Արևմտահայ բանաստեղծ, Եղեռնի զոհ Սիամանթոյի(1878–1915) անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի չեն, սակայն տարբեր աղբյուրներից հնարավոր է, որոշ տեղեկություններ ստանալ:
Սաթենիկ Ջաղեթյան
Ըստ ժամանակակիցների հուշերի ու տարբեր վկայությունների՝ բանաստեղծը մտերմիկ հարաբերություններ է ունեցել Շվեյցարիայում սովորող հայ ուսանողուհի Սաթենիկ Ջաղեթյանի հետ։ Նրանք ծանոթացել են 1904 թ․ ձմռանը Լեյզեն քաղաքում։ Նրանց հարաբերությունները եղել են ջերմ, սակայն Սիամանթոյի ինքնափոփ ու զուսպ էության, նաև ծանր ժամանակների պատճառով զարգացում չեն ունեցել։ Ըստ Սաթենիկ Ջաղեթյանի հուշերի՝ Սիամանթոն իր զգացմունքների մասին առաջին անգամ պատմել է նրանց ընդհանուր ընկերոջը, ասելով՝
«Ես երկու տարի է՝ տառապում եմ: Ես չեմ համարձակվել օրիորդին հայտնել իմ զգացմունքներս: Ես աշխատել եմ ապաքինվել, ույժ հավաքել սիրտս բացելու նրա առաջ: Նրա շնորհիվ է, որ ապրում եմ: Ես ոչ ոքի չեմ զիջել իմ սերս»:
Հետագայում հարաբերությունները շարունակվում են հիմնականում նամակագրությամբ, քանի որ Սաթենիկը վերադառնում է Կովկաս ու Հայաստան։ Սակայն դժվար ժամանակները ու հեռավորությունը բաժանում են սիրահարներին։ Նրանք կրկին հանդիպման հնարավորություն են ունենում Թիֆլիսում՝ 1913 թվականին, երբ Սաթենիկը ծանր հիվանդ էր և ամուսնացած։ Սակայն հանդիպումը չի կայանում, իսկ Սիամանթոն մտերմանում է Սաթենիկի քրոջ՝ Մաշայի հետ։ Նրան պատմում Սաթենիկի նկատմամբ իր զգացմունքների մասին, նաև խոստովանում, որ նոր հրապուրանք ունի․
«Սաթենիկի ժպիտը, իմ սիրած ժպիտը, միշտ ինձ հետ է, չնայած ես հիմա տարված եմ և սիրում եմ օր. Մաննիկին, պոլսահայ մի աղջկա. ահա և նրա թաշկինակը, որ կրում եմ հետս»։
Մաննիկ Պերպերյան
Երգչուհի, բանաստեղծուհի և ուսուցչուհի Մաննիկ Պերպերյանը հետագայում պատմում է Սիամանթոյի հետ իրենց հարաբերությունների մասին․
«․․․ Սիամանթոյի հետ ունեցած իմ սէրին մեջ քիչ մը աւելի գիտէի տրամաբանել թերևս անոր համար, որ ինքը աւելի շատ կը սիրէր ու կապուած էր ինծի եւ արդեն հասած էինք ամուսնութեան որոշումին»։
Սակայն նրանք չեն ամուսնանում։ Սիամանթոն ձերբակալվում է 1915 թ․ ապրիլի 24–ին և սպանվում՝ օգոստոսի 24–ին։ Մաննիկը մահանում է 1960 թվականին Փարիզում։
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց սիրո/կազմ. Հ. Համբարձումյան/, Երևան, Զանգակ, 2021