«Ֆրանսիական Ֆրենկ Սինատրա», -այսպես էին անվանում ամերիկացիները Շառլ Ազնավուրին, թերևս հաշվի առնելով երկու մեծ երգիչների որոշ երգերի բովանդակության, բեմական կեցվածքի ընդհանրություններն ու մեծ հռչակը։ Շառլ Ազնավուրն ու Սինատրան միմյանց լավ ծանոթ էին և նույնիսկ միասին ձայնագրել են «You Make Me Feel So Young»:
Աշխարհահռչակ երգիչների համագործակցությունը, սակայն, միայն երգարվեստով չի սահմանափակվել։ Հայտնի է, որ Ֆրենկ Սինատրան սիրում էր տարբեր ուտեստներ պատրաստել, ավելին, նա իր կնոջ Բարբարայի հետ նույնիսկ խոհարարական գրքեր է հեղինակել։ Այդ գրքերից մեկում՝ 1996 թ․ լույս տեսած «The Sinatra Celebrity Cookbook: Barbara, Frank & Friends»-ում, ի թիվս այլ բաղադրատոմսերը, ընդգրկված են նաև հայտնի երգչի հայտնի ընկերների տրամադրած բաղադրատոմսերը։ Այդ բաղադրատոմսերից մեկն էլ տրամադրել է Շառլ Ազնավուրը։
Շառլ Ազնավուրի առաջարկած ճաշատեսակը կոչվում է «Հայկական աղցան հավով»։
Անհրաժեշտ բաղադրամասեր՝
1/3 հավի կրծքամիս,
մի թեյի գդալ աղ,
1/3 բաժակ ձիթապտղի յուղ կամ կարագ,
2/3 ֆունտ լոլիկ,
3/4 ֆունտ թթվաշ խնձոր,
3 պինդ խաշած և կտրատած ձու
2 փունջ կտրատած հազար
Սոուսի համար անհրաժեշտ է՝
1/3 բաժակ մայոնեզ,
1/3 բաժակ կետչուպ,
1 ճաշի գդալ աղ և սոխ,
մեկ փունջ մանր կտրատած մաղադանոս,
1 կիտրոնի հյութ,
1 թեյի գդալ կոնյակ:
Պատրաստման եղանակը՝
Հավը մարինացնել աղով և տապակել կարագի (յուղի) մեջ մի քանի րոպե:
Մի քիչ ջուր ավելացնել և ծածկած կափարիչով եփել, մինչև փափկի: Հետո թողնել, մինչև սառչի, և կտրատել բարակ շերտերով:
Լոլիկը կեղևազատել, սերմերը հանել և խորանարդիկներով կտրատել:
Կեղևազատել ու խորանարդիկներով կտրատել նաև խնձորը։ Խառնել լոլիկը, խնձորը, ձուն, հազարն ու հավը:
Ավելացնել սոուսը և դնել ափսեի մեջ:
Թեև գրքում ոչինչ չկա այս աղցանի մատուցման կերպի մասին, բայց կարող ենք խորհուրդ տալ այն մատուցել ու ճաշակել Ֆրենկ Սինատրայի և Շառլ Ազնավուրի զուգերգի երաժշտական ուղեկցությամբ ուղեկցությամբ։ Բարի ախորժակ։
Աղբյուրը՝ www.aznavourfoundation.org