Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:
Թումանյանի պալատում,
Կգտնես, ով մարդ,
Անուշ, Արփի-արբեցում,
Եվ վարդ, և Նվարդ:
Վահան Տերյանի այս կատակ-բանաստեղծությունը ներկայացնում է բանաստեղծի սերն ու անմիջական վերաբերմունքը Հովհաննես Թումանյանի նկատմամբ: Վահան Տերյանը ջերմ ու մտերմիկ հարաբերություններով կապված է Թումանյանի ընտանիքի հետ, հյուրընկալվում էր նրանց տանն ու վայելում գեղեցիկ երեկոները: Հովհաննես Թումանյանն իր հերթին շատ բարձր էր գնահատում է Վահան Տերյանի պոեզիան, ամեն կերպ խրախուսում, նյութապես ու բարոյապես աջակցում նրան: Այդպիսի մի հանդիպման մասին ընկերջը՝ Ցոլակ Խանզադյանին Վահան Տերյանը 1908 թվականին գրում է.
«Այսօր գնացել էի Հովհ. Թումանյանի մոտ «Իլյա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու։ Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ, ուստի ոտանավորներս էլ հետս էին։ Նա հետաքրքրվեց և կարծում եմ նրա կարծիքները քեզ համար անհետաքրքրի չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը։ Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը․ մտնում ես մի շքեղ կաբինետ, ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ լիքը գրքերով և ընտիր գրքերով։ Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ, մանավանդ որ չես սպասում մի այդպիսի բանի հանդիպելու հայ գրողի-բանաստեղծի մոտ․․․ ընդունեց շատ սիրալիր... տեսնելով ոտանավորներիս տետրն՝ ասաց, որ իրան ավելի է հետաքրքրում այդ «նոր բանաստեղծի տետրը»: Պետք է նկատեմ, որ ես քաշվում էի, մանավանդ որ, չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը, կամ հենց այն հանդարտ պարզությունը — չգիտեմ:
Նա սկսեց թերթել տետրս... «Մի բան, որ իմ առաջին պահանջն է ամեն մի սկսնակ գրողից,— ասաց նա,— դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն — նոր բան բերում է այդ մարդը, կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու։ Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես: Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է: Դուք խոսքերի հետ չեք խաղում, (օրինակ է բերում Ահարոնյանին, որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի): Հետո խոսում է արվեստի վրա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով, որ ասում է. «Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ—բարով եկաք»։
Իսկ Հովհաննես Քաջազնունին, մի ուշագրավ դրվագ է պատմում բանաստեղծների հանդիպումներից մեկի մասին, որտեղ նրանք վիճում են.
«Հիշում եմ մի ուրիշ վիճաբանություն Տերյանի հետ: Նույն շրջանում էր, դարձյալ ինձ մոտ: Երեկոյան, թեյի սեղանի շուրջը նստած, զրուցում էինք դեսից-դենից: Օհաննեսը փիլիսոփայելու տրամադրության էր, խոսում էր այս անցողիկ, խաբուսիկ աշխարհի ունայնությունից:
- Ինչ բան է կյանքը, մի երազ: Ինչ բան է մարդը իր հուզմունքներով, տենչերով, պայքարով... Մի խաղալիք` չգիտե ում ձեռում... էսօր կաս, վաղը չկաս: Ինչի համար ցավեցնում ես գլուխդ, անխելք մարդ, ինչ ես տանելու հետդ կամ ինչ ես թողնելու և ում համար.. Քե՛ ֆ արա, քանի դեռ ոտի վրա ես մնացածը դատարկ բաներ են...
Ասում էր ծիծաղը աչքերում - կարծես ծաղրում էր երիտասարդ ընկերոջը, փորձում էր, գայթակղեցնում նրան անհոգության ու քեֆի հրապույրով:
Եվ Տերյանը սկզբից հենց այդպես էլ հասկացավ, կատակի տեղ դրեց այս շատ հին երգի մշտական, նույն նեյնիմները և մի քիչ ներողամիտ ժպիտով լսում էր վարպետին: Բայց շուտով կռահեց, որ կատակը այնքան էլ կատակ չէ, որ սրա տակը թաքնված է որոշ տրամադրություն, գուցե մի ամբողջ աշխարհայացք։ Կռահեց և լրջորեն վրդովվեց, մանավանդ, երբ ես էլ մի կողմից օգնության եկա Օհաննեսին և սկսեցի նույն եղանակի «դամը քաշել»։
-Այդ ինչեր եք ասում... և դեռ հեղափոխականներ եք անվանում ձեզ։ Ինչպե՞ս կարող եք նոր կյանք կառուցել ունայնության այդ ձեր նեխած փիլիսոփայությունով։ Ինչ հեղափոխություն, ի՞նչ նոր կյանք, եթե հերքում եք կյանքի հիմքն իսկ, ամեն մի առաջադիմության, ամեն մի ստեղծագործության անհրաժեշտ պայմանը` կենսատու պայքարը...
Գեղեցիկ էր ու մի քիչ էլ զվարճալի երիտասարդ բանաստեղծի անկեղծ վրդովմունքը։ Եվ որքան ավելի վրդովվում էր նա, այնքան ավելի մենք «մեր էշն էինք քշում»։ Իհարկե, մեր կողմից մի պարզ չարաճճիություն էր սա, Տերյանին «ջգրացնելու» և նրա բուռն ռեպլիկները լսելու ցանկություն: Բայց պետք է խոստովանեմ, որ շատ էլ դժվար բան չէր մեզ համար զարգացնել ու խորացնել այդ կարգի փիլիսոփայությունը, քանի որ Թումանյանի նման ես ևս իմ բնական հակումներով ազատ չէի հոգնած ու երազող արևելցու թուլություններից:
-Իրոք, ասի, Օհաննես, ինչ երջանկություն`
....Ոտներն հանգիստ ժայռերից կախած
Նստել պառնասի երջանիկ գլխին
Ու բարձրից նայել էս հիմար խալխին։
- Մանավանդ եթե ձեռիս տակ ունենամ մի շիշ Կախեթու գինի, իսկ կողքիս քեզ պես մի անուշ ընկեր... Տերյանը եփում էր, փրփրում․
-Այդ ո՞վ է նստեցրել ձեզ Պառնասի գլխին, որ նայեք ցածում գալարվող ու տառապող «հիմար խալխին»։ Ո՞վ է այդ «հիմար խալխը», չէ՞ որ դուք էլ նույն խալխիցն եք, ու խալխը բաղկացած է ձեզ նման մարդկանցից… Այդ ինչ խմորից եք թխված դուք, որ խալխից վեր եք դասում ձեզ. և ով պիտի մատակարարի ձեզ այդ Կախեթու գինին ..
-Ոնց թե ով, - վրա բերեց Օհաննեսը,- այ հենց էն հիմար խալխը: Տերյանը մնաց խոսքը բերանը, կոմիկական սարսափն երեսին. սա արդեն ամեն չափից դուրս էր: Թումանյանը այլևս չկարողացավ դիմանալ, փռթկաց: Տերյանը նայեց նրան, նայեց ինձ ու ինքն էլ ծիծաղեց.
-Ձեռ եք առել ինձ...
Իսկ Օհաննեսը.
-Չէ, ինչ ձեռ առնել, քեզ բա՛ն ենք ասում ... Դուն ինձ լսիր, Վահան, քեֆ արա, քեֆ ... իսկ գինին միշտ կգտնվի, դարդ մի անի»: