Սերգեյ Փարաջանովի հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը հույս ուներ, որ որդին էլ իր պես հնավաճառ կդառնա։ Ինքը նախահեղափոխական Թիֆլիսի մեծահարուստներից էր և, բացի հնաոճ իրերի խանութից, ուներ մի քանի այլ հաստատություններ, այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» կոչվող հասարակաց տունը։ Այդ եկամտաբեր բիզնեսի աճին նպաստում էր նաև Փարաջանովի մայրը՝ Սիրանը, որն անձամբ էր աղջիկներին ընտրում հասարակաց տան համար։
Փարաջանովը փոքր տարիքում
Հեղափոխությունից հետո Իոսիֆ Փարաջանովը, սակայն, կորցնում է գրեթե ամբողջ հարստությունը՝ մասնակիորեն շարունակելով միայն հնաոճ իրերի վաճառքը։
Արժեքավոր իրերի առք ու վաճառքը նրա համար կարևոր էր ամեն ինչից առավել։ Սակայն նոր իշխանությունները հանգիստ չէին տալիս նախկին մեծահարուստին։ Ընդհանուր առմամբ նա ունեցել է հինգ դատվածություն։
Արդեն հասուն տարիքում Փարաջանովը հիշում էր, որ երբ մի անգամ ոստիկանները խուզարկության էին եկել իրենց տուն, ծնողները ստիպել էին իրեն և քույրերին թանկարժեք քարեր կուլ տալ։ Ոստիկանների հեռանալուց հետո երեխաները մի քանի օր դպրոց չէին գնացել, իսկ մայրն ու հայրն անհամբեր սպասում էին թանկարժեք քարերի «դուրս գալուն»։
Փարաջանովն ու մայրը
Սերգեյ Փարաջանովին հոր բիզնեսը երբեք չի գրավել, այդ պատճառով էլ Փարաջանով ավագը մինչև կյանքի վերջ չէր կարողանում ներել նրան ընտանեկան բիզնեսը շարունակելուց և հնաոճ իրերով զբաղվելուց հրաժարվելու համար։
Երիտասարդ Փարաջանովը
Անձնական դժբախտություն․ արգելված սեր ու մահ
ՎԳԻԿ-ում սովորելիս Սերգեյը սիրահարվում է մի թաթար աղջկա, որը ծագումով Մոլդովայից էր, անունը՝ Նիգյար։ Նրանց ծանոթությունը պատահական է եղել՝ խանութում։ Սերգեյը օծանելիքի բաժնում հանկարծ տեսել է աղջկան, միանգամից հավանել ու ժամադրության հրավիրել։
Նրանց սիրավեպը տևել է մի քանի ամիս և ավարտվել ամուսնությամբ, ամուսնությունն էլ՝ դժբախտությամբ։
Նիգարը թաթարուհի էր և մահմեդական, ուստի, երբ նրա եղբայրները ժամանել են Մոսկվա և իմացել, որ նա ամուսնացել է առանց հարազատների իմացության, Փարաջանովից խոշոր գումար են պահանջել։
Ուսանող Փարաջանովը նման գումար չուներ, բայց խոստացել է գտնել՝ հուսալով հոր օգնությանը։ Նույն օրը նամակ է ուղարկել Իոսիֆ Փարաջանովին, խնդրել իրեն տալ անհրաժեշտ գումարը՝ խոստանալով վերադարձնել հետո։ Սակայն Իոսիֆը չափազանց վիրավորված էր որդուց, ուստի մերժում է նրա խնդրանքը:
Նիգյարի եղբայրները աղջկանից պահանջում են թողնել ամուսնուն և իրենց հետ տուն վերադառնալ։ Բայց աղջիկը հրաժարվում է։ Քրոջ ամոթը չհանդուրժող ու ավանդապահ թաթարները որոշում են սպանել նրան՝ նետելով գնացքի տակ․ ավելի լավ է մեռած, քան խայտառակված քույր։
Նիգյարը
1955թ֊ին Սերգեյ Փարաջանովը նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմը՝ ի հիշատակ կնոջ։