Կատալոնացի ճարտարապետ Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի Կորնետը ծնվել է 1852 թվականի հունիսի 25-ին Ռեուս քաղաքում։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնայում։ Նա է աշխարհահռչակ Սագրադա Ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և շատ այլ շինությունների ճարտարապետը։
Առանձնացրել ենք մի շարք մտքեր, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչել Գաուդիի՝ ճարտարապետության այդ հանճարի մտածողությունն ու էությունը։
- Երկար կմնան միայն նրանք, ովքեր դիպչում են մարդկանց սրտերին։
- Արվեստի գործի ամենամեծ առավելությունը ներդաշնակությունն է, որը պլաստիկ արվեստում ծնվում է լույսից։ Լույսը ռելիեֆ է ստեղծում և զարդարում: Ճարտարապետությունը լույսի կարգավորվածության ստեղծումն է։
- Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ խոսքի մարդիկ և գործի մարդիկ: Առաջինները խոսում են, երկրորդները՝ գործում։ Ես երկրորդ խմբից եմ։ Ես չունեմ արտահայտվելու դյուրընկալելի հնարավորություններ. ես չեմ կարողանում որևէ մեկին բացատրել իմ ծրագրերը։ Ես դրանք չեմ կարողանում հստակեցնել։ Ես երբեք ժամանակ չեմ ունեցել դրանց մասին էլի մտածել-վերլուծելու։ Ես անընդհատ աշխատում եմ։
- Արվեստագետների համար հուշարձաններ կանգնեցնելու կարիք չկա, նրանք հուշարձաններ ստեղծում են իրենց ձեռքերով։
- Ոչինչ հնարավոր չէ հնարել, ամեն ինչ ի սկզբանե գոյություն է ունեցել բնության մեջ: Ինքնատիպությունը վերադարձ է ակունքներին:
- Նրանք, ովքեր իրենց ստեղծագործությունների համար հիմք փնտրում են բնության օրենքներում, համագործակցում են Արարչի հետ։
- Ոչինչ արվեստ չէ, քանի դեռ այն չի բխում բնությունից:
- Մարդը չի ստեղծում, մյարդը բացահայտում է:
- Արվեստում մեծությունը միշտ չէ, որ ձեռք է բերվում գլուխգործոցի ստեղծմամբ:
- Ուղիղ գիծը պատկանում է մարդկանց, կորը՝ Աստծուն:
- Ամեն ինչ ճիշտ անելու համար անհրաժեշտ է նախ՝ սեր, ապա՝ տեխնիկա:
- Բնության մեջ չկան ուղիղ գծեր կամ սուր անկյուններ, ուստի շենքերը չպետք է ունենան ուղիղ գծեր կամ սուր անկյուններ:
- Արարումը շարունակվում է անդադար՝ մարդու միջոցով:
- Գույնը որոշակի տարածություններում մեծ նշանակություն ունի՝ ուրվագծերն ու կառուցվածքային հարթությունները ավելի շեշտված դարձնելու տեսանկյունից։
- Լույսը հասնում է առավելագույն ներդաշնակության 45° թեքության դեպքում։
- Ճարտարապետությունը լույսի դասավորությունն է, քանդակագործությունը՝ լույսի խաղը:
- Իմ պատվիրատուն չի շտապում․․․ (Գաուդիի հայտնի պատասխանը Սագրադա Ֆամիլիայի՝ դանդաղ կառուցվելու մասին․ պատվիրատու ասելով՝ նա նկատի ուներ Աստծուն):
- Լույսի ծավալը պետք է լինի ճիշտ՝ ոչ շատ, ոչ էլ քիչ, որպեսզի լույսի տակ ստվերի խաղը զգաս։
- Գեղեցկությունը ճշմարտության փայլն է, իսկ ճշմարտությունը՝ գեղեցկության հիմքը։
- Ամեն մանրուք պետք է նպաստի ամբողջի ներդաշնակությանը։
- Գործն աճում է քո ներսում, սցենարը քեզանից առաջ է ընկնում, քարը հոգի ունի, և ձեռքն է, որ պետք է գտնի այն։
- Աշխատել, ինքդ քեզ քաջալերել, աղոթել, մտածել։
- Մենք միշտ պետք է ձգտենք դեպի ամենաբարձր կետը, քանի որ ոչ թե հանգստություն կամ պահի վայելք պետք է փնտրել, այլ՝ դիմադրություն ու ջանք։
- Ճարտարապետը հավաքական կերպար է, որը զբաղվում է արվեստով և արարում է նոր ծնվող գիտություններ։