Կռունկները շարա՜ն, շարա՜ն.
«Ա՜խ, կանանչներ, դուք արևերես ելաք,
Յարաբ բալես ե՞րբ կելնի բանտեն...»
Մորս խոսքերը
Կռունկները շարա՜ն, շարա՜ն
«Կը՜ռռ, կը՜ռռ» կանչին ու եկան.
«Գարունն եկա՜վ, գարունն եկա՜վ»
Անուշ կանչին ու եկան...
— Ջա՛ն, ջա՛ն, մեռնիմ ձեր ձենիկին,
Ա՛յ կռունկներ, նըխշուններ,
Յարա՛բ տեսա՞ք իմ բալիկին,
Յարա՛բ խաբար չե՞ք բերել:
Բալիս կապին, բանտը դըրին,
Տարին եկավ, բոլորավ,
Խաբար չունիմ, դադար չունիմ,
Աչքս ճամփին ծով կըտրավ:
— Ջան, ջան մեռնիմ ձեր ձենիկին,
Այ կռունկներ, նըխշուններ,
Եարաբ տեսա՞ք իմ բալիկին,
Եարաբ խաբար չէ՞ք բերել:
Գարունն եկավ,— արևերես
Ելան ծիլ ու ծաղիկներ.
Ա՜խ, յարաբ ե՞րբ ազիզ բալես
Կելնի բանտեն, կըռունկնե՜ր ...
Կռունկները շարա՜ն–շարա՜ն
«Կը՜ռռ, կը՜ռռ» կանչին ու եկան,
«Գարունն եկա՜վ, գարունն եկա՜վ»
Անուշ կանչին ու անցան...
— Ջան, ջան մեռնիմ ձեր ձենիկին,
Այ կռունկներ, նըխշուններ,
Եարաբ տեսա՞ք իմ բալիկին,
Եարաբ խաբար չէ՞ք բերել:
Այս բանաստեղծությունը Իսահակյանը գրում է 1897 թ․ բանտում, երբ գարնանը հարազատները նամակով հայտնում են մոր հետևյալ խոսքերը. «Ա՜խ, կանանչներ, դուք արևերես ելաք, Յարաբ բալես ե՞րբ կելնի բանտեն...»:
Իսահակյանը ձերբակալվում է 1896 թ․ մայիսի 1-ին Ալեքսանդրապոլի կառամատույցում։ Այն պահին, երբ պատրաստվում էր Թիֆլիս մեկնող գնացքը նստել, նրան է մոտենում գաղտնի գործակալներից մեկը և բանաստեղծից ծխախոտ խնդրում, մինչ Իսանակյանը հանում է պորտսիգարը, մոտենում են ոստիկանները և ձերբակալում: Նույն օրը ոստիկանությունը խուզարկում է գրողի հայրական տունը, առգրավում հեղափոխական թերթեր ու բրոշյուրներ։ Բանաստեղծին ուղարկում են Երևանի նահանգային ոստիկանական վարչություն: Հարցաքննությունների ժամանակ ձևակերպվում է մեղադրանքը․ գրողին մեղադրում են Հնչակյան կուսակցության մյուս անդամների հետ միասին Օսմանյան կայսրությունում հայերի ընդվզումներ հրահրելու մեջ։
Երևանի բերդում Իսահակյանը մնում է մեկ տարի։ Այստեղ շարունակում է ստեղծագործել, գրում է շուրջ երեք տասնյակ բանաստեղծություններ, գրառումներ կատարում օրագրում։ Հետագայում բանտային գրառումների հիման վրա գրում է «Բայրամ Ալի» և «Քուրդ Ամոն» պատմվածքները, որտեղ էլ գտնում ենք հեղինակի բանտային օրերի նկարագրությունը։