Հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը (1876-1953), որ հեղինակել է Հայերեն արմատական բառարանը, Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների, Հայոց անձնանունների բառարանը, բարբառագիտական, գրականագիտական, լեզվաբանական մեծարժեք ու կոթողային ուսումնասիրություններ, ենթարկվել ստալինյան բռնաճնշումներին, բանտարկվել, հալածվել, սակայն կյանքում եղել է անչափ նրբազգաց, հոգեբանական առումով փխրուն մարդ: Պահպանվել են հուշեր, որտեղ կարող ենք տեսնել, որ մեծ գիտնականը շատ զգացմունքային վերաբերմունք է դրսևորում կյանքի տարբեր դիպվածներին, հայտնվում հոգեբանական բարդ իրավիճակներում, սակայն մնում պարկեշտ ու բարի, մեծահոգի ու ներողամիտ, մշտապես պահելով լավատեսությունն ու հումորի զգացումը: Ներկայացնում ենք Հրաչյա Աճառյանի կյանքի վերջին օրվա մասին պատմող մի հատված Գառնիկ Ստեփանյանի Հրաչյա Աճառյան գրքից, որտեղ տեսնում ենք նաև հավատացյալ Աճառյանին:
Մահվանից 7 օր առաջ կանչում է սասունցի բանասեր Վարդան Պետոյանին, որ եղել է Պոլսի Կենտրոնական վարժարանի շրջանավարտներից, այնտեղ սովորել 1915 թ.։ Հարցեր է տվել նրան Կենտրոնական վարժարանի մասին, համեմատել իր ժամանակաշրջանի հետ, դեպքեր պատմել:
Հին օրերի այդ վերհուշի հետ սերտորեն կապված մի երևույթ պետք է համարել այն, որ պատանեկան տարիքից կրոնական կաշկանդումներից ազատ Աճառյանը կյանքի վերջին օրերին ավելի մեծ սեր ցույց տվեց դեպի եկեղեցական երաժշտությունը: Նրա ցանկությամբ ծանոթներից մեկը շաբաթը երկու անգամ այցելում էր նրան, դաշնամուրի վրա նվագում Կոմիտասի Տեր ողորմյան: Նրան ձայնակցում էր Աճառյանը, որ հազվադեպ էր երգել վերջին տարիներին։ Ավելին՝ մեծ գիտնականը սկսել էր քնելուց առաջ աղոթել՝ հոր, մոր, կնոջ և իր համար, և որպեսզի չմոռանա, յուրաքանչյուր անգամ ագուցում էր թաշկինակի մի ծայրը, երբ չորս ծայրն էլ ագուցված էր լինում, հանգիստ քնում էր:
Այս բոլորը, որոնք նրա կենցաղի մեջ մտել էին վերջին ամիսներին, անշուշտ սերտ կերպով կապված էին տեսողության իսպառ կորստի հետ: 1953 թ. հունվար ամսին նա գրիպով հիվանդացավ, որից հետո աչքերը ավելի վատացան։ Մարդկանց ճանաչում էր միայն ձայնից, չէր կարողանում գրել, թելադրում էր, ապրելով դրա հետ կապված վրիպումների պատասխանատվությունը։ Նրան այցելել էր բժիշկ Մելիք-Մուսյանը, հայտնել, թե աչքի կատարը դեռ լրիվ չէ, մի փոքր անցք կա, պետք է մի քիչ էլ սպասել: Ապրիլի 14-ին բժիշկը նորից էր նայել և ասել, թե արդեն կարելի է գործողության ենթարկել և բուժել: Խորհուրդ էր տվել մայիսին անել: «Բժիշկն գրում էր Աճառյանը մահվանից մեկ օր առաջ – մայիսի կեսին, երբ օրերը տաքանան, օպերացիա կկատարի իրենց հիվանդանոցում»:
Բայց, ինչպես ասում են, շաբաթը ավելի շուտ եկավ, քան ուրբաթը: Այդ նամակը գրելու հաջորդ օրը նրա աչքերը փակվեցին ընդմիշտ:
Զարմանալի յուրահատկություններով լի է Աճառյանի վերջին օրը: Կարծեք նա հանդիսավորապես էր պատրաստվել ընդունելու այնպիսի մի ծանրակչիռ հյուր, ինչպիսին մահն էր, ընդունել նրան վայել վեհությամբ, հոգով հանգիստ, մարմնով մաքուր, շորերը փոխած, սափրված։ Առավոտյան սովորականի նման գնում է համալսարան, դասախոսություն կարդում պարսկերեն լեզվից, վերադառնում է տուն։ Չնայած սափրվում էր ուրբաթ օրերը և շատ հետևողականորեն պահպանում էր այդ կարգը, այնուամենայնիվ, այդ օրը, հինգշաբթի, գնում է սափրվելու, վերադառնում լավ տրամադրությամբ, ճաշում ախորժակով, ինչպես հատուկ էր նրան առհասարակ, հետո նստում է ճոճաթոռի վրա, գոհունակությամբ ասում կնոջը՝
– Սոֆիկ, ես երջանիկ եմ, փառք Աստծո, կինս առողջ է, աղջիկս առողջ է, այսօր էլ կարողացա համալսարան գնալ և դասերս էլ հաջող անցան, հիմնական գործերս վերջացրել եմ, ապրել եմ 77 տարի, կախարդական երկու թվանշան կողք կողքի, վայելել եմ ամեն ինչ, տեսել այն օրերը, որ երազում էի: Հիմա ինձ համար ամեն ինչ վերջացել է։ Սրանից հետո ամեն մի օր որ ապրեմ, արդեն ավելորդ է։
Որ նա այդ օրը բացառիկ լավ տրամադրության մեջ է եղել, երևում է ապրիլի 15–ին իր փեսային՝ Վիլիկին գրած նամակից, ամբողջովին լցված կատակաբանությամբ:
Այդ օրը Աճառյանը օպերայի տոմս էր վերցրել, կինն ու աղջիկը գնալու էին «Ալմաստ» լսելու: Կինը չի ուզում, Աճառյանը ստիպում է գնալ և խորհուրդ է տալիս լավ շորեր հագնել:
– Ինչո՞ւ ես ուզում լավը հագնեմ, չէ՞ որ դու այլևս չես տեսնում։
– Ոչինչ, ուրիշները պիտի տեսնեն ու ասեն, թե Աճառյանի կինն է:
Հագնվում է։ Ըստ սովորության համբուրվում են։ Աճառյանը ավելի ուժգին է սեղմում կրծքին՝ թե՛ կնոջը և թե՛ աղջկան: Տարօրինակ կերպով հուզվում է։ Կինը զգում է այդ և հարցնում.
– Հրաչյա, այսօր ի՞նչ է պատահել քեզ, արտասովոր բաներ ես ասում, հուզված ես։
– Ոչինչ, ուրախությունից է, գնացեք, այսօր իմ ամենաերջանիկ օրն է։
Գնում են:
Տանը բացի Աճառյանից կար նաև կնոջ ընկերուհիներից մեկը՝ ուսուցչուհի Մարուսյան: Ժամը 10-ին Աճառյանը նրան խնդրում է թեյ պատրաստել, ասում է, թե մինչև թեյը լինի, ինքը մի քանի րոպե կքնի, իսկ երբ Սոֆիկը վերադառնա՝ կզարթնի ու կթեյեն։
Այժմ խոսքը տանք տիկին Սոֆիկին, որը եղավ նրա վերջին երկու տասնամյակի հոգատար ընկերուհին:
«Երբ վերադարձանք,― պատմում է տիկին Սոֆիկը,— միջանցքում հարևաններից լսեցինք, որ համալսարանի դասախոսներից մեկը կաթվածահար է եղել։ Մի տեսակ նախազգացում պատեց ինձ, հուզված մտա սենյակը, ոտների ծայրերին կոխելով մոտեցա Աճառյանի ննջասենյակին, — առհասարակ այդպես էի քայլում, երբ նա քնած էր լինում, որովհետև նրա քունը թեթև էր ու ամեն մի փոքր աղմուկից զարթնում էր: Մոտեցա: Հանգիստ քնած էր, ձախ ձեռքը գլխի տակ։
— Հրաչյա, Հրաչյա, — շշնջացի կամաց, ձայն չհանեց, ավելի բարձր կանչեցի, պատասխան չտվավ, մոտեցա ու կամաց շարժեցի գլուխը, կարծելով, թե կատակ է անում: Գլուխը թեքվեց այն կողմը, որ հրել էի... Ճչացի, ինչպես պարզվեց հետագայում, մեր գալուց 15 րոպե առաջ էր մեռել: Ձեռքին մնացել էր թաշկինակը՝ երեք ծայրը ագուցված, մեկը՝ ոչ...»:
Աղբյուրը՝ Գառնիկ Ստեփանյան, Հրաչյա Աճառյան, Երևան, 2013: