Ֆուտբոլը՝ իր մեծ ժողովրդականությամբ, երկրպագուների ահռելի բանակով, մարզադաշտերից դուրս տարբեր դրսևորումներով, վաղուց արդեն մարզաձևից վերածվել է մշակութային ինքնահատուկ երևույթի: Անցյալի ու ներկայի հայտնի ֆուտբոլիստները ամենաճանաչելի, սիրելի, երբեմն ատելի մարդիկ են աշխարհում: Երկրպագուները հետևում են նրանց կյանքին ու գործունեությանը, ընթերցում են նրանց հեղինակած ու նրանց մասին գրքերը: Ֆուտբոլն իր գեղարվեստական արտահայտությունն է գտնում արվեստում՝ գեղանկարչության ու երաժշտության մեջ, կինոյում և, իհարկե, գրականության մեջ: Ֆուտբոլի մոլի երկրպագու շատ գրողներ ու արվեստագետներ կան, որոնք էլ իրենց տարբեր ստեղծագործություններում անդրադառնում են այս մարզաձևին: Հայտնի ֆուտբոլիստները, մարզիչները` գրողների ու լրագրողների հետ համատեղ գրքեր են գրում իրենց կյանքի ու կարիերայի մասին: Այդ գրքերը վաճառվում են միլիոնավոր օրինակներով, դառնում բուռն քննարկումների ու սկանդալների պատճառ, քանի որ ուշագրավ բացահայտումներ են ներկայացնում ֆուտբոլիստների անձնական կյանքի, խաղընկերների ու մարզիչների հետ հարաբերությունների մասին: Ստորև ներկայացնում ենք ֆուտբոլի ֆուտբոլիստների մասին պատմող 5 սկանդալային ու հայտնի գիրք.
5
Ես Զլատանն եմ, հեղ. Զլատան Իբահիմովիչ, Դավիդ Լագերկրանց, 2011
Շվեդիայի հավաքականի և եվրոպական գրեթե բոլոր ամենամեծ ակումբներում խաղացած Զլատան Իբահիմովիչին կարելի է սիրել, երկրպագել, ատել, սակայն բոլոր դեպքերում պետք է ընդունել, որ նա անչափ տաղանդավոր է, ինքնատիպ ու անկանխատեսելի: Խաղադաշտում ու դաշտից դուրս նրա մեծամիտ պահվածքը, անզգուշ ու կոպիտ խոսքն ու վարքը, կամակորությունը, շատ հաճախ սկանդալների պատճառ են դարձել: Այս գրքում Զլատանը պատմում է իր մարզական ու անձնական կյանքի դժվարությունների ու նվաճումների, պարտությունների ու հաղթանակների, սիրո ու ատելության մասին: Այն ամենի, ինչը սովորական պատանուն դարձրել է Զլատան: Ֆուտբոլիս, որը թույլ է տալիս ինքն իր մասին ասել. «Ես Զլատանն եմ, ես արքա չեմ, այլ աստված»
4
Մեսսի.լեգենդ դարձած տղայի պատմությունը, հեղ. Լուկա Կայոլի, 2014
«Ֆուտբոլի արքա», «հանճար», «պատմության ու մոլորակի ամենամեծ ֆուտբոլիստ», «գոլ խփող մեքենա». այս ու նմանատիպ շատ այլ բնութագրումները սովորաբար դրվում են կատալոնական Բարսելոնայի ռմբարկու, արգենտինացի Լիոնել Մեսսիի անվան առջև: Թեև նրան չսիրողներն էլ շատ են, սակայն բոլորն էլ ընդունում են, որ հիանալի ու բացառիկ ֆուտբոլիստ է, որին հաջողվել է թարմացնել նախորդող մեծ ֆուտբոլիստների սահմանած գրեթե բոլոր ռեկորդները, նվաճել ֆուտբոլիստներին տրվող գրեթե բոլոր անհատական ու թիմային պարգևները: Բնականաբար, հաջողություններն ու մեծ հռչակը հեշտությամբ ձեռք չեն բերվում: Եվ Մեսսին էլ անցել է դժվար ու դաժան ճանապարհ, որն ուղեկցվել է երջանիկ պահերով ու հիասթափություններով, ջլատիչ վնասվածքներով ու փայլուն գոլերով: Այս ամենը և շատ ավելին կարելի է գտնել «Մեսսի» կենսագրական գրքում, որը թարգմանվել է նաև հայերեն:
3
Ռոնալդու. կատարելության տենչով, հեղ. Լուկա Կայոլի, 2012
Վերջին գոնե մեկ տասնամյակում պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, թեև ավելի հաճախ հիշատակվում է Լիոնել Մեսսիի հետ ռմբարկուական ու այլ նվաճումների մրցակցության մեջ, սակայն, ինչպես և Մեսսին, իրապես մեծ ֆուտբոլիստ է: Նրա` կատարելության հասնելու, առաջինը լինելու անվերջ ձգտումները, թեև երբեմն զավեշտի են հասնում, սակայն հարգանքի են արժանի: Մանավանդ, եթե հաշվի առնենք կյանքի այն հանգամանքներն ու պայմանները, որոնց միջով Կրիշտիանուն հասել է ֆուտբոլային աշխարհի ամենամեծ բարձունքներին: Գրքում ներկայացվում են նրա կյանքի մանրամասները, հարաբերությունները հայտնի մարզիչների՝ Ա.Ֆերգյուսոնի ու Ժ. Մոուրինյոյի հետ, վերաբերմունքը հավերժական մրցակցի՝ Լիոնել Մեսսի նկատմամբ: Գիրքը թարգմանվել է նաև հայերեն:
4.
Ալեքս Ֆերգյուսոն.իմ ինքնակենսագրությունը, հեղ. Սըր Ալեքս Ֆորգյուսոն, 2013
Անգլիական «Մանչեսթըր Յունայթեդի» երկարամյա մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնի է ոչ միայն իր մարզչական հիանալի նվաճումներով, մեծ պրոֆեսիոնալիզմով ու նվիրումով, այլև պահանջկոտությամբ: Նրա՝ աստղային ֆուտբոլիստների նկատմամբ խստության մասին լեգենդներ են պատմում: Ֆուտբոլասերները շատ լավ հիշում են Ֆերգյուսոնի ու ֆուտբոլի աստղ՝ Դեյվիդ Բեկհեմի վեճի, Բեկհեմի պատռված ունքի ու այլ ակումբ տեղափոխման պատմությունը: Իր ինքնակենսագրական այս գրքում, ի թիվս մարզչական կյանքի դժվարությունների ու հաղթանակների մասին ուսանելի ու հետաքրքիր պատմությունները, մարզիչը պատմում է նաև հայտնի ֆուտբոլիստների ու մարզիչների հետ իր հարաբերությունների մանրամասների մասին: Գիրքը թարգմանվել է նաև հայերեն:
1
Պիրլո.մտածում եմ, ուրեմն խաղում եմ, հեղ. Անդրեա Պիրլո, Ալեսանդրո Ալչիատո, 2013
Իտալական ու եվրոպական ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիրլոյի լավագույն բնութագրումը, բերված է հենց գրքի վերնագրում: Պիրլոն ֆուտբոլիստ էր, որ դաշտում ամեն ինչ անում էր մտածելով. ոչ մի ավելորդ գործողություն, ոչ մի անիմաստ լարում, միայն խորապես մտածված ու ամենակարևորը՝ արդյունավետ գործողություններ: Գրքում մեծ ֆուտբոլիստն անկեղծորեն խոսում է իտալական ֆուտբոլի, սկանդալների, որոշիչ դերբիների ու խաղերի մասին: Ըստ Անդրեայի, այդուհանդերձ, ֆուտբոլում առաջնային են ոչ թե ֆուտբոլիստների աշխատավարձերը, այլ ընկերական-թիմային ոգին ու ճիշտ կառուցված հարաբերությունները:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան