Այս հոդվածով ներկայացնում ենք «Անտարես» հրատարակչության նոր տպագրությունները:
Ռադյարդ Քիփլինգ, «ՄԱՈՒԳԼԻ․ Ջունգլիի գիրքը»
Անգլիացի նշանավոր գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Ռադյարդ Քիփլինգը կյանքի մեծ մասն ապրել է Հնդկաստանում, և նրա ստեղծագործությունները հիմնականում ոգեշնչված են հենց այս երկրի տպավորություններով: «Ջունգլիի գիրքը» ժողովածուից մեր գրքում մեկտեղված պատմությունները Մաուգլի փոքրիկ հնդկացի տղայի և ջունգլիում նրա արտասովոր կյանքի ու արկածների մասին են:
Նկարազարդումները՝ Սոնա Անտոնյանի
Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի
Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպ
Հեղինակի կենդանության օրոք վեպը հրատարակվել է մեկ անգամ՝ 1935թ. Երևանում, այնուհետև՝ 1950 թ. լույս է տեսել Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները:
Օրհան Փամուք, «Ստամբուլ. հուշերի քաղաք»
Օրհան Փամուքի այս յուրահատուկ հուշագրությունը գրողի, նրա մանկության և սիրելի քաղաքի՝ Ստամբուլի պատմությունների միահյուսումն է։ Այս գրքում հեղինակը հավաքել է երեք հարյուրից ավելի նկարներ, արխիվային նյութեր տարբեր լուսանկարիչներից, իրենց ընտանեկան ալբոմից, գծագրեր ու փորագրանկարներ տարբեր ժամանակաշրջաններից։ Այդ նկարների շնորհիվ գիրքը նմանվել է արխիվի, որը ներառում է թե՛ գրավոր, թե՛ վիզուալ վկայություններ։ Ինքնակենսագրական դետալների շնորհիվ ընթերցողը ավելի մոտիկից է ծանոթանում Օրհան Փամուք գրողի կյանքին, ավելի լավ հասկանում նրա ոճը։ Բացի դրանից՝ Փամուքը ներառում է այնպիսի անձնական, գրական, գրողական մանրամասներ, որ ընթերցողը այս գրքի շնորհիվ կարող է ավելի հեշտությամբ վերծանել նրա մեծ գրական ստեղծագործությունները («Սև գիրքը», «Լուռ տունը», «Անմեղության թանգարանը» և այլն)։ Ինչ-որ տեղ բարդ, խորքային պատմական ակնարկները և անձնական կյանքի, իր մանկության մասին մանրամասները փոխլրացնում են միմյանց և ընթերցողին մատուցում լուսանկարների, տեքստի և հուշի յուրահատուկ սինթեզ։
Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան
Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր» (Վիպերգ)
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:
_
Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ և վերջաբանով
Պաուլու Կոելյու, «Վերոնիկան որոշում է մեռնել» (վերահրատարակություն՝ նոր շապիկով)
«Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը Պաուլու Կոելյուի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն պատմություն է մարդու մասին, որը որոշելով մեռնել՝ այնումենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է:
Պորտուգալերենից թարգմանությունը՝ Աննա Մարությանի
Վլադիմիր Օդոևսկի, «Կենդանի մեռյալը» պատմվածքների, վիպակների ժողովածու
Վլադիմիր Օդոևսկին տասնիներորդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն բերեցին փիլիսոփայական միտքը: Օդոևսկու գրականությանը բնորոշ է նաև անխնա երգիծանքը, որով նա մերկացնում է իր ժամանակի չինովնիկության իրական՝ արատավոր դեմքը: Այս ժողովածուում հավաքված են հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունները:
Թարգմանությունը ռուսերենից՝ Գուրգեն Խանջյանի
Սերգեյ Դովլաթով, «Օտարերկրուհին»
«Օտարերկրուհին» Սերգեյ Դովլաթովի (1941-1990) ամերիկյան շրջանի ստեղծագործություններից է։ Նյու Յորքի «ռուսական կղզյակի» պատկերի ֆոնին, գրողը պատմում է «երրորդ էմիգրացիայի» շարքային ներկայացուցչի՝ Մարուսյա Տատարովիչի կյանքի մասին, պատմում է առանց Խորհրդային Միությունն առանձնապես փնովելու կամ Միացյալ Նահանգներն առանձնապես գովերգելու, պատմում է՝ ընթերցողին ստիպելով մերթ ժպտալ (երբեմն ծիծաղել) ու մերթ տխրել։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան
Սերգեյ Դովլաթով, «Արգելոց»
«Արգելոցը» գերում է իր հումորով ու լրջությամբ, նրանով, որ Սերգեյ Դովլաթովը (1941-1990), անսքող նկարագրելով դաժան իրականությունը, ընտանիքում խնդիրներ ունեցող, չտպագրվող գրողի հոգեկան տվայտանքն ու չդադարող ներքին պայքարը՝ կարողանում է դա անելիս նաև ժպտալ։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան
Սերգեյ Դովլաթով, «Մերոնք»
«Մերոնք» պատմվածաշարը Սերգեյ Դովլաթովի (1941-1990) թերևս «ամենահայկական» ստեղծագործությունն է։ Ի թիվս այլ ազգականների, նա պատմում է իր հայ պապի (որին երբեք չի տեսել), հայ մոր, հայ մորաքրոջ, հայ քեռու մասին, պատմում է ժպիտով, սիրով ու... կարոտով։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան
Սերգեյ Դովլաթով, «Արհեստ»
Սերգեյ Դովլաթովի (1941-1990) «Արհեստ» գիրքը նրա ամենածավալուն ստեղծագործությունն է։ Նաև ամենաքիչ «գեղարվեստականը »։ Առաջին մասը վավերագիր պատկերն է այն իրականության, որում ապրում էին «անհարմար» ստեղծագործողները անցած դարի 70-ականներին Խորհրդային Միությունում։ Երկրորդը մասը վերաբերում է գրողի կյանքի ամերիկյան շրջանին, որտեղ Դովլաթովն ու իր համախոհները տպագրում էին «Նոր ամերիկացի» թերթը։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան
Սերգեյ Դովլաթով, «Կոմպրոմիս»
«Կոմպրոմիս» վիպակը վերաբերում է Սերգեյ Դովլաթովի (1941-1990) կյանքի տալլինյան շրջանին։ Վիպակը կազմված է առանձին դրվագներից, որոնք ամբողջանում են՝ տալով համեմատաբար լիբերալ Էստոնիայում գրողի ապրած գրեթե երեք տարիների պատկերը։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան
Սերգեյ Դովլաթով, «Նոթատետրեր»
Սերգեյ Դովլաթովի (1941-1990) «Նոթատետրերը» գրվել են տասնամյակների ընթացքում՝ նախ գրամեքենայով («Ունդերվուդի» մենանվագ»), հետո արդեն համակարգչով («IBM-ի մենանվագ»)։ Արձակ մանրապատումների, գրողի տեսած կամ լսած ճշմարիտ կամ հորինովի պատմությունների ժողովածու է։ Մանրապատումներից շատերը տեղ են գտել նաև գրողի մյուս ստեղծագործություններում։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան
Սերգեյ Դովլաթով, «Մասնաճյուղ»
«Մասնաճյուղը» Սերգեյ Դովլաթովի (1941-1990)՝ ամուսնությամբ պսակված առաջին սիրո պատմությունն է։ Առաջին սիրո՝ իր վերելքներով ու անկումներով, երկնային երջանկության ու դժոխային տառապանքի պահերով։ Ու չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ապահարզանին՝ մարմրող, բայց երբեք չմեռնող։
Թարգմանիչ՝ Լեոնիդ Զիլֆուղարյան