Ֆրանսիացի գրող, փիլիսոփա և էսսեիստ Ալբեր Կամյուն (1913–1960)՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողներից է։ Նրա հայտնի ստեղծագործությունները՝ «Օտարը» (L’Étranger, 1942), «Ժանտախտը» (La Peste, 1947) վեպերը, «Սիզիփոսի առասպելը» (Le Mythe de Sisyphe, 1942) և «Ընդվզող մարդը»(L’Homme révolté, 1951) էսսեները մեծ հետք են թողել փիլիսոփայության ու գրականության պատմության մեջ։ Կամյուն Էքզիստենցիալիզմի փիլիսոփայության ամենակարկառուն ներկայացուցիչներից է և իր գործերում՝ աբսուրդի փիլիսոփայության համատեքստում անդրադառնում է կեցության ու գոյության իմաստի, նպատակի ու նշանակության, մարդու ազատության ու բարոյականության, սահմանային իրավիճակներում նրա վարքի ու հոգեբանության հարցերին։ Ֆրանսիացի մտածողի երկերում մեծ տեղ են գրավում նաև մարդու միայնության, բարոյականության, ընդվզման, մարդ և հասարակություն հարաբերությունների ու պատասխանատվության խնդիրների արծարծումները։ Ալբեր Կամյուն 1957 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Ներկայացնում ենք Ալբեր Կամյուի տարբեր գործերից քաղված ասույթներ, մտքեր գոյության նշանակության ու իմաստավորման, ազատության, սիրո և այլ կարևոր գաղափարների մասին։
- Փիլիսոփայական միակ և իրապես կարևոր հարցը՝ ինքնասպանությունն է։ Որոշելն՝ արժե՞ արդյոք կյանքը, որպեսզի այն ապրես, թե ոչ, փիլիսոփայության հիմնական հարցի պատասխանն է։
- Երջանկությունը մեծագույն ապստամբությունն է:
- Ազատությունն այն չէ, որ չունենաս տերեր, այլ այն, որ չլինես ստրուկ։
- Ես ապստամբում եմ, նշանակում է մենք գոյություն ունենք։
- Ժամանակը միշտ առաջ է ընթանում, էական է հասկանալ, որ որ դու կարող ես համընթաց լինել ժամանակին։
- Ձմռան կեսին ես վերջապես իմացա, որ իմ ներսում անպարտելի ամառ կա։
- Երջանիկ լինելու համար պարտադիր չէ ունենալ ամեն ինչ։ Պարզապես պետք է կարողանալ բավարարվել քչով:
- Անհույս աշխարհում մենք, այնուամենայնիվ, կարող ենք իմաստներ ստեղծել:
- Ապագայի հանդեպ իսկական շռայլությունը՝ ներկային ամբողջությամբ նվիրվելու մեջ է:
- Մարդը միակ արարածն է, որ հրաժարվում է լինել ինքն իր նման:
- Ցավը միակ միջոցն է, որով բնությունը ստիպում է մարդուն հասունանալ։
- Մի սպասեք Վերջին դատաստանին։ Այն գալիս է ամեն օր։
- Մի քայլիր իմ հետևից, գուցե ես չառաջնորդեմ։ Մի քայլիր իմ առջևից, գուցե ես չհետևեմ։ Կողքիս քայլիր և եղիր իմ ընկերը։
- Դու երբեք երջանիկ չես լինի, եթե փնտրես, թե ինչ է երջանկությունը։ Դու երբեք չես ապրի, եթե փնտրես կյանքի իմաստը։