Պատմում է բանաստեղծի դուստրը՝ Սոնա Գրիգորյանը
«Շատ ավանդական էր հայրս, ու բոլոր ավանդական հայ տղամարդկանց պես՝ սննդի մեջ ամենակարևորը միսն էր համարում․ ճաշը ճաշ չէր, եթե միս չկար մեջը։
Սիրում էր այն ամենը ինչ մայրս էր պատրաստում, իսկ մայրս համեղ է ամեն բան պատրաստում (միսը շատ, ու «ախպարական» համեմունքները տեղը տեղին)
Թփով տոլման էր նրա ամենասիրելին, ի դեպ, որը Ամանորի սեղանին հենց ժամը 12-ին պետք է տաք-տաք լիներ, ու խեղճ մայրս ինչ-որ կերպ հաջողացնում էր կազմակերպել»։
Հովհաննես Գրիգորյանը կնոջ՝ Երանուհի Առաքելյանի ու թոռնիկի հետ
Սիրում էր յուրաքանչյուր ճաշելը ծեսի վերածել
«Նախաճաշը, որը սկսվում էր ուշ կեսօրին, իր ամենասիրելի ժամն էր։ Ինքն էր պատրաստում առողջարար վարսակի փաթիլները, իր «հեղինակած» հատուկ բաղադրատոմսով։ Այդ ընթացքում էլ պարտադիր հացի փշրանքներ էր մանրացնում բակի թռչունների համար, որոնք արդեն սովալլուկ սպասում էին նրա արթնանալուն։ Ու պատուհանը բացելուն պես՝ գալիս հավաքվում էին շուրջը՝ առանց վախենալու։ Նախաճաշը անշտապ էր վայելում, ու միայնակ (տան մյուս անդամների համար դա արդեն կեսօրի ճաշի ժամն էր, բնականաբար)։
Հովհաննես Գրիգորյանի վերջին լուսանկարը. հեղինակ՝ Արամ Պաչյան
Ճաշին միշտ շտապում էր տուն, ու գերադասում էր տանը ճաշել՝ ցանկալի է ընտանիքի հետ միասին։ Սիրում էր ցանկացած բան, որ մայրս կհրամցներ (միայն թե մսով):
Պոչով ապուր էր շատ սիրում, գյումրվա հորած պանիրը հացով։
Ինքնուրույն պատրաստել բացարձակ չգիտեր ու չէր սիրում, առհասարակ խոհանոցում լրիվ անօգնական վիճակում էր հայտնվում։ Միայն կարտոֆիլ տապակել ու միգուցե նաև ձվածեղ պատրաստել էր ստացվում մոտը։ Նույնիսկ, երբ ճաշն արդեն պատրաստ էր, այն արդեն տաքացնելն ու մատուցելն էր բարդ գործ համարում։
Երեկոյան սիրում էր սուրճը, ծխախոտն ու սեփական աշխատասենյակում անշտապ լռելը»։
Հովհաննես Գրիգորյանը դստեր՝ Սոնայի հետ