Հայ ժողովուրդը իր հին մշակույթի այլ ձեռքբերումների շարքում ստեղծել է նաև բժշկական հարուստ մշակույթ: Այն որ հին Հայաստանում ավանդական ու գիտական բժշկությունը բավական զարգացած է եղել վկայում են անտիկ հեղինակներ՝ Հերոդոտոսը, Ստրաբոնը, Քսենոֆոնը, Տակիտոսը, ապա նաև հայ միջնադարյան պատմիչները՝ Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Ղազար Փարպեցին, Սեբեոսը:
Ընդ որում, ըստ ուսումնասիրողների ու հնագիտական տվյալների պատմական Հայաստանի տարածքում բժշկական մշակույթը սկսել է ձևավորվել դեռ Ք.ա. 15-13-րդ դարերում: Այդ շրջանի բժշկական մշակույթի մասին վկայություններ են պահպանվել սեպագիր արձանագրություններում, ասորաբաբելական ու հին հունական աղբյուրներում, բացի այս ուրարտական հնավայրերի պեղումների ժամանակ գտնվել են բժշկական գործիքներ, վիրաբուժական միջամտություններով ոսկրեր և այլն: Իհարկե, հայ բշժկությունը հետագայում մեծ զարգացում է ապրել և տվել այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին: Art365-ը ներկայացնում հայ բժշկության պատմության 7 ուշագրավ փաստ:
1
Հայաստանում և հին աշխարհում մեծ ճանաչում են ունեցել մեր երկրի հանքային ծագման մի շարք բուժամիջոցներ. հայկական կավը (Bolus armena), կապույտ քարը (Petra armena), հայկական բորակը (Ammonium armena): Դրանք արտահանվել են այլ երկրներ, որտեղ օգտագործվել են բուժական նպատակներով և այդ մասին վկայում են անտիկ, բյուզանդական ու արաբական հայտնի բժիշկները ՝ Հիպոկրատեսը, Գալենոսը, Դիոսկորիդեսը, Պլինիուս Ավագը, Ալեքսանդր Թրալացին, Հայեցիուս Ամիդացին, Իբն Սինան և այլք։
2
Հայաստանում զարգացած է եղել ավանդական-դեղաբուսային բժշկությունը: Նույնիսկ հնուց ի վեր մի շարք դեղաբույսեր իրենց գերբնական բուժիչ հատկությունների շնորհիվ դարձել են պաշտամունքի առարկա։ Մասնավորապես, սրբազան նշանակություն է վերագրվել լոշտակին, համասփյուռին, անթառամին։ Հավանական է նույնիսկ, որ այդ և բուժիչ այլ դեղաբույսերի առկայության պատճառով է սրբազան համարվել Մովսես Խորենացու ներկայացրած Սոսյաց անտառը։
3
Ըստ 9-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունու Ք.ա. 1-ին դարում Արտաշես Բ թագավորի կարգադրությամբ Արտամետ քաղաքի շուրջ տնկում են այգիներ, որտեղ բույսեր են աճեցնում, որոնք էլ օգտագործվում են բուժական նպատակներով. «Արտաշես կառուցեց շենքեր, ամրոցի շուրջ կար ծառաշատ բազմապիսի ծաղիկների անուշաբույրով լցված ծաղկավետ բուրաստան, որը ոչ միայն ախորժելի է աչքին և հոտոտելիքին, այլև դեղեր ստեղծելու համար՝ համաձայն Էսկուլապի բժշկական հնարիմաց վարդապետության»։
4
Դեռ 260 թվականին Սուրեն Սալահունի իշխանի կնոջ՝ իշխանուհի Աղվիթայի հոգածությամբ Արբենուտ կոչվող հանքային բուժիչ ջրերի տեղանքում հիմնվում է 35 տեղանոց հիվանդանոց: Այնտեղ բուժվում էին բորոտությամբ և ուրուկով տառապող հիվանդները:
5
Հայ գիտական բժշկական առաջին գիրքը՝ «Գագիկի դեղագիտարան» կոչվող մատյանն էր: Այս բժշկարանը իր մեծ ազդեցությունն է ունեցել հետագա շրջանի հայ բժշկագիտական մտքի վրա։ Բժշկարանը գրվել է Անիում 10-րդ դարում ՝ Գագիկ Հաղթող թագավորի օրոք։ Ըստ մասնագետների այս Գագիկ թագավորը նույն Գագիկ Ա Բագրատունին է (990-1020 թթ.)։ Հետագայում՝ 1294 թ., բժշկարանը Կիլիկիայում Հեթում թագավորազն պատմիչի պատվերով խմբագրվում և լրացվում է ևս երկու բաժնով. ավելացվում է Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն»-ը բժշկարանի համառոտ խմբագրությունը և Կիլիկիայում գրված անհայտ հեղինակի մի արժեքավոր բժշկարան: Ապա մատյանը ստանում է «Գագիկ-Հեթումյան բժշկարան» անունը:
6
1184 թ. Մխիթար Հերացին ժողովրդախոսակցական լեզվով գրում է իր «Ջերմանց մխիթարութիւն» նշանավոր բժշկարանը: Հերացին նորարար է բժշկության տեսության, մասնավորապես, ախտածագման ուսումնասիրության բնագավառում։ Հայ բժշկապետը տենդային վարակական հիվանդությունների ախտածագման մեջ առաջ է քաշում այնպիսի ելակետային դրույթներ, որոնք խթան հանդիսացան իր ժամանակի բժշկության մեջ բոլորովին մի նոր՝ «բորբոսային», «կենդանի հարուցչի» տեսության ստեղծման համար: Ըստ էության սա աշխարհում բակտերոլոգիայի դարաշրջանի սկիզբը նշանավորեց:
7
Կիլիկիայում՝ Սիս քաղաքում, Զապել թագուհու հոգածությամբ 1241 թ. կառուցվում է մի հիվանդանոց, որն ուներ հիվանդների բուժման և սպասարկման լավ պայմաններ։ Սա փաստվում է հիվանդանոցի վերաբերյալ արձանագրությամբ, որը 1833 թ. հայտնաբերվել է Սսի պեղումների ժամանակ. «Զապել թագուհին շինեաց ի Սիս հիւանդանոց մի, և ի մէջն Բրգայ (աւազան) եւ հայի յարեւմտեան դուռն՝ ի Սսու բերդն, զոր այժմ Մարստան կոչի... Եւ այս օրինակ գիր գտաւ ի վերայ դրանն, թէ կատարեցաւ յարմարումն հիւանդանոցին հրամանաւ մեծաւ փառաւք Քրիստոսասէր թագուհոյն Զապելի, ի թուականութեանն Հայոց ՈՂ (1241) ամին»:
Աղբյուրը՝ Դ. Կարապետյան, Միջնադարյան հայ բժշկություն, Պատմության և մշակույթի հարցեր, Երևան, 2020: