1885 թվականի փետրվարի 9-ին (հունվարի 28), Գանձա գյուղում ծնվել է Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը)։
«Վահանի ծնունդը զուգադիպեց բարիկենդանին, որի պատճառով վերջինս առանձին հանդիսավորություն ստացավ: «Մանչ» (տղա) ունենալը գյուղում առանձին հաջողություն է համարվում, և այդ Բարիկենդանին մեր տունը հարսանքատուն դարձավ: Հայրս որքան հավասարակշռված էր առօրյա կյանքում, այնքան անզուսպ ու ազատ էր դառնում ուրախության ու քեֆի ժամանակ: Նա ուրախանում էր անվերապահորեն, մանկանում էր և «խելառում»,— ինչպես բնորոշում էին գյուղացիք: «Տերտերանց» քեֆը ընդհանրական էր դառնում, ըստ որում, հորս առաջին քայլն էր լինում զուռնով, արաղով ու գինով գնալ այն գյուղացիների տունը, որոնց հետ կռված էր լինում կամ որոնք համարվում էին նրա հակառակորդները», -հիշում է Վ․ Տերյանի եղբայր Արամը։
Ըստ հուշագիրների բանաստեղծը վաղ տարիներին եղել հանգիստ երեխա՝ վայելել ծնողների և ամբողջ ընտանիքի սերն ու գուրգուրանքը։ Մի փոքր ավելի մեծ տարիքում մասնակցել գյուղական աշխատանքներին։ Բնությունը, միջավայրը, մարդիկ, գյուղական աշխատանքները մեծ հետք են թողել ապագա բանաստեղծի ներաշխարհում․
«Եվ ամենից հաճախ ես դառնում եմ տուն - դեպի մեր գյուղը և մեր գետը, մեր տան դիմացի բլուրը, ուր ընկերներիս հետ խաղում էինք այն ժամանակ: Հանվում էինք ու մտնում գետը-ձուկ էինք որսում, հետո ամբողջ մարմիններս ցեխով էինք պատում, իսկ գլուխներս զարդարում ջրախոտերով («յոս» կոչվող խոտերով, որ ջրում է բուսնում) և ապա սկսում էինք ձկները խաշել խարույկի վրա։ Վազվզում էինք դաշտում ու բլուրը բարձրանում: Խոտից պապիրոս էինք շինում և ծխում: Փայտե զենքերով «քռչերի» (ժայռերի) մեջ որսորդության էինք ելնում, իհարկե, մերկ և ցեխով ներկված, որպեսզի վայրենի հնդիկների նման լինեինք, հասկանո՞ւմ եք: Եվ հետո գնում էինք ուրիշ երկրներ, գետնի տակն էինք մտնում — կախարդական բանալին մեր ձեռքին էր (մեր հին ժամի բանալին էր, որ ես մորիցս ծածուկ վերցրել էի տնից—այժմ կասեինք՝ գողացել էի (բայց այն ժամանակ դա գողություն չէր): Շատ բաներ էին կատարվում այն ժամանակ, այնքա՜ն հրաշք կար ու չտեսնված ու դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլուրի մոտ: Դուք երևակայել չէք կարող», - գրում է Վ․ Տերյանը 1912 հունիսին Արմենուհի Տիգրանյանին Ստավրոպոլից։
Նախնական կրթությունը ստացել է տանը․
«Հայրս մեզ հավաքում էր իր շուրջը և պատմում էր հեքիաթներ ու պատմություններ սրբազան պատմությունից, ցույց էր տալիս դպրոցից բերած գունավոր պատկերները, որոնք մեզ հրաշալիքներ էին թվում: Այս պատմությունների միջոցին Վահանն առանձին ուշադրության առարկա էր լինում: Իր պատմությունները, հեքիաթները հայրս փոփոխում էր և մեզ ու մեր առօրյա կյանքին հարմարեցնում: Այդ հատկապես` կիրառվում էր Վահանի վերաբերմամբ, որին անկարելի էր ուղղակի նկատողություն անել—իսկույն սկսում էր հեկեկոցը և շատ դժվար էր լինում նրան հանգստացնելը: Ուստի հայրս հեքիաթների միջոցով էր հայտնում իր ասելիքները.
-Հիմար Օվանեսը մեր Վանոյին պես կհագներ–շալվարը ծակ, վրան ապուր թափած, եղունգները կրծած, անկնջվին (ականջները) կախեր ու քյոշան (անկյունում) նստեր կը... Կամ թե.
-Աղվեսը կայնավ ճամբուն վրա, գայլը եկավ արյունլվիկ, անկնջվին կախ, մազերը գղգզված, հերսեն աղվեսին երեսն ա չէր աշե: Աղվեսը մոտեցավ էնոր, ձեռքերը բարև բռնեց (կրծքին դրեց) գլոխ տվեց ու ըսավ՝ գայլ եղբայր, բարով մաշես թաժա հալավդ (շորդ), կարմիր վարտիքդ (Վահանը, ինչպես նկատեցի վերև, կարմիր գույնը շատ էր սիրում և կարմիր կտորի վարտիկ էր հագնում )...
Մենք օդը լցնում էինք ուրախ քրքիջով, իսկ Վահանը, տեսնելով, որ հայրս գայլի ու աղվեսի պատմությունն իր համար է անում, պաշտպանողական դիրք էր բռնում․
- Հա՜, ես Նաշոյին ըսի կարե՝ չկարեց...»։
Արամ Տեր-Գրիգորյան, Դեմքեր և դեպքեր
Տերյանը, տարիքի փոքրությամբ պայմանավորված հաճախել է, գյուղական դպրոց որպես ունկնդիր՝ սիրող։ Զուգահեռաբար օգնել է հորը եկեղեցական-ծիսական արարողությունների ժամանակ․
«Դպրոցական պարապմունքներից դուրս հայրս փորձ արեց Վահանին տիրացություն սովորեցնել, բայց վերջինս անհաջող տիրացու դարձավ: Երբ եկեղեցու սեղանի առաջ կանգնած հերթը գալիս էր իրան «Ապրեցոն» ասելու՝ նա անփոփոխ կերպով ծիծաղից փռթկում էր, հայրս բարկանում էր.
— Ծո անպիտան, մի՛ խնդա:
Այդ նկատողությունից Վահանի ծիծաղը ավելի սաստկանում էր և անզգալի կերպով փոխվում էր լացի ու հեկեկոցի: Վահանի համար տիրացության կարիերա ստեղծելու անհաջող փորձերի մեջ հայրս, հակառակ իր բնավորությանը, համառ չեղավ և նրան ազատ դարձրեց այս «պարտականությունից»:
1895 հայրը Վահանին տանում է Ախալքալաքի քաղաքային դպրոց, սակայն միջավայրի օտարությունը, բարքերը թույլ չեն տալիս, որ Վ․Տերյանն այնտեղ երկար ուսանի։ 1896-ին նա վերադառանում է Գանձա։ Ապագա բանաստեղծը ցանկանում էր եղբայրների նման Թիֆլիսում սովորել, ապա ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարան։ Սակայն ծնողները, հատկապես մայրը դեմ էին։ Ի վերջո, 1897 թ․ Վահան Տերյանը գնում է Թիֆլիս։ Այստեղ Տերյանը պետք է պատրաստվեր Լազարյան ճեմարանի քննություններին։ Նրա հետ պարապում էր եղբայրը՝ Արամը։ Այստեղ էլ մտնում է գիմնազիստների գրական միջավայր, պատրաստում լրագիր, գրում ոտանավորներ։ Տարվա վերջին Վահանը քննություն է հանձնում և էքստեռն վկայական ստանում։ Եվս մեկ տարի և վերջապես Լազարյան ճեմարանից ստացվում է նամակ, որով Վահանին Մոսկվա էին կանչում։
14 տող
Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։
Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ —
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ինձ համար չըկա ժամ ու ժամանակ,
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ...
1907
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան