«Հարյուր տարվա մենություն» և շատ այլ նշանավոր վեպերի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսի որդին՝ Ռոդրիգո Գարսիան, հոր և մոր մահվանից հետո հրատարակել է հուշեր, որտեղ հիմնականում ներկայացնում է հոր կյանքի վերջին շրջանը, տառապանքները, հիշողության կորուստը: Բացի այս, գրքում անդրադառնում է նաև մոր՝ Մերսեդեսի, մահվանից հետո իր հոգեվիճակին:
Գաբո և Մերսեդես
Հատվածներ գրքից | վերապատմումներ
Որդին հիշում է, որ երբ 1960-ականներին Գաբրիել Գարսիա Մարկեսը գրում էր «Հարյուր տարվա մենություն» վեպը, ամենադժվար պահերից մեկը՝ վեպի հերոսներից մեկի՝ գնդապետ Աուրելիանո Բուենդիայի մահը ներկայացնելն էր: Գաբոն (այսպես էին երբեմն անվանում կոլումբիացի գրողին), Մեխիկոյում գտնվող իր տան աշխատասենյակից դուրս է վազել, գտել կնոջը՝ Մերսեդես Բարչային.«Ես սպանեցի գնդապետին», - բղավել է նա հուզված: «Մայրս գիտեր, թե դա ինչ է նշանակում հորս համար, ուստի նրանք լռեցին՝ անչափ հուզված այդ տխուր նորությունից», - գրում է Ռոդրիգո Գարսիան։
«Հայրս միշտ բողոքում էր, որ մահվան մեջ ամենաշատը ատում էր այն փաստը, որ այն կյանքի միակ կողմն էր, որի մասին ինքը չէր կարողանա գրել»,-հիշում է Գարսիան։
Մերսեդես Բարչան և Գաբրիել Գարսիա Մարկեսը 1982 թվականի հոկտեմբերի 12-ին,
այն օրը, երբ կոլումբիացի գրողը արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի
Ռոդրիգո Գարսիան՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի որդին
Ռոդրիգո Գարսիայի գրքում ծնողների վերջին օրերի պատմությունը, ապա մահը, զուգահեռվում են Մարկեսի գրքերում, հատկապես «Հարյուր տարվա մենություն»-ում հերոսների մահերի պատկերներին:
«Ես ստիպված չէի շատ մտածել մահվան դրվագները հիշելու համար։ Կորստի և մահվան թեման շատ տարածված է, բոլոր գրողներն են այդ մասին սիրում գրել, իսկ հայրս այնքան տպավորիչ է գրել այդ մասին, որ ես հեշտությամբ հիշեցի նրա բոլոր գլխավոր հերոսների մահերը»:
Ռոդրիգո Գարսիան կինոռեժիսոր է և հոր գրքերը էկրանավորելուն ուղղված մի շարք նախագծերի հեղինակ է։ Մարկեսի ընտանիքը միշտ շատ զգույշ է եղել անձնական կյանքի մասին մանրամասներ հաղորդելու գործում։ «Մենք հանրային դեմքեր չենք»,- ասում էր միշտ Մերսեդեսը, որն էլ տունն ամրոց է կարգախոսով միշտ փայփայում էր ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Այդ պատճառով էլ Ռոդրիգոյի այս գիրքը փոքրիկ պատուհան է դեպի այն ամենն, ինչ ապրել են ծնողները կյանքի վերջին շրջանում: Թեպետ հուշերի մի մասը գրվել են դեռ ծնողների կենդանության օրոք, սակայն «Ես գիտեի, որ ես չէի կարող հրապարակել այս հիշողությունները, քանի դեռ հայրս կամ մայրս կարող էին դրանք կարդալ: Իսկ եթե նրանք այնուամենայնիվ կարողանային կարդալ դրանք, շատ կուզեի մտածել, որ երջանիկ և հպարտ կլինեին, բայց վստահ եմ, որ մայրս ինձ կասեր՝ «ի՜նչ բամբասկոտն ես դու», - գրում է Ռոդրիգոն։
Գիրքը մանրամասն պատմում է Գարսիա Մարկեսի կյանքի վերջին օրերի մասին։ Նա կորցրել էր հիշողությունը, հաճախ չէր հիշում անգամ կնոջն ու որդիներին :«Ինչո՞ւ է այս կինն իմ տանը հրամաններ տալիս» - ասում էր Մարկեսը Մերսեդեսի մասին, իսկ որդիներին՝ Ռոդրիգոյին և Գոնսալոյին հաճախ էր ասում․ «Սա իմ տունը չէ. ես ուզում եմ գնալ տուն, իմ հայրական տուն», - նկատի ունենալով Աուրելիանո Բուենդիայի տունը, քանի-որ նրան էր իր պապը։
Հատվածներ գրքից
Երբ հայրս ութսուն տարեկան էր, ես նրան հարցրի, թե ինչ է զգում այդ տարիքում։
- Ութսուն տարիների բարձունքից ֆանտաստիկ տեսարան է բացվում, վերջն էլ մոտ է։
- Իսկ դու վախենո՞ւմ ես։
- Չէ, ես ուղղակի անսահման տխրում եմ։
Երբ հիշում եմ այդ պահերը, իսկապես տխրում եմ նրա անկեղծությունից, և հատկապես իմ հարցերի աննրբանկատությունից ու դաժանությունից։
Հայրս հստակ գիտակցում էր, որ հիշողությունը սահում է մատների արանքից՝ ինչպես մանր ավազը։ Նա համառորեն օգնություն էր պահանջում, անվերջ կրկնում էր, որ կորցնում է հիշողությունը։ Անասելի դժվար է տեսնել մարդուն նման հուսահատ վիճակում և լսել անվերջ նույն դժգոհությունները։ Նա ասում էր․
«Ես աշխատում եմ հիշողությանս հետ։ Հիշողությունս իմ զենքն է և հումքը։ Առանց դրա ես ոչինչ եմ։ Օգնե՜ք»։
«Հարյուր տարվա մենությունը» պատմում է Բուենդիաների վեց սերունդների մասին, բայց հայրս ևս երկու սերունդ էր ստեղծել մտքում, որոնք սակայն կյանք չստացան վեպում, քանի որ նա վախենում էր, թե վեպը շատ երկար և ձանձրալի կլինի։ Հայրս խիստ կանոնակարգվածությունը համարում էր վեպի ամենակարևոր հիմքերից մեկը, հատկապես երբ խոսքը վերաբերում էր վեպի պատումի և ծավալի սահմաններին։ Հայրս պնդում էր, որ վեպի հեղինակը պետք է կազմի «վեպի առանձին աշխարհագրության» քարտեզ, ինչպես ինքն էր արել։
Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է 2014 թվականի ապրիլի 17-ին, 87 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Մեխիկոյում՝ իր տանը։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյի Գեղարվեստի պալատում։ Թաղման արարողություն է անցակացվել է նաև Գարսիա Մարկեսի հայրենի Արակատակա քաղաքում՝ Կոլումբիայում։ Գարսիա Մարկեսի աճյունը բաժանվել է երկու երկրների միջև։