Սոցիալական մեդիայի մարքեթինգը (SMM) լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց է սոցիալական հարթակների միջոցով: Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որի նպատակն է նպաստել կազմակերպությունների առաջխաղացմանը և լուծել այլ բիզնես առաջադրանքներ։
Սոցիալական մեդիա մարքեթինգը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հիմքում ընկած է սոցիալական մեդիա հարթակների գործիքների և տեխնիկաների արդյունավետ կիրառումը:
Այս անգամ «10 քայլ» շարքի հյուրն է Սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ Շողիկ Վարդանյանը։
«Համարվում է, որ սոցցանցային մարքեթինգով կարող է զբաղվել յուրաքանչյուրը, ով մեկ-երկու լավ դասընթաց կանցնի, և ընդհանուր առմամբ իրոք այդպես է, սակայն միայն եթե խոսելու լինենք միջին որակի ծառայության մասին։ Ըստ իս՝ տարբերվող, միջինից զգալի բարձր որակի SMM-ի համար որոշ տաղանդներ և բազային հմտություններ, ինչու չէ, նաև անձնական որակներ են պետք։ Փորձեմ առանձնացնել 10-ը։
1. Ընդհանուր զարգացածություն
SMM-մասնագետը կարող է միաժամանակ զբաղվել տրամագծորեն տարբեր ոլորտների առաջմղմամբ, և գրեթե ամեն ինչի մասին բազային գիտելիք պետք է ունենա՝ բժշկությունից մինչև ճարտարապետություն։ Այլապես կամ շատ սխալներ թույլ կտա բովանդակություն ստեղծելիս, կամ էլ աշխատանքը տանջանքի կվերածվի։
2. Ստեղծագործ միտք
Ընդ որում նկատի ունեմ ավելի շատ ոչ թե պատվիրատուների սիրելի, բայց անհասկանալի «կրեածիվը», այլ ամեն օր գաղափարներ գեներացնելու, դրված խնդիրներին հետաքրքիր լուծում տալու ունակությունը։
3. Ճաշակ
Գիտեմ, որ ճաշակը խիստ սուբյեկտիվ հասկացություն է, սակայն SMM-մասնագետն աշխատում է լուսանկարչի, տեսանյութեր պատրաստողի, դիզայների հետ, հիմնականում հենց նա է այն մարդը, ով տալիս է տեխնիկական առաջադրանքները, ով գիտի, թե ինչ վիզուալ նյութեր են պետք՝ այս կամ այն թիրախին հասնելու համար։ Այնպես որ այսպես կոչված насмотренность-ը, լավագույն համաշխարհային փորձին ծանոթ լինելը, ծեծված թեմաները շրջանցելը բնորոշ են լավ SMM-մասնագետին։
4. Անդադար սովորելու հանդեպ սեր
Սոցցանցերի ոլորտում ամեն ինչ այնքան արագ է փոխվում՝ գործիքներ, միտումներ, ալգորիթմ, որ երեկվա ինֆորմացիան այսօր կարող է անհույս հնացած լինել։ Եթե մասնագետը պրպտող և անընդհատ սովորող չէ, ինչ-որ պահի անպայման կլճանա։
5. Մաթեմատիկայի բազային գիտելիք
Խոսքը ամենատարրականի մասին է՝ պարզ բանաձևերով հաշվարկներ անել, տոկոս հաշվել։ Հակառակ տարածված կարծիքի՝ SMM-ի արդյունքները հաշվելի են։ ))
6. Բացարձակ գրագիտություն
Ոչ ոք SMM-մասնագետի գրած տեքստերը չի խմբագրում և չի սրբագրում։ Երբեմն վրիպակներ բոլորս էլ կարող ենք թույլ տալ, բայց ուղղագրական սխալները կամ վատ շարահյուսությունը կարող են վատ անդրադառնալ ընկերության իմիջի վրա։
7. Թեթև և դյուրամարս տեքստեր գրելու ունակություն
Պարադոքսալ է, բայց ովքեր դպրոցում «ճոխ» լեզվով շարադրություններ էին գրում ու արժանանում ուսուցչի գովասանքին, SMM-ում գուցե դժվարանան։ Սոցցանցերը չեն սիրում բարդ տեքստեր, որոնք կարդալիս համարյա ֆիզիկապես զգում ես, որ գրողը տանջվել է։ Ընդհանրապես, ինչպես նորաձևության մեջ, այնպես էլ SMM-ում թրենդային է այսպես կոչված effortless արդյունքը։ Մարդկանց աչքն այժմ շոյում է թեթևությունն ամեն ինչում:
8. Պլանավորելու ունակություն
Ցանկացած SMM-մասնագետ գիտի, որ արշավները սկսվում են ինֆոառիթից բավականին շուտ, օրինակ՝ Ամանորի հրապարակումները պատրաստվում են դեռևս նոյեմբերից, վաճառք ունենալու համար լսարանին ժամանակ է պետք «հասունանալու» համար։ Այնպես որ եթե մասնագետը ցրված է ու ամեն ինչ թողնում է վերջին պահին, ամբողջ ջանքը կարող է ուղղակի ապարդյուն լինել։
9. Բանակցելու կարողություն
Պատվիրատու-SMM մասնագետ հարաբերությունները առանձին պատմություն են։ Պատվիրատուների 10-ից 8-ը համարում է, որ «ինքը ավելի լավ կաներ, ուղղակի ժամանակ չունի» և անպայման ունի բարեկամ, ով նայել էր էջերը ու գոհ չի քո աշխատանքից։ Մի խոսքով՝ միկրոմենեջմենթը խիստ տարածված երևույթ է, ու մասնագետը պետք է այնքան ճկուն լինի, որպեսզի ապահովի և գայլերի կուշտ լինելը, և գառների անվտանգությունը: ))
10. Multitasking
Հայաստանում դեռևս շուկան այնքան զարգացած չէ, որ ցանկացած ոչ պրոֆիլային գործ պատվիրակվի համապատասխան մասնագետի, այնպես որ ստիպված ենք լինում և նկարահանման ռեկվիզիտի համար շրջել խանութներով, և ֆոտոսեսսիայի ժամանակ բռնել արտացոլիչը, և արագ գովազդային բաններ սարքել, երբ դիզայները հիվանդ է։ Դե ինչ արած: ))