Պոետների ընկերության մասին
Ավետիք Իսահակյանը թերևս միակն էր ժամանակակիցներից, որ չվախեցավ Չարենցի հետ հանդիպումներից այն ընթացքում, երբ վերջինս հալածանքների և հետապնդումների էր ենթարկվում։ Իսահակյանը 1936թ. Եվրոպայից Հայաստան վերադառնալուց հետո մշտապես հանդիպում էր Չարենցի հետ:
Իսահակյանի և Չարենցի մտերմությունը սկսվել էր տարիներ առաջ՝ 1924 թվականին Վենետիկում: Այնտեղ այդ ժամանակ ապրում էր Վարպետը։ Երիտասարդ, բայց արդեն հայտնի բանաստեղծ Չարենցը կյանքում առաջին անգամ ստեղծագործական, նաև քարոզչական նպատակով գործուղման էր մեկնել Եվրոպայի մշակութային կենտրոններ, այդ թվում՝ Վենետիկ․․․
Իսահակյանը ծանր էր տանում Չարենցի ձերբակալությունը
Իսահակյանի երևանյան տան պատշգամբից երևում էր Չարենցի տան տանիքը: Մինչև ուշ գիշեր Իսահակյանը շրջում էր Չարենցի հետ` նրա տնային կալանքի ընթացքում: Երկու պոետներին զբոսանքների ընթացքում ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը` Ջեկին:
Տարիներ անց միայն Իսահակյանը պատմեց 1937թ. հոկտեմբերին Չարենցի կնոջ՝ Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը․․․
Պարզվում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, նրան ծածուկ փոխանցել են նաև Չարենցի նամակը: Նամակն ուղղված էր Իսահակյանին և գրված էր մատիտով սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակը Իզաբելան փոխանցել էր Իսահակյանին: Վարպետն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենավստահելի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում՝ վրան գրված Չարենցի վերջին բանաստեղծությունը և գրություն․ «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն».
Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
Ա՜խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:
Եվ սերունդներ այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
1937.27.IX. բանտ, գիշեր
Բանաստեղծությանը հաջորդում էր Չարենցի վերջին խոսքը. «Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»: