Սոս Սարգսյանն իր «Վարագույրից այս կողմ» (1991 թ․) գրքում ի թիվս իրականության վերաբերյալ իր խոհերը, էսսեները ներկայացնում է նաև ուշագրավ հուշեր ժամանակի մշակութային հայտնի գործիչների, իր գործընկերների, տարբեր հանդիպումների մասին։ Մի այդպիսի հետաքրքիր հանդիպում է լինում 1960 թ․ Հայաստանում գտնվող Վիլյամ Սարոյանի հետ։ Թատրոնի արտիստները ռեստորան են հրավիրում Վ․ Սարոյանին։ Այստեղ հայազգի մեծ արձակագիրն ու դրամատուրգը ներկայանում է իր նուրբ հումորով ու բարեսրտությամբ։ Միաժամանակ Սոս Սարգսյանը ներկայացնում է նաև ժամանակաշրջանի բարքերն ու մարդկանց։
60-ին էր, Սարոյանը եկավ Հայաստան։ Հրաչի Պաղտիկը նայեց, հիացավ. «Իմ սիրտը լեռներում է» իր պիեսի փորձերն էին սկսվել, մի քանի ժամով Աճեմյանի հետ առանձնացան, հետո հանդիպում եղավ ընդհանուր կոլեկտիվի հետ։ Բա մենք ոնց անենք: Որոշեցինք ջահելներով հանդիպում կազմակերպել։ Ավո Ջրաղացպանյանին ու Նորայր Գևորգյանին ուղարկեցինք «Արմենիա» հյուրանոց բանակցությունների։ Դրսում անհանգիստ սպասում էինք, ժպտադեմ եկան:
Համաձայնեց, մի երեկո մեզ հետ կլինի...
«Արարատ» ռեստորանը նոր էր բացվել, սեղանները երկար շարքով միացրինք իրար։ Գլխավերևը Սարոյանի համար ընտիր կոնյակներ, մեր մասերում՝ «Հրազդան» գինի։ Երեկոն դարձավ գիշեր, գիշերը՝ լուսաբաց... Սարոյանը մի նոր աշխարհ էր մեզ համար, ուրիշ մտածողություն, անսպասելի տեսակետներ...
—Չմոռանանք, Հիտլեր նույնպես մենք ծնած ենք, անոր ալ կին է ծնել, ուրիշ տեղեն չէ... Մեր մեղքը անոր մեջ կա...
—Կինո կսիրե՛ք, պարոն Սարոյան:
—Շատ կսիրեմ... եթե ձրի է... Ու ամպագորգոռ ծիծաղում է:
«Նամուսից» Ռուստամի ու Սեյրանի տեսարանը ներկայացրինք. Կոնյակի ֆուժերը ձեռքին, ուշադիր նայեց, դիտողություններ արեց: Թատրոնը զգում էր, հասկանում էր մինչև խորքը։ Հետո դուդուկահարները մոտ եկան: Լսեց, ապա դամ պահողին խնդրեց լռել: Քիչ հետո թե՝ չէ, դուն պետք ես, չալե...
Տապական նոր էր մոդա Երևանում, ասացինք՝ պարոն Սարոյան, տապակա կուտե՞ք։
Հսկա բեղերը գնացին եկան, աչքերը չռեց:
— Տապակա... Ադ ի՞նչ է...
— Հավ...
— Հավ ի՞նչ է...
— Դե, հավ, աքլոր, թռչուն...
Ի՞նչ աքլոր...
— Որձակ, խորոզ, աքլոր...— Ամեն կողմից վրա ենք տալիս, ձեռքներս թափահարում ենք օդում, ցույց ենք տալիս թռչելը:
— Էհ, հա... Ըսենք...
—Ըհը... Հավի ու խորոզի ձագը... Սրանց փոքրը... Սրանց երեխան... Սրանց չոջուխը... — Ձագ ինչ է, ախպար... Չոջուխ ի՜նչ ընեմ...— Սարոյանը
հուսահատվեց, կոնյակը խոշոր կում արեց։— Աս ինչ է, իրարու չենք հասկնա հայերս...
Մեզնից մեկը, կարծեմ հենց Մհերը, էլ չդիմացավ, անհամբեր ճչաց.
— Դե տապակա, էլի, ճուտ, ճուտ...
Ճե՜տ...— իր հզոր ձայնով գոռաց Սարոյանը։ Էհ, ճետ ըսեք... Ինչ խորոզ մորոզ կըսեք, երեխա կըսեք... Կուտեմ։ Ու հռհռաց, մենք էլ հետը... Պատերը դողացին... Հոյակապ մթնոլորտ էր, անբռնազբոս, անկեղծ, ազատ, մենք՝ երանության մեջ և հանկարծ ներս մտան Դավիթը, Ավետն ու Ջանիբեկյանը... Ասես սառը ջուր լցրին գլխներիս: Հասկացանք, որ սրանց ուղարկել են կուսակցական հանձնարարությամբ, հանկարծ գաղափարական սխալ չանենք... Խեղճերին տեղաշորից հանել էին, գիշերով ուղարկել...
Ինչ անենք, ստիպված ներկայացրինք, կարծեմ Նորայր Գեվորգյանը։ Նորայրին Սարոյանը միանգամից սիրեց, հրաշալի պարում էր Նորայրը...
— Պարոն Սարոյան, ծանոթացեք, մեր ժողովրդական արտիստներն են:
— Ի՞նչ ժողովրդական... Ինչո՞ւ ժողովրդական...
— Դե, մեր մեծ արտիստներն են...
— Անոնք ժողովդրիննեեն.. Էհ, հապա դուք լըման ո՞ւմն եք...
— Կոչում ունեն, էլի, պարոն Սարոյան...
— Կոչումն ինչ է... Դուք ինչու չունիք...
Կամ իսկապես չէր հասկանում, կամ չէր ուզում հասկանալ մեր կյանքը, մեր դրվածքը: Մի խոսքով, այլևս անհույս գործ էր շարունակելը: Մեր անկոչ հյուրերը որոշեցին իրենց պարտքը կատարել՝ հերթով բաժակաճառ ասին...
— Խորհրդային հզոր մեր հայրենիքը... Մենք պետական թատրոն ունենք...
— Մենք չենք վախենում իմպերիալիզմից... Ամերիկան... Մենք կհաղթենք...
...Մենք մեր հարազատ կուսակցության հավատարիմ սալդատներն ենք, եթե մեզ հրամայեն, մենք կկատարենք... Կասեն գնա կռվի՝ կգնանք, կասեն բեմում խաղացեք՝ կխաղանք... Մենք
սալդատներ ենք... Քաղպարապմունք... Քար լռություն... Սարոյանը զարմացած լսում էր վայրենի այս մտքերը, հետո ոտքի ելավ, կոնյակը մինչև վերջ լցրեց ֆուժերի մեջ, ժպտաց, ու հանկարծ դահլիճը դղրդացրեց իր մռնչյունով.
- Է-է-է, հա... Լավ է... Դուն խոսե, խոսե, ես երթամ շը... Ջանիբեկյանը քթի տակ մրթմրթած, անհասցե հայհոյեց, m փառք Աստծո, վեր կացան:
Սարոյանը չկա ու չկա։ Գնացինք տեսնենք միզարանի մոտ կանգնած... Կոնյակն էլ մի կողմից է խմում։ Շուռ եկավ մեզ՝
— Էհ...
— Պարոն Սարոյան, սպասում ենք...
— Ան, ի՞նչ կըսեք... Ան սալդաթներ գացի՞ն...
— Այո, գացին...
— Էհ, ուրեմն ես եկա... Լըմանս ուրախ երգ երգենք...
Քեֆը շարունակվեց... Երգ, պար, արտասանություններ, ինքն էլ մեզ խառնված, մեզ հետ՝ ամենաաղմկարարը, անեկդոտներ է պատմում։ «Արարատի» ներքնահարկը թնդում է...
Լուսաբացին, արևի հետ, դուրս եկանք հրապարակ. լայն մեջքը հենեց տուֆ պատին, արծվի հայացքով զննեց հրապարակը.
— Աս մեքենաներ հայերուն են... Աս մարդիկ, որ կքալեն, հա՛յ են... Ան ոստիկա՞ն ալ հայ է...
— Այո, իհարկե...
— Այս սիրունիկ տիկիններն ալ հա՛յ են... Լըման հա՞յ ենք... Այո, այո...
— Հապա էլ ի՞նչ կուզենք,— հրապարակով մեկ գոռաց Սարոյանը։— Լըման հայ ենք, էլ ի՜նչ կուզենք...
Մեր ամենահետաքրքիր օրերից մեկը։ Քո, իմ բոլորիս կենսագրությունն է, թող չկորչի: Մեծին մեծարելու, ունկն անելու, նրան ներկայանալու, արժանի լինելու... Երիտասարդի առողջ մղումներ էին։ Մենք կարող ենք հպարտանալ մեր կազմակերպած այդ հանդիպման համար: