1892 թվականին երիտասարդ Ավետիք Իսահակյանը որոշում է մեկնել Գերմանիա՝ Լայպցիգի համալսարան, ուսումը շարունակելու: Այդ նպատակով նա Գևորգյան հոգևոր ճեմարանում մեծ ջանասիրությամբ ինքնուրույն գերմաներեն է սովորում:
1893 թվականին 18 տարին դեռ չբոլորած երիտասարդ բանաստեղծը մեկնում է Գերմանիա։
Առաջին տարին նա մենակ չէր, նրա հետ էր հետագայի մեծ հայագետ Մանուկ Աբեղյանը: Երիտասարդները գիտեին, որ Լայպցիգի համալսարանին կից գործում էր «Հայ Ուսանողների միությունը», որի աշխատանքներին էլ նրանք սկսում են մասնակցել։
Լայպցիգում բանաստեղծը սկսում գերմանական պոեզիա և դասական փիլիսոփայության ուսումնասիրել: Համալսարանում որպես ազատ ունկնդիր Իսահակյանը հնարավորություն ուներ միաժամանակ ուսումնասիրելու տարբեր առարկաներ, հատկապես գրականություն և փիլիսոփայություն: Նա պարապում էր, ընթերցում, ստեղծագործում: Լայպցիգյան համալսարանի ընդհանուր մթնոլորտը ոգևորում էր բանաստեղծին։ Այստեղ դասավանդում էին Եվրոպայում ճանաչում ունեցող մի շարք անվանի գիտնականներ՝ Վիլհելմ Ռոշերը, Ֆրիդրիխ Ռատցելը, Կարլ Լամպրեխտը, Կարլ Բյուխերը, Ֆրիդրիխ Կարլ Բրուգմանը, Էդվարդ Զիվերսը, Յուստուս Լեպսիուսը, Օտտո Ռիբեկը և այլք:
«Ինչով չեմ տարվել, ինչ փիլիսոփայական էթիկական, հասարակագիտական սիստեմներով ազատագրելու տառապող մարդկությունը։Եղել եմ տոլստոյական, նիցշեական, Գերմանիայում, ուսանող ժամանակս սոցիալ-դեմոկրատ: Հուսահատված դարձել եմ անիշխանական, պեսիմիստ։ Տարվել եմ Բուդդայով: Ոգևորվել եմ հայկական մարտական ազգայնությամբ, դաշնակցական ոչ երկրորդական գործիչ աշխատել եմ անձնվիրաբար, բանտեր եմ նստել, աքսորվել, փախել հայրենիքից», -հիշում է հետագայում Իսահակյանը։
Լայպցիգի համալսարանի հարուստ գրադարանը այդ քաղաքի ամենասիրելի վայրն էր Իսահակյանի համար: Բանաստեղծի լրացրած պատվիրաթերթիկները, կարդացած գրքերի ցուցակները, նրա օրագրային գրառումները վկայում են, թե երիտասարդ Իսահակյանն ինչ անհագ սեր է տածել գրքերի հանդեպ: Շատ հաճախ մշակել և համառոտագրել է կարդացածը:
Իսահակյանի ուսման շրջանը Գերմանիայում եղավ գիտելիքների ամբարման ժամանակ: Լայպցիգի համալսարանում Իսահակյանի ուսման տարիները՝ 1893-1895 թթ., եղան բանաստեղծի հոգևոր զարգացման արգասաբեր շրջան: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում նա ուսումնասիրեց և յուրացրեց Հեգելի, Կանտի, Շոպենհաուերի, Նիցշեի աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն թողեցին Իսահակյանի մտքի, աշխարհայացքի ձևավորման և ստեղծագործության վրա:
Աղբյուրներ՝ Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյան․ գիտական կենսագրություն, Երևան, 2000:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի էջ։
Տես նաև՝
Ի՞նչ էր սիրում ուտել Ավետիք Իսահակյանը