․․․1936 թվականի աշունն էր: Երևանի «Ինտուրիստ հյուրանոցի սպասարանում հուզված ու խանդավառ կանգնել ենք մենք, տասնամյակը նոր ավարտած մի խումբ պատանի աղջիկներ՝ ծաղկեփնջերը ձեռքներիս: Մեծ եղավ մեր հրճվանքը և ապա շփոթմունքը, երբ հյուրանոցի ծառայողը, դուրս գալով 103-րդ սենյակից, ասաց. «Կարող եք ներս գնալ... Անչափ դժվար էր առաջին անգամ դուռը բացել... Ահա սենյակի խորքից մեզ ընդառաջ է գալիս հյուրընկալը: Նա է, Ավետիք Իսահակյանը: Իսկ և իսկ նման դասագրքերի նկարներին, քայց արդեն իրական, կենդանի Ավետիք Իսահակյանը:--
Մենք նրան ճանաչում էինք դեռևս աշակերտության առաջին տարիներից: «Մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա», նա հեռացել էր աշխարհից ու հեռավոր անապատներն էր քաշվել՝ անիծելով մարդուն ու նրա օրենքները... Մեր մանկական և ապա պատտանեկան երևակայության մեջ դեռևս ղողանջում էր նրա հոգնաբեկ քարավանը, շաչում-շառաչում էին արմավն ու նոճիները, և հողմն ու ավազը ճեղքելով դեռ քայլում էր նա՝ մռայլ ու միայնակ, այրվող հայացքը արևին ու աստղերին:
Եվ ահա այդ հեքիաթական թվացող անձնավորությունը կանգնած էր մեր դեմ, և մենք չգիտեինք, ինչի՞ց սկսենք զրույցը, ինչպես վարվենք, ինչ խոսենք նրա հետ: Վերջապես ուժեր հավաքելով, աշխատելով զգաստ ու բանիմաց երևալ, ես հարցրեցի.
– Ե՞րբ եք գրելու «Աբու-Լալա Մահարիի» վերադարձը: Չէ՞ որ արդեն վերադարձել եք... Իսահակյանը ներողամտորեն ժպտաց, և ապա, նայելով
ընկերուհիներիս, կատակի տվեց.
— Եթե գիտենայի, որ այստեղ ձեզ պես գեղեցիկ աղջիկներ կան, ավելի շուտ կվերադառնայի...
Մենք, մի քիչ հանկարծակիի եկած, բայց շոյված ու գոհ ծիծաղեցինք, և այսպիսով, սկսվեց մեր ծանոթության երկրորդ շրջանը Ավետիք Իսահակյանի հետ: Ուսուցիչների պատ-մածներից ու դասագրքերից պատկերացված գրքային հերոսը, Շոպենհաուերի փիլիսոփայությանն հետևողն ու անապատների մարդախույս ճանապարհորդը դարձավ ժպտերես ու կատակաբան մի մարդ՝ մտերիմ ու պարզ վարվեցողությամբ, Գյումրվա շեշտված առոգանության հետևանքով ավելի ժողովրդական թվացող բառ ու խոսքով: Ու երբ հետո անցան տարիները, ավելի հասուն դարձանք մենք, երբ աշակերտական ուղղագիծ հասկացողությունները տեղի տվեցին սեփական փորձին, սեփական եզրակացություններին, ես հասկացա, թե ինչքան միամիտ է եղել իմ հարցը՝ Աբու- Լալայի վերադարձի մասին...
Ոչ, Իսահակյանը երբեք չէր հեռացել, որպեսզի վերադարձի երգ գրեր: Նա Շոպենհաուերի մռայլ վարդապետությամբ խորապես չէր ներծծվել բնավ: Նա չէր ատել մարդուն, ատել էր նրա ստեղծած գայլի օրենքները: Նա զայրույթով էր խոսել մարդու մասին, որովհետև սիրում էր մարդուն և ուզում էր, որ նա լինի մեծ ու բարձր, արժանի իր մարդկային կոչմանը: Նա դառն ու խռոված խոսքեր էր ասել հայրենիքի մասին, որովհետև նրան ցանկանում էր տեսնել հպարտ, երջանիկ, ձերբազատված օտար ու սեփական շղթաներից... Իսահակյանն իր ողջ կյանքով, իր երգով ու հոգով միշտ էլ կապված է եղել իր մի բուռ հայրենի հողին: