Մինչ 1976 թվականը համաշխարհային գրականությունը գիտեր միայն Վիլյամ Սարոյանի և Էռնեստ Հեմինգուեյի ծեծկռտուքի մասին, որը տեղի էր ունեցել Փարիզի սրճարաններից մեկում (կարդալ այստեղ): 1976 փետրվարի 12-ին, սակայն, տեղի ունեցավ ոչ պակաս հայտնի մեկ այլ ընդհարում լատինաամերիկյան և ընդհանրապես համաշխարհային արձակի երկու նշանավոր դեմքերի՝ պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսայի (1936-2025 թթ.) և կոլումբիացի հանճար Գաբրիել Գարսիա Մարկեսի (1927-2014 թթ) միջև: Մեխիկոյի կինոթատրոններից մեկում տեղի ունեցածն իրականում ծեծկռտուք կամ լիարժեք կռիվ չէր, ուղղակի Վարգաս Լյոսան բռունցքի անակնկալ հարված հասցրեց հին ընկերոջ՝ Մարկեսի դեմքին, ըստ որոշ աղբյուրների ասելով՝ «Այդ բանը դու չպետք է անեիր Պատրիսիայի նկատմամբ»: Կռիվն ավարտվեց Գարսիա Մարկեսի աչքի կապտուկով ու հարաբերությունների վերջնական խզմամբ:
Վարգաս Լյոսան ու Մարկեսը. ընկերության սկիզբ
Լատինաամերիկյան նոր վեպի երկու մեծ ներկայացուցիչները, որոնք նաև Նոբելյան գրական մրցանակ են ստացել, ծանոթացել են 1967 թվականին Կարակասում, երբ Մարիո Վարգաս Լյոսան գրական մրցանակ էր ստանում «Կանաչ տուն» վեպի համար: Ծանոթությանը հաջորդում է տասնամյա մտերմությունն ու ընկերությունը: Նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում, նույնիսկ մի որոշ ժամանակ Բարսելոնայում ապրում նույն փողոցում, ծրագրում են համատեղ վեպ գրել Պերուի ու Կոլումբիայի հարաբերությունների մասին: Լյոսան բազմիցս խոստովանում է իր հիացմունքը Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի ու ընդհանրապես Մարկեսի ստեղծագործության նկատմամբ: Նա նույնիսկ գիտականորեն ուսումնասիրում է Մարկեսի ստեղծագործությունն ու այդ թեմայով ատենախոսություն պաշտպանում:
Պատրիսիան, Լյոսան ու Մարկեսը
Ըստ հուշագիրների, գրողների ընդհարմանը նախորդող շրջանում, Վարգաս Լյոսան թողնելով կնոջը Բարսելոնայում մեկնում է ԱՄՆ, ըստ բամբասանքների այլ կնոջ հետ: Դժբախտ կինն այդ ընթացքում բնակվում է հարևանությամբ ապրող Մարկեսի տանը, շատ ժամանակ անցկացնում նրանց ընտանիքում: Ըստ որոշ աղբյուրների, Գարսիա Մարկեսը խորհուրդ է տալիս բաժանվել ամուսնուց: Որոշ ժամանակ անց Լյոսան վերադառնում է, և կինը պատմում է Մարկեսի խորհրդի մասին: Սա էլ ըստ վարկածներից մեկի, զայրացնում է Լյոսային ու դառնում ընդհարման պատճառ:
Ֆիդել Կաստրոն, հեղափոխությունն ու գրողները
Շատ տարիներ անց, երբ Գարսիա Մարկեսն արդեն չկար, Լյոսան ներկայացնում է իրենց ընդհարման մեկ այլ պատճառ. կոլումբացի գրողը ողջունում էր Կուբայի հեղափոխությունն ու պաշտպանում Ֆիդել Կաստրոյի քաղաքականությունը, իսկ 1970-ական թվականներին սկզբներին շատ գրողներ, այդ թվում և Վարգաս Լյոսան, փոխում են իրենց ձախ հայացքներն ու Ֆիդելի ռեժիմը, ընդհանրապես տարբեր հեղափոխություններ համարում բռնապետության հաստատման պատճառ: Իսկ Գաբրիել Գարսիա Մարկեսը շարունակում է պահպանել մտերմությունը Ֆիդել Կաստրոյի հետ: