ՋԱՎԱՀԻՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ
(Հատված)
Անցյալ նամակով ես ուզեցել էի իմանալ քո տրամադրությունը՝ թե արդյոք իղձ ունես ինձ լսելու, որովհետև ես կասկածելով, որ դու իսկույն, ինչպես բոլոր կանայք, ընդունակ ես շուտով նոր սեր գտնելու, էժան սեր... ուստի չէի ցանկանում ինքնասիրությունս վիրավորելով, սիրտս բանալ քո առաջ [որին այլևս պետք չեմ], բայց ուրախացա, որ ուզում ես ինձ լսել:
Դու ինձ մեղադրում ես, որ ես քեզ չեմ սիրում, կամ քիչ եմ սիրում, կամ քիչ եմ սիրել.— ընդունենք որ դա այդպես է, և իրոք էլ, ես քեզ իսկական սիրո, այն մեծ, տիեզերական, անհուն սիրո՝ որով սիրում էի Շուշանիկին, մի 100-ական մասով էլ չեմ սիրել... և դա քեզ շա՛տ անգամ եմ հայտնել, և դա ինձ համար վիշտ եղել, որ չեմ կարող քեզ ամբողջովին, բոլոր արյունովս սիրել, և դա ոչ այն պատճառով, որ դու արժանի չես սիրո կամ Շուշանիկից ցածը ես ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Դու արժանի ես, իմ աչքում մեծ սիրո ու Շուշանիկից շա՛տ և շա՛տ բարձր մարդ ես, բայց ես լինելով արդեն հոգնած, ջղերով քայքայված, ապրած, տանջված ուղեղով, բթացած սրտով չեմ կարող իմ ուզածի չափ, իմ սիրո իդեալի չափ քեզ սիրել, բայց և այնպես այդ չի նշանակում, որ քեզ չէի սիրում․․․ բայց կրկնում եմ` ընդունենք, որ ես քեզ չեմ սիրում, բայց ասա՛, ինչ հոգեբանական օրենքով, իմ քեզ չսիրելը քեզ հիմք է տալիս ինձ չսիրելու. սերը, ինչպես հասկացվում է վեհ, բարձր մտքով, որ բխում է հոգու անհուն խորքերից, բջիջների ցանկությունը` դա մի տարերք, հզոր ուժ է, պահանջ է, որի առաջ խելքը, կամքը ոչինչ են — այդ տեսակի սերը, որ մի միստիկական-ունիվերսալ կամք է, ցնորք, վերք՝ նա չի պահանջում փոխադարձը՝ գեշեֆտ(գործարք), առևտուր: Նա սիրում է, որովհետև չի կարող չսիրել, թեկուզ խելքը գիտե, որ այն օբյեկտը՝ որին սիրում է, անտարբեր է, չկա, մեռած է նրա համար կամ ատում է իրան, և որքան անմատչելի, անհասանելի լինի օբյեկտը՝ այնքան զորեղ կլինի սերը իր վշտով, որ սիրո անբաժան ընկերն է.— որպիսի սիրով ես սիրում եմ Շուշանիկին: Նա ինձնից փախչում էր, նա ինձ չէր բարևում, նա մարդու գնաց, բայց ես օր-օրի վրա ավելի բուռն ու ավելի անսահման էի սիրում, մետաֆիզիկ սիրով, ոգիացած սիրով, այն աստիճան, որ ամբողջ էությունս վառվեց ամեն կողմից այդ սիրով և [ես հալվեց] իմ ուղեղս հալվեց: Ես հոգեպես մեռա, ուժ չունենալով տղամարդու պես իմ կյանքիս և սերս ավերողների կյանքին վերջ տալու. ահա սա է սերը՝ հավերժական վիշտ, հավիտենական ձգտում, կույր, անբռնաբարելի, անհաղ թելի տենչանք՝ մահվան չափ, [տիեզերք] կյանքի չափ:
Վահան Տեր-Առաքելյան, Կոմիտաս, Լևոն Շանթ, Ջավահիր Ներսիսյան-Շանթ, անհայտ, 1909
Բայց քո սերը... բայց քո սերը, որքան էլ դու կարծում ես, հավատացած ես, թե ինձ սիրել ես բուռն չա՜տ քիչ է, չա՛տ հեռու է սեր կոչվելուց. նա տրիվիալ է սովորական, առօրյա և իսկույն փոխանցելի ուրիշի սիրով։ Ասա խնդրեմ, դու դատիր, իբրև կողմնակի մարդ նայելով երևույթի վրա — ինչպես կբացատրես դու — ես դեպի քեզ անտարբեր եմ, լա՛վ, նամակներ ուշ-ուշ եմ գրում, իսկ չնայելով այդ բոլորին, դու գրում ես քո անցյալ տարվա վերջին նամակով, թե (չգիտեմ ինչու ես ռուսերեն գրել) Haвceгда знай, что я тебя люблю до смерти և ուղղակի դրանից մի 15 օր հետո, մի գեղեցիկ օր, դու Չ-ի Հետ սիրաբանություններ ես անում... այդ սե՞ր է, հա դեպի ինձ. դրա անունը սեր չէ, այլ հրապույր, увличение — դու ի՛նձ չես սիրել ― եզրակացնում եմ:
Հետո ասենք թե խելքի ես գալիս, արբած դրությունից զարթնում ես, և ինձ ամենը գրում ես. իսկ ես վերջ եմ տալիս կապը և դրանով վերջանում է ամեն բան. այո՛, վերջանո՞ւմ է. իմ մեջ թո՛ղ վերջանար, ես քեզ չէի սիրում, բայց չէ որ դու ինձ սիրում էիր до смерти, ու չէ որ այդ տեսակ սերը պիտի և վիշտ հառաջացներ մահվան չափ. չէ որ որքան թանկ է կորուստը, այնքան էլ մեծ է վիշտը, անբուժելի կամ երկարատև բժշկության կարոտ, ժամանակի [սփոփանք] կարոտ, բայց դու Չ-ին թողնելուց հետո, իմ վերջին նամակը ընդունելուց հետո սիրահարվում ես Շանթին։
Վերնատան անդամները. Ավ. Իսահակյան, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Լ. Շանթ, Դ. Դեմիրճյան, 1903
Ամենայն ինչ կատարյալ է։
Նորից ասեմ. — երբ մարդու սերը փշրվում է, տեղը մնում է վերք, որից արյունը երկար և երկար կաթում է․․․ բայց քո [հին] փշրած սիրո տեղը անմիջապես վարդեր են ծլում... այո՛, սիրելիս, այդ օրենք է - բայց կանանց աշխարհում. կինը թույլ էակ է, սիրտը ոչ խորը, զգաց մունքները՝ մակերևույթային, և երեխայի պես շուտ <սփոփվող> և կենսուրախ...:
1902
Լևոն Շանթը կնոջ՝ Ջավահիրի և երեխաների հետ
Ջավահիր Ներսիսյանը (1870-ական թթ. — 1945), կուսակցական-հասարակական գործիչ էր՝ Ջավո ծածկանվամբ։ 1903 թվականից՝ Լևոն Շանթի կինը: 1900-1902 թթ. սովորել է Ժնևի համալսարանում, որտեղ էլ ծանոթացել և մտերմացել են Ավետիք Իսահակյանի հետ։ Միասին մասնակցել են ՀՅԴ ժողովներին։ Նամակում հիշատակվող Չ-ն
հավանբար արևմտահայ բանաստեղծ, թարգմանիչ Արամ Չարըքին (1874-1947) է, որն այդ տարիներին սովորում էր Լայպցիգում։ Լևոն Շանթի հետ ամուսնանալուց հետո Իսահակյանի ու Ջավահիրի նամակագրական կապը ընդհատվում է։ Հայտնի է, որ 1926 թ. մարտին, Փարիզում, Ավ. Իսահակյանը խնդրում է և Ջավահիրը նրան է վերադարձնում 1900-1902 թթ. իրենց նամակները: Սակայն Ավ. Իսահակյանի և Ջ. Ներսիսյանի բարեկամությունը շարունակվել է նաև Փարիզում՝ 1930-ական թթ.։
Աղբյուրը՝ Ավետիք Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 13, Երևան, 2020։
Լ․Շանթի ընտանեկան լուսանկարը armenianweekly.com կայքից