Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով:
Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց:
Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե՜ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի:
Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
***
Երբ Րաֆֆին դասավանդում էր «Արամեան» դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները եւ ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում եւ, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա՝ մեկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
Վիպասանը քաշում է ականջից եւ ասում.
– Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք: