայրենիքի համար՝ աներկյուղ զինվոր։ Բայց քեզ համար․․․ չգիտեմ, ի՞նչ անուն տամ ինձ․․․ Քեզ համար չեմ զոհիլ իմ անձը․․․ բայց չէ՛․ ի՞նչ եմ ասում, իհարկե կզոհեմ․ նույնիսկ իմ հոգին կմատնեմ գեհենին, եթե այդ հարկավոր է․․․ Բայց ես չեմ մեռնիլ, որովհետև պիտի ապրեմ քեզ խնամելու և պաշտպանելու համար»:
«Կամենում էի ասել, որ քո սերը կրկնապատկում է իմ մեջ ամեն բան՝ և՛ ապրելու իղձը, և՛ հոգվո արիությունը, և՛ սրտի կորովը, և՛ դեպի իմ եղբայրակիցներն ու հայրենիքն ունեցած սերը․․․ Քեզմով աշխարհը երևում է իմ աչքին վարդալիր, արևն՝ ավելի հրատապ, լուսինը՝ ավելի պայծառ․․․ Դու ամեն ինչ ես ինձ համար՝ և՛ կյանք, և՛ գանձ, և՛ զորություն, և՛ փառք․․»:
Մեր հերոսուհիները կարծես թե խիզախ են, բայց նրանց գործի մեջ գրեթե չենք տեսնում, ինչպես Վալտեր Սքոթի հերուսիներն են: Կարող ենք ասել իհարկե, որ պատմավեպի ենթաժանրը չի ենթադրում առօրյա-կենցաղային, հոգեբանորեն հարուստ սիրո պատկերներ, բայց հետագայում էլ դա գրեթե չենք տեսնում: Չհաշված Զորյանի վեպերի որոշ հատվածներ: Անկախության շրանի վեպերում դրանց փոխարինում են էրոտիկ տեսարանները, օրինակ Լ. Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ Ներքինի պատմավեպը» և նաև այլ վեպեր: Իմ կարծիքով հենց նախկինում չասվածը ասվում է ավելինով ու ավելի բացությամբ:
Գուցե խնդիրը մեր ազգային մտածողության, գուցե բարդույթների մեջ է: Մենք գրով չենք կարողանում նկարագրել պարզ մարդկային հարաբերություններ, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, խարխափում զսպվածության ու բացախոսության միջև:
Դժվար է ասել: Մտածենք միասին...
Նկ. Ֆ. Բարթոն, Հելլելիլ և Հիլդեբրանդ, հանդիպում աշտարակի աստիճանին, 1864
.