Լրացավ հնագետ, արևելագետ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս՝ Հովսեփ Օրբելու ծննդյան 135-ամյակը։ Մեծ գիտնականը հետաքրքիր ու իրադարձություններով հարուստ կյանք է ունեցել, նախաձեռնել ու իրականացրել մշակութային կարևոր ու մեծամասշտաբ միջոցառումներ, հեղինակել հայագիտական մնայուն աշխատություններ։ Art365-ը ներկայացնում է Հովսեփ Օրբելու կյանքի ու գործունեության հետ կապված 10 ուշագրավ փաստ․
1.Հովսեփ Օրբելու հայրը՝ Աբգարը սերում էր Սյունաց Օրբելյանների, իսկ մայրը՝ Վարվառան Արղության-Երկայնաբազուկների հայտնի հայ իշխանական տոհմից։
2.Ուսանողական տարիներին Հ․ Օրբելին հեղինակել է հայտնի «Բրոկհաուզ և Եֆրոնի» հանրագիտական բառարանի հայկական, վրացական և իսլամական արվեստի վերաբերյալ հոդվածներ։
3. 1916 թ․ Հ․ Օրբելին և Ն․ Մառը Վանում հայտնաբերում են Սարդուրի Բ-ի ծավալուն արձանագրությունը, որը համարվում է Վանի թագավորության այս տիրակալի կյանքի ու գործունեության ամենաընդգրկուն ակնարկը։
4.1926 թ․ հիմնադրել ու գլխավորել է Էրմիտաժի թանգարանի Արևելքի արվեստի բաժինը, իսկ 1934-1951 թթ․ եղել այդ նշանավոր թանգարանի տնօրենը։
5.1928-1932թթ.Խորհրդային կառավարությունը երկրի ֆինանսական վիճակը կայունացնելու նպատակով որոշում է վաճառել թանգարաններում պահվող համաշխարհային արվեստի գլուխգործոցները: Ընտրվում ու վաճառվում էին տարիներով հավաքված բացառիկ գործեր, աղետալի վիճակ էր ստեղծվում թանգարաններում։ Երբ հերթը հասնում է Էրմիտաժին, Հ․Օրբելին 1932 թ․ հոկտեմբերի 25-ին նամակ է գրում Ի․ Ստալինին և ներկայացնում ստեղծված իրավիճակը։ Նոյեմբերի 5-ին Ստալինը պատասխան նամակ է գրում Օրբելուն, ինչի արդյունքում ոչ միայն Արևելքի արվեստի, այլև արևմտաեվրոպական արվեստի շատ գլուխգործոցներ վերադարձվում են թանգարանին։
6.Հովսեփ Օրբելին Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահն է(1943-1947 թթ․)։
7. Հայրենական պատերազմի ընթացքում Հ․ Օրբելին մնալով շրջափակված Լենինգրադում՝ կազմակերպում է Էրմիտաժի հավաքածուների տեղափոխությունը Սվերդլովսկ (Եկատերինբուրգ) ու դրանց պահպանությունը։
8. 1946 թ․ որպես մեղադրող կողմի վկա մասնակցել Նյուրենբերգյան դատավարությանը, որտեղ ցուցմունք է տվել պատերազմի ժամանակ վնասված մշակութային արժեքների վերաբերյալ։
9.Հովսեփ Օրբելին «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի միջոցառումների կազմակերպիչն է։ Այս առիթով 1939 թ․ ստեղծված «Սասունցի Դավիթ» անունը կրող համահավաք բնագրի խմբագիրը և առաջաբանի հեղինակը։ Նաև հեղինակել է «Հայկական հերոսական էպոսը» գիրքը(1956):
10. Օրբելի եղբայրների՝ Ռուբենի, Լևոնի և Հովսեփի թանգարանը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում։