Երիտասարդ Ավետիք Իսահակյանը Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո մի քանի ամիս՝ 1892 թ․ հոկտեմբերից մինչև 1893 թ․ փետրվարը գտնվում էր Վրաստանի մայրաքաղաքում և ցանկանում էր գնալ արտասահման՝ ուսումը շարունակելու համար։ Պատանի Ավետիքի համար այս քաղաքը դառնում է նոր ծանոթությունների, եվրոպական համալսարաններում կրթության համար նախապատրաստվելու մի բարեբեր վայր։
Այստեղ էլ Ավ․ Իսահակյանը ծանոթանում հետագայում իր ամենամտերմ մարդկանցից մեկի՝ Հովհաննես Թումանյանի հետ։
«Ներկայացա նրան: Նա պաշտոն ուներ Կովկասի հայոց հրատարակչական ընկերության մեջ. ի՞նչ էր պաշտոնի անունը, չեմ հիշում, սակայն միշտ ընկերության գրասենյակում էր: Նա քաղցրությամբ ընդունեց ինձ, հարցրեց, թե ի՞նչ տպավորություն է թողել գիրքը աշակերտների վրա: Մեր ուսուցիչ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի համեմատությամբ աոաջին գիրքը մենք գտել էինք թույլ, բայց զգացել էինք նրա տաղանդի շունչը:
— Մենք շատ սիրեցինք ձեր պոեզիայի ժողովրդային տարերքը.— պատասխանեցի ես և արտասանեցի, իբրև ապացույց, որ սիրում ենք մի երկու ոտանավոր այդ ոճով գրածներից: Թումանյանն ուրախ ժպտաց և իսկույն նվիրեց ինձ բանաստեղծությունների երկրորդ հատորը, որ նոր էր լույս տեսել: Առաջին հանդիպումով շատ հաճելի տպավորություն ստացա Թումանյանից: Վարմունքը պարզ էր և ընկերական: Նրա դեմքը ողողված էր, կարծես, մի ներքին լույսով: Փարթամ մազերով, աչքերը խոր ու խոհուն: Ժպիտը միշտ ներկա իր դեմքի վրա: Հազիվ քսան և չորս տարեկան էր, ուրախ, զվարթ, երիտասարդ»,- հիշում է բանաստեղծը։
Թումանյանի միջոցով Իսահակյանը այդ օրերին Թիֆլիսում ծանոթանում է Ղազարոս Աղայանի, Պերճ Պռոշյանի և մեր մշակութային այլ հայտնի գործիչների հետ։ Այստեղի գրական-հասարակական պարբերականներում տպագրվում են նրա բանաստեղծությունները։
- Սի՛րտըս երկինք է…
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ –
Գահ ունի այնտեղ:
- Սի՛րտըս երկինք է…
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին –
Ամայի սրտին…
Սիրտըս երկինք է…
Այս հայտնի բանաստեղծությունը նույնպես գրվել է Թիֆլիս այցելությունների ընթացքում՝ 1893 թ․ փետրվարի 4-ին։ Իսկ Հովհաննես Թումանյանի հետ
բարեկամությունը է՛լ ավելի է սերտանում հասարակական-քաղաքական գործունեության բովում։ 1895 թ․ նոյեմբերին Հով․ Թումանյանը՝ որպես Հնչակյան կուսակցության ստեղծած «Հանգանակող ու գործադրող կոմիտեի» (գաղթականների օգնության և տեղավորման միավորման) ներկայացուցիչ, գործուղվում է Ախալցխա, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Կարս, Ղարաքիլիսա, Էջմիածին։ Ալեքսանդրապոլում նրան է միանում Ավ․ Իսահակյանը։
«1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երևաց Ալեքսանդրապոլում: Իջել էր հյուրանոց, ես տեղափոխեցի մեր տուն: Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում: Գալիս էր Թիֆլիսից Ախալցխայի և Ախալքալակի վրայով, գնում էր Երևան, Էջմիածին: Ինչ-որ միսիայով էր շրջում նա: Հայ կյանքը ալեկոծված էր արևմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով և ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով: Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արևմտահայերի և հայկական հարցի ճակատագրի նկատմամբ: Անշուշտ, Օհաննեսի ուղևորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ»,-հիշում է Իսահակյանը:
Այդ շրջանում Շիրակում քաղաքական-քարոզչական աշխատանք էր իրականացնում նաև Ավ․ Իսահակյանը։
Թումանյանի հետ հանդիպման հաջորդ դրվագը մեկ տարի անց էր․
«1896 թվի գարնանը Թիֆլիսումն էի... Ես գիշերեցի Օհաննեսի մոտ: Տխուր շրջան էր. ցարական հայահալած քաղաքականությունը չարագին բնույթ էր ստացել, կառավարությունը փակել էր հայոց դպրոցները, իրար ետևից փակում էր հայ թերթերը, գրադարանները և կուլտուրական հիմնարկները, բանտերը լցվել էին արևմտահայերի ագատագրական շարժման համակրողներով. բանտարկված էին Ղ․ Աղայանը, Շիրվանզադեն: Ուշ գիշեր էր, երբ պատրաստվեցինք քնելու։ Օհաննեսը լամպը ձեռքին կանգնել էր անկողնուս մոտ.
— Ա՛յ տղա, շատ մի տխրիր, վերջը լավ կլինի: Հայ ժողովուրդը ավելի ծանր օրեր է տեսել։ Մի՛ հուսահատվիր, էս էլ կանցնի»: