Տեկորի տաճարի բացառիկ ճարտարապետությունը
Տեկորի տաճարը հայ միջնադարյան ճարտարապետության ամենանշանավոր նմուշներից է։ Ի թիվս այս տաճարի նախագծի բազմաթիվ յուրահատկությունները, 5-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին համարվում է քրիստոնեական ճարտարապետության քառամույթ գմբեթավոր եկեղեցիների տիպի հնագույն թվագրված օրինակը։ Բացի այս, ըստ Թորոս Թորոմանյանի, տաճարը մի քանի անգամ վերափոխվել է՝ սկսած նախաքրիստոնեական, կիկլոպյան շրջանից, մինչ 10-11-րդ դար և յուրաքանչյուր դարաշրջան իր հետքն է թողել Տեկորի ճարտարապետական հորինվածքի վրա։
Օլիմպիական ոսկե մեդալ մարզադաշտի համար
Նոր ժամանակներում, երբ ծավալվեց օլիմպիական շարժումն ու սկսվեցին խաղեր անցկացվել, շարժման հիմնադիր Պիեր դե Կուբերտենը խաղերի դիսցիպլինների մեջ ընդգրկեց նաև արվեստը։ Այն պայմանով սակայն, որ ներկայացվող արվեստի ստեղծագործությունները պետք է կապված լինեին սպորտի հետ։ Այսպես, ճարտարապետության գծով ոսկե մեդալ է ստացել Յան Վիլսը 1928 թ․ Ամստերդամի օլիմպիական մարզադաշտի նախագծման համար։
Ամենից երկար ու ամենից երկարատև կառուցված պարիսպը
Չինական մեծ պարիսպը ոչ միայն ամենից երկար, նաև պատմության ամենից երկարատև կառուցման ընթացք ունեցած շինությունն է։ Այս բացառիկ պաշտպանական կառույցը սկսել են կառուցել Ք․Ա․ 3-րդ դարում Չինաստանի առաջին կայսեր օրոք և ավարտել 1878 թ․ ։ Այսինքն՝ Չինական մեծ պարսպի շինարարությունը տևել է շուրջ 2300 տարի:
Ջուլիետի հորինված պատշգամբը
Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ ողբերգությունը նույնիսկ չընթերցած մարդիկ գիտեն Վերոնա քաղաքում գտնվող Ջուլիետի տան և հատկապես պատշգամբի մասին, որտեղից էլ ըստ հայտնի ֆիլմերի հերոսուհին խոսել է սիրեցյալի հետ։ Իրականում պատշգամբը ոչ մի անգամ չի հիշատակվում ողբերգության մեջ, քանի-որ Ջուլիետը խոսել է պատուհանից և դժվար թե Շեքսպիրը ծանոթ լիներ ճարտարապետական այդ դետալին, քանի որ նրա ժամանակներում Անգլիայում նմանատիպ պատշգամբներ ճարտարապետությանը ծանոթ չէին։
Ինչո՞ւ է Պենտագոնի շենքը հնգանկյուն
ԱՄՆ-ի պաշպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, նախագծված է հնգանկյան ձևով։ Այս տարօրինակ նախագիծը բազմաթիվ, նաև դավադրապաշտական մեկնաբանությունների տեղիք է տվել, սակայն իրականում խորհրդապաշտական ոչինչ չկա։ Ի սկզբանե որոշված էր շենքը կառուցել Վաշինգտոնի արվարձանում՝ Արլինգտոնում՝ գետի ափին։ Այդ վայրը հնգանկյան ձև ուներ, սակայն հետագայում շենքի կառուցման այլ վայր են ընտրում, բայց քանի-որ նախագիծն արդեն կար, այն չեն փոխում։
Աշխարհի ամենակամրջաշատ քաղաքը
Շատերը մտածում են, որ աշխարհի ամենաշատ կամուրջները գտնվում են Վենետիկում, եթե ոչ, ապա՝ Ամստերդամում կամ Լոնդոնում ու Պետերբուրգում։ Իրականում աշխարհի ամենակամրջաշատ քաղաքը գերմանական Համբուրգն է, որտեղ ավելի քան 2300 կամուրջ կա։
Օպերային թատրոնի շենքն ու քանդված մատուռը
Որպես Ժողտուն նախատեսված, այսօր արդեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի նախագծումը, նախագծի ընտրությունն ու կառուցումը հեշտ ընթացք չեն ունեցել։ Ի թիվս այլ բազում հարցերի, նախագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը պետք է հոգար տարածքում գտնվող 1679 թվականի Գեթսեմանիի մատուռի հետագա ճակատագրի համար։ 1929 թ․Մատուռը քանդվում է, քարերը համարակալվում են՝ այլ վայր անվնաս տեղափոխման համար։ Հետագայում՝ 1932 թ․ Թամանյանն այլևս չի ղեկավարում աշխատանքները և նոր ղեկավարի կարգադրությամբ մատուռի քարերն օգտագործվում են Բայրոնի փողոցում Աշխատավորների տունը կառուցելու համար։