Մայրս՝ Մարինա Իվանովնա Ցվետաևան, այնքան էլ բարձրահասակ չէր՝ 163 սմ հասակով, եգիպտացի տղայի կազմվածքով, լայն ուսերով, նեղ կոնքերով, բարակ իրանով: Նրա երիտասարդական կլորիկությունն արագ և ընդմիշտ փոխարինվեց ազնվական վտիտությամբ: Չոր ու նեղ էին նրա կոճերն ու դաստակները, թեթև և արագ՝ քայլվածքը, շարժումները՝ անկշիռ ու արագասահ, առանց կտրուկության: Նա զսպում ու էլ ավելի էր քնքշացնում դրանք հանրության առջև, երբ զգում էր, որ նայում են իրեն, կամ, ավելին՝ մանրազնին ուսումնասիրում են: Հետո նրա ժեստերը դարձան զգուշավոր, ժլատ, բայց ոչ երբեք կաշկանդված:
Նա ուներ խիստ, նրբագեղ կեցվածք, նույնիսկ գրասեղանի վրա կքվելիս՝ պահպանում էր «մեջքի պողպատե ձգությունը»:
Ձայնը աղջկական բարձր էր, զրնգուն, ճկուն:
Խոսքը՝ թանձր, ժեստերը` բանաձևային:
Նա գիտեր լսել, երբեք չէր ճնշում զրուցակցին, բայց վիճելիս վտանգավոր էր. զրույցների, բանավեճերի և քննարկումների ժամանակ, առանց դուրս գալու քաղաքավարության սահմաններից, նա կայծակնային հարվածով զինաթափ էր անում հակառակորդին:
Փայլուն պատմող էր:
Պոեզիան առանց ավելորդ թատերայնության էր կադում, մի տեսակ ասես մեծ լսարանի համար:
Կարդում էր զգացմունքայնությամբ, իմաստալից, առանց բանաստեղծական «ոռնոցների», երբեք չիջեցնելով (ու բաց չթողնելով) տողերի ավարտները, ամենաբարդն ակնթարթորեն պարզ էր դառնում նրա կատարման մեջ:
Կարդում էր սիրով, վստահ, առաջին խնդրանքով կամ նույնիսկ առանց խնդրանքի սպասելու՝ առաջարկելով. «Կուզե՞ք ձեզ համար կարդամ»:
Նա գործնական բարիություն և առատաձեռնություն ուներ, շտապում էր օգնել, սատարել, փրկել, ուս դառնալ, որի վրա կարող են հենվել: Կիսում էր վերջին ունեցածքով, ամենաէականով, ամենաթանկով, քանի որ ավելորդ ոչինչ չուներ:
Կարողանում էր տալ, կարողանում էր նաև վերցնել՝ առանց ավելորդ ձևականությունների: Հավատում էր «բարու փոխադարձ օրենքին», մարդկային զորեղ, անխորտակելի փոխօգնության ուժին:
Անօգնական չի եղել երբեք, բայց անպաշտպան էր միշտ:
Ներողամիտ անծանոթ մարդկանց հանդեպ, հարազատների, ընկերների, երեխաների հանդեպ՝ ինչպես իր սեփական անձի, անչափելի պահանջկոտ էր:
Չէր անտեսում նորաձևությունը, ինչպես կարծում էին նրա մակերեսային ժամանակակիցներից մի քանիսը, բայց չունենալով նյութական հնարավորություն ո՛չ հետևելու, ո՛չ էլ ստեղծելու սեփական նորաձևությունը, արհամարհանքով խուսափում էր խղճուկ ընդօրինակումներից, և Էմիգրացիայի տարիներին արժանապատվորեն հագնում ուրիշի հագուստները:
Իրերի մեջ նա ամենից առաջ գնահատում էր ժամանակով փորձարկված դիմացկությունը: Չէր ընդունում փխրունը, ճմռթվողը, պատռվողը, քանդվողը, խոցելին, մի խոսքով`«նրբագեղը»:
Քնել էր ուշ, կարդում էր քնելուց առաջ: Շուտ էր արթնանում:
Սպարտացինների պես համեստ էր սովորությունների մեջ, սննդի մեջ՝ չափավոր:
Ծխում էր: Ռուսաստանում՝ ծխախոտ, որը նա ինքն էր փաթաթում, արտասահմանում` ուժեղ, առնական ծխախոտ `պարզ, բալագույն մուշտուկով:
Հեշտությամբ դիմանում է շոգին, դժվար՝ ցրտին:
Նա անտարբեր էր քաղված ծաղիկների, ծաղկեփնջերի, այն ամենի նկատմամբ, ինչ ծաղկում էր ծաղկամաններում կամ պատուհանագոգերի խեցամաններում: Իսկ ահա այգիներում աճող ծաղիկներ սիրում էր, նախընտրում էր դրանք իրենց «մկանոտության» և ամրության համար` բաղեղ, ցախի, վայրի խաղող, թփեր:
Լավ կողմնորոշվելով քաղաքից դուրս, նրա սահմաններում կորցնում էր ճանապարհները, մոլորվում նույնիսկ ծանոթ վայրերում:
Վախենում էր բարձրությունից, բարձրահարկ շենքերից, բազմությունից (սեղմվելուց), մեքենաներից, շարժասանդուղքներից, վերելակներից: Հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (մենակ՝ առանց ուղեկցողների) օգտվում էր միայն տրամվայից և մետրոյից: Եթե մոտակայքում այդ երկուսը չկային, քայլում էր:
Նա հեռու էր մաթեմատիկայից, նրան խորթ էր ցանկացած տեսակի տեխնիկա:
Ես ատում էի կենցաղը՝ դրա անխուսափելիության, առօրյա հոգսերի անօգուտ ու անիմաստ կրկնողականության, այն բանի համար, որ կենցաղն ուտում էր հիմնական ու էական բաների համար նախատեսված ժամանակը: Համբերատար և օտարոտի՝ հաղթահարում էր հենց այդ կենցաղն իր ամբողջ կյանքում:
Ընկերության և թշնամանքի մեջ նա միշտ կողմնակալ էր և ոչ միշտ՝ հետևողական: «Կուռքեր մի՛ ստեղծիր» պատվիրանը խախտում էր անընդհատ:
Նա խոսքի մարդ էր, գործի մարդ էր, պարտքի մարդ էր:
Չնայած իր համեստությանը՝ գիտեր իր սեփական արժեքը:
Արիադնա Էֆրոն. «О Марине Цветаевой. Воспоминания дочери.»:
Լուսանկարում ՝ Մարինա Ցետաևա և Արիադնա Էֆրոն: Պրահա, 1924 թ.