Ակսել Բակունցը ձերբակալվում է 1936 թ. օգոստոսի 9-ին: Նրան մեղադրում են հակահեղափոխական, հակախորհրդային ու ազգայնամոլական գործունեության մեջ: Բանտում անցկացնում է գրեթե մեկ տարի, մինչ 1937 թ. հուլիս: Մեծ արձակագրի բանտային կյանքի մասին փոքրաթիվ հուշեր են պահպանվել: Art365-ը ներկայացնում է Գուրգեն Մանուկյանի հուշերից մի հատված՝ Բակունցի բանտային կյանքի վերջին օրերի, Եղիշե Չարենցի ու գրականության նկատմամբ վերաբերմունքի ու արձակագրի մարդկային նկարագրի վերաբերյալ.
«Բակունցը շատ կենսասեր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ-որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Նա երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել: Նա ափսոսում էր, որ անավարտ է մնացել «Աբովյան» և «Կարմրաքար» վեպերը բացի այդ, քանիցս անգամ ասում էր, որ նպատակ է ունեցել վիպերգության վերածել թոնդրակեցոց շարժումը, այդ մասին դրվագներ էր պատմում մեզ: Որևէ դեպք նա պատմում էր սրտով, հուզիչ, դեպքերի մեջ դնում էր իմաստնություն, կյանքի թրթիռ: Պատմելիս երբեմն ժպտում էր, երբեմն թախծում, ճակատը շոյում ու խաղում մազերի հետ:
Այդ օրերին նա ինձ հարցրեց, թե իրենց մասին մամուլում ի՞նչ է գրվում. ես պատմեցի...
Նա հետաքրքրվեց Չարենցով, ես ասացի, որ Չարենցի մասին թերթերում լռություն է: Նա խորն ախ քաշեց «Ես ցավում եմ Չարենցի դեռ չգրված պոեմների համար, իսկ նրա գրածները, թեկուզ փակված լինեն դիվային սնդուկներում,- մի օր վեր կբարձրա-նան պոեզիայի պառնասում»: Բակունցը սիրում էր Չարենցին անչափելիորեն, մի տեսակ երկնային սիրով: Կախարդված էր նրա պոետական թափով, հոգու անսահման ուժով, մաքառումների ձիրքով:
-Չարենցը,- շարունակում է Բակունցը,- իր պոեզիայով ուրագան էր հնի հանդեպ և կառուցման կորով էր նորի համար: Ես և ուսուցիչ Մամիկոնը շատ էինք հետաքրքրվում Բակունցի և Չարենցի մտերմությամբ, և միշտ հակված էինք, որ նա պատմի Չարենցի բնավորության և նրա բանաստեղծական արվեստի մասին: Չարենցի անունը լսելիս, նա լցվում էր խանդաղատանքով և սկսում էր երկար պատմություններ նրա մասին.
- Չարենցը պոռթկացող բնավորություն ուներ,- ասում էր Բակունցը,- գիտեր խոսել զավեշտներով, սուր և երբեմն էլ նուրբ հեգնանքը նրա խոսակցական ոճի բնորոշ առանձնահատկություններն էին: Նա ըմբոստ էր ու շիտակ: Մորմոքվում եմ նրա համար, որ աքիլեսյան սրի մի հարվածով նա ստացել է մահացու վերք։ Հաճախ գրականությունից և հունական առասպելներից օրինակներ էր բերում որևէ միտք իմաստալից արտահայելու համար: Նրա կարծիքով Չարենցը ոչ միայն պոետ է, այլ նաև գրականագետ ու մեծագույն գիտակ՝ համաշխարհային գրականության: Նա հաճախակի կրկնում էր, որ Չարենցը օժտված է եղել կռահելու ձիրքով:
«Ես սիրում եմ Չարենցի պոեզիան, որովհետև ներծծվում է ընթերցողի հոգու մեջ այնպես, ինչպես ջուրը՝ երաշտից խարկված հողում: Չարենցի արժեքը դրանով չի սահմանափակվում,- շարունակում էր նա,- նրա մեջ շատ է զարգացած ներքին ուժը, որով նա հաղթահարում է ստեղծագործության ճանապարհին եղած բոլոր դժվարությունները, որպեսզի կյանքին հավատարիմ մնալով նրանից բարձր կանգնի: Չարենցը ունի պոետական գերազանց ֆանտազիա: Նա անխոնջ հետախույզ է, պոեզիայի կախարդ մոգ, նա շրջել է դանթեների և հոմերների բանաստեղծական պարտեզներում ու ծծել նրանց բույրը։ Բակունցը հաճախ կրկնում էր Չարենցի հետևյալ երկտողը.
Լավ եմ գրել, թե վատ, սրտովդ իմացիր,
Չկա ուրիշ քննադատ, քո սրտից բացի:
Մի օր Բակունցը քնից զարթնեց ու պատմեց իր տեսած երազը:«Զարմանալի երազ տեսա, որ Չարենցը նստած մի կապույտ նժույգի վրա, սլանում էր Աբովյան փողոցն ի վեր, ժողովրդի հսկա ալիքը փութկոտությամբ ճանապարհ էր բացում նրա առջև, վախից կծկվում էր սիրտս,- ասում է Բակունցը,- թե հիմա ինչքան մարդ կարող է տրորել իր ձիու սմբակների տակ: Թեկուզ երազ, բայց կարոտս առա Չարենցից: Չարենցի պոեզիան նման է իր նստած կապույտ նժույգին,- դարձյալ խոսում է Բակունցը,- որ ինչքան թողնի նրա սանձ, թեկուզ երկինք, էլի կսլանար»։
Բակունցի պատմելով Չարենցը շատ էր սիրում ձիակառք նստելը, սմբակների դոփյունը, ձիերի համաչափ վարգը նրան հիացմունք էին պատճառում:
1937 թվի, կարծեմ, ապրիլ ամսի 3-ին էր, Բակունցին կանչեցին քննիչի մոտ: Վերադարձին շատ հուզված էր ու մռայլ։ Քննիչը նրան կարդացել էր իր կողմից կազմած մեղադրական եզրակացությունը և պահանջել էր ստորագրելու մեղադրական եզրակացության տակ, որ իրեն հայտնված է այդ մասին:Ամբաղջ գիշերը նա չքնեց, առավոտյան չէր կարողանում վեր կենալ անկողնուց, դժվար էր նայել նրա դեմքին: Նրա շրթուքները սպիտակել էին, դեմքը գունատվել, դեմքի մկանները շարժվում էին, աչքերն էլ՝ առկայծում: Լուռ նայում էինք նրան: Նա շուռ եկավ կողքի վրա ու չէր ցանկանում խոսել: Մի քանի րոպեից հետո հենվեց արմունկի վրա, հետո նստեց... Բոսորացավ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դեմքը, և սկսեց իրեն խոսել. «Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքն, իմ անձնական տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր...»:
Երկար լռությունից հետո վեր կացավ ու կանգնեց, ճակատը շոյեց արև չտեսած դալուկ ձեռքով ու արտաբերեց, կարծեմ, Պուշկինի հետևյալ երկտողը`
-Kто клеваты пpo нac тeceт?,
Кто нас заботливо лелеет...?
Աղբյուրը՝ Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1999: