Էրիխ Մարիա Ռեմարկը գերմանացի գրող է, առավել հայտնի իր առաջին համաշխարհային պատերազմի թեմաներով ստեղծագործություններով։ Նրա աշխատանքները ցուցադում են պատերազմի դաժանությունն ու մարդկային տառապանքներն այդ սոսկալի իրադարձությունների ֆոնին։
Ռեմարկի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները հնարավորություն են տվել հայ ընթերցողներին ծանոթանալ նրա լավագույն վեպերին։
Առանձնացրել ենք գրողի 5 վեպ, որոնք կարող եք կարդալ հայերեն։
Վերադարձ
«Վերադարձը» Էրիխ Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է։ Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք «Propyläen» հրատարակչությունում։ Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատությունների տեղիք է տալիս, իսկ 1933թ․ նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ միասին։ Էռնսթ Բիրքհոլցն ու իր զինընկերները պատրաստվում են Արևմտյան ճակատից բռնել տունդարձի ճանապարհը։ Նրանց հոգեթրթիռ սպասումներն ու կարոտները հանդիպում են հայրենիքյան անլույս, անջերմ իրականությանը, նրանք չեն վերագտնում այն խանդավառությունը, որով տարիներ առաջ իրենց ռազմաճակատ էին ճանապարհում։ Հասարակությունը, այդ թվում՝ զինվորների ծնողները, չեն հաշտվում այն հանգամանքի հետ, որ պատերազմը լիովին փոխել ու տրավմայի է ենթարկել տղաներին։ Երբեմնի զինվորները շարունակում են հասարակությունից մեկուսացած և չկողմնորոշված զգալ իրենց։ Վեպն ավարտվում է, սակայն, լավատեսությամբ՝ վերակառուցման և բարին վերագտնելու հաստատուն կամքով։
Արևմտյան ճակատում նորություն չկա
«Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:
Հաղթական կամար
«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:
Երեք ընկեր
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:
Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը
«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը գերմանացի հռչակավոր գրող Է. Մ. Ռեմարկի հանրահայտ հակառազմական գործերից է: Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը, պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի: Էռնստ Գրեբերի՝ գերմանացի զինվորի խոհերը պատերազմի անհեթեթության մասին հոգեբանական լուրջ մարտահրավեր են ժամանակի աբսուրդին, պատմության կրկնությանը: